Մշակույթ - Ապրիլյան քառօրյայի մեր քաջ տղաները աջակցում են Մատաղիսում Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը

Այսօր, փետրվարի 23-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ  ղեկավար Մանուել Մանուկյանը, նույն ՀԿ ղեկավար անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Հայկ Թորոսյանը և «ՎԻՎԱՐԴ» ՀԿ հիմնադիր Վարդուհի Գասպարյանը:

 

Փետրվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:00 տեղի կունենա համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի «ՎԻՎԱՐԴ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Դիրքապահ» ՀԿ աջակցությամբ իրականացվող «Հյուսիսարևելյան դարպասներ» ծրագրին, որի շրջանակներում Մատաղիսում կվերակառուցվի Սուրբ Եղիշե եկեղեցին, կտեղադրվի հուշաքար, կբացվի թանգարան նվիրված Արցախյան և Ապրիլյան պատերազմի մասնակիցներին: Տոմսերը արժեն՝ 2000-6000 դրամ: Համերգային ծրագրում կհնչեն ժողովրդական երգ ու պար, հանդես կգան երիտասարդ կատարողներ, պարային համույթներ, աշուղ Նազելին, Էդգար Խաչատրյանը, Սամսոն Պանյանը և այլն:

 

Ահա այսօր համերգին ընդառաջ ասուլիսի ժամանակ «Դիրքապահ» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանն ասաց, որ, իրենք, տեղեկանալով այս ծրագրի մասին, ցանկացան աջակցել, հրավիրելով լրատվամիջոցների ուշադրությունը, բարերարների ուշադրությունը, քանի որ շատ կարևոր էր ոչ միայն եկեղեցու վերանորոգումը, այլև նման թանգարանի ստեղծումը, մի վայրի, որը կանմահացնի մեր, հերոսաբար հայրենիքի համար զոհված ընկերների, Արցախյան պատերազմի մասնակից քաջերի անմար հիշատակը: Մանուելի խոսքով, և երևի բոլորս էլ գիտենք, որ այսօր չկա մի դիրք, որտեղ զինվորները իրենց ձեռքերով պատրաստած չլինեն համապատասխան փոքրիկ մատուռներ, քանի որ բացի ամուր կամքից, անվախ հոգուց զինվորին պետք է Աստծո հովանավորությունը և օրհնությունը, և պահպանութունը: «Զինվորը պետք է ունենա այդ ամենից մի փոքր կտրվելու վայր, իսկ այդ վերանորոգվող եկեղեցին ունենալու է փոքրիկ պուրակ ևս, որտեղ կարելի կլինի նստել, մի փոքր շունչ քաշել, ուժ հավաքել և նորովի, թարմ ուժերով շարունակել երկրի, սահմանի պաշտպանությունը»,- ասաց նա:

 

Ըստ Մանուելի՝ իրենց նպատակն է մարդկանց ուշադրությունը գրավել, որպեսզի հնարավորինս շատ մարդ հետաքրքրվի այս ծրագրով և աջակցել, ով ինչով կարող է:

 

«ՎԻՎԱՐԴ» մշակութային ՀԿ հիմնադիր Վարդուհի Գասպարյանի խոսքով, իրենց կազմակերպությունը արդեն 7 տարի է ինչ գործում է, ու միշտ փորձել է նման ծրագրերով մոտ կանգնել ժողովրդին, ապահովել մշակութային կյանք, վերջին չորս տարում էլ միշտ եղել է բանակի կողքին և բանակի աջակցությամբ իրականացրել մի շարք ծրագրեր, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցումն իրականացնելը և հարակից տարածքում պուրակի բացումն ու թանգարանի բացումը այն անհրաժեշտ քայլերն են, որոնք նման վտանգավոր տարածքում ամեն օր իրենց կյանքը վտանգող զինվորի, և ինչու միայն զինվորի, բնակչության համար էլ մեծ նշանակություն ունեն: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել Արցախի թեմի Առաջնորդ Պարգև Սրբազանի համաձայնությունը և օրհնությունը, ընդհուպ միջամտությունը՝ աշխատանքների իրականացման հարցում, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ղեկավար կազմի թույլտվությունը, որպեսզի եկեղեցու հարակից տարածքի կիսավեր տները վերածվեն համապատասխան հանգստի գոտու զինվորների համար: 

 

Վարդուհու խոսքով՝ ամբողջ ծրագիրը նախնական տվյալներով կարժենա 30-40 հազար դոլարի չափ, և հասկանալի է, որ այդ գումարը մեկ համերգով չի հավաքվի, ուստի կազմակերպիչները հրավիրում են Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների ուշադրությունը ևս:

 

Նույն ՀԿ ղեկավար անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Հայկ Թորոսյանը կարծում է, որ հոգևոր արժեքները զինվորների համար շատ կարևոր են, ինքը ծառայելով կարող է ասել, որ այդ արժեքների գնահատումը ավելի է մեծանում, երբ դու դեմ առ դեմ ես, կարելի է ասել, թշնամուն: «Բարեբախտաբար մեր գնդում եղել է եկեղեցի, ու դրա ներկայությունը մեր կյանքում, մեր ծառայության ժամանակ շատ մեծ էր, կարծես Աստված քեզ հետ լիներ»,- ասաց նա:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ