Քաղաքական - Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին

Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, ում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ, պատրաստվում է նկարահանել կինոնկար ստեղծել Արցախի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ հույս ունի ֆիլմը հանդիսատեսին ներկայացնել մինչ 2019 թվականի ավարտը:

 

«Այն խաղարկային ֆիլմ է սիրո, պատերազմի և ազատության մասին: Այս պահին նախագծի համար փնտրում եմ ֆինանսավորում և՛ Հայաստանում, և՛ Ֆրանսիայում: Նախորդ տարի ես պատիվ ունեի ներկայացնելու Արցախի ժողովրդի մասին պատմող «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմ: Ես շատ տպավորված էի նրանց ուժով, կենսուրախությամբ: Չնայած անկայուն իրավիճակին և անցյալի վերքերին՝ նրանք հպարտ են մնում: Ես շատ տպավորված էի այնտեղ ապրող բոլոր սերունդների ներկայացուցիչների կյանքի դինամիզմով և ժամանակակից մտածելակերպով: Հենց այս բոլոր պատճառներով ես որոշեցի նկարահանել այս ֆիլմը, որը կրում է «Արցախ» աշխատանքային խորագիրը»,-ասաց ֆրանսահայ ռեժիսորը:

 

Ֆիլմում ներկայացված են լինելու մի քանի հերոսների պատմություններ, որոնց միջոցով, ըստ ռեժիսորի, ինքը կկարողանա անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են համերաշխությունը, մարդասիրությունը, հայրենասիրությունը, բարեկամությունը, մշակութային ժառանգությունը, վիշտը:

 

«Այն համընդհանուր ֆիլմ կլինի եզակի երկրի մասին: Ես ցանկանում եմ վերամիավորել հայտնի հայ դերասաններին, ներգրավել ոչ պրոֆեսիոնալ մարդկանց Արցախից: Ես ուզում եմ ցուցադրել «Արցախ»-ը միջազգային փառատոններում, կինոթատրոններում և հեռուստաընկերություններում: Որպես ֆրանսահայ ռեժիսոր՝ իմ պարտականությունն է ներկայացնել Արցախը միջազգային հանրությանը»,-եզրափակեց նա:

 

Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Նրա ստեղծագործական աշխարհում մեծ տեղ են գրավում ինքնության, բնապատկերի և հուշերի մասին թեմաները: Կինոռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Այն պատմում է Անատոլիայում կատարած մի շրջագայության մասին: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է այն բոլոր անհայտ բարեպաշտների գործերը, ովքեր 1915-ին կյանքեր են փրկել:

 

Առնո Խայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ», «Անջրդի ուղիներ» ֆիլմերը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ