Մշակույթ - Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օր, փետրվարի 21-ը Մայրենի լեզվի պահպանման միջազգային օր, տոներ՝ որոնք օդի ու ջրի պես պետք են հայ հասարակությանը

«Հայը պետք է պահպանի ոչ միայն արևելա, այլև արևմտահայերենը, դա ևս իր մայրենին է». Լավրենտի Միրզոյան

 

Այսօր, փետրվարի 19-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: «Մայրենի լեզվի օրվան ընդառաջ», ինչպես նաև Թումանյանի տարեդարձին և Գիրք նվիրելու օրվան նվիրված ասուլիսի շրջանակներում խոսելով հայոց լեզվի խնդիրների մասին, լեզվի պետական տեսչության նախկին պետը ասաց, որ այս օրերն ու տոները ոչ միայն հիշել է պետք, այլև նշել համապատասխան միջոցառումներով, և ամեն կերպ նպաստել մեր մայրենիի, մեր մշակույթի պահպանման հայրենասիրական գործին:

 

Անդրադառնալով մեր լեզվի պահպանության խնդիրներին, բանախոսն ասաց, որ 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տարի 4 փոքր ժողովրդի լեզու վերանում է, մարդկանց ուշադրությունը բևեռելու համար որոշեց փետրվարի 21-ը նշել որպես մայրենիի օր: «ՀՀ-ում այս տոնը սկսել է նշվել շատ ավելի ուշացումով: Երբ ես 2004 թվականին նշանակվեցի Լեզվի տեսչության պետ, համագործակցելով ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ, այս տոնը պետականորեն նշել մեր հանրապետությունում, որը առաջին անգամ նշվեց 2005 թվականին»,- ասաց նա:

 

Ըստ բանախոսի՝ 2006 թվականին Մայրենի լեզվի օրը մտավ մեր պետական տոնացույցի մեջ և մինչև այսօր այն նշվում է պետականորեն:

 

Ըստ բանախոսի՝ արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է որպես վերացող լեզու: Այսօր հայերեն լեզվի պահպանությունը դրված է միայն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիների վրա, այն էլ՝ միայն արևելահայերենինը: Այնինչ, ըստ բանախոսի, մենք աշխարհում հաշվում ենք 10 մլն-ից ավելի հայ բնակչություն, սակայն Արևմուտքում 40 տարեկանից ցածր հայերը հայերեն չգիտեն ու չեն խոսում, թեև պահպանում են «յան» վերջավորությամբ ազգանունը: Ովքեր էլ տարեց սերնդի ներկայացուցիչ են, այո, խոսում են, սակայն չեն պարտադրում դա իրենց զավակներին:   

 

Ըստ բանախոսի՝ այսօր Հայաստանում լեզվի մասին օրենքի կոպիտ խախտումներ ամեն քայլափոխի են, «հյուրանոց» բառի փոխարեն «hotel», «բաց է»-ի փոխարեն – «open», հեռուստաընկերությունների եթերից հնչում է աղավաղված հայերեն, հրատարակիչները հրատարակում են գրքեր, ամսագրեր կոպիտ ուղղագրական սխալներով և այլն: Հեռուստատեսությունը, ըստ բանախոսի, առհասարակ դադարել է կատարել իր կրթողական գործառույթը: Արդյո՞ք մեր սերունդը պետք է կրթի այդ մարտաֆիլմեր հիշեցնող անվերջանալի գանգստերական հայկական սերիալների հոսքը, կամ այն այսպես ասած հումորային ծրագրեր, սիթ-քոմերը, որոնցում մաքուր հայերեն առհասարակ չես լսի, այլ փողոցային, ժարգոնային ինչ-որ անհասկանալի լեզու:

 

«Մենք մայրենիի օր ենք նշում, կայցելենք Մեսրոպ Մաշտոցի գերեզման, ծաղիկներ կխոնարհենք, բայց այսպե՞ս ենք պահպանում այն»,- հարցնում է ու բորբոքվում բանախոսը:

 

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը ևս մտահոգված է այս խնդրով, կարծելով, որ հայոց լեզվի առջև կան որոշակի խնդիրներ գիտական ոլորտում ևս: Օրինակ, 19-րդ դարում, երբ փորձում էին Հեգել թարգմանել հայերեն, չէր ստացվում, որովհետև հայոց լեզուն, գրական հայերենը չուներ այն հնարավորությունները, լեզվական կաղապարները, որպեսզի նման փիլիսոփայական գործ թարգմանվեր: Սակայն, բարեբախտաբար, հատկապես ԽՄ վերջին տարիներին, արդեն կար համապատասխան լեզվամտածողություն և նման թարգմանությունները հնարավոր դարձան: Բայց այսօր գիտության բոլոր բնագավառներում հայերեն գրականությունը դեռևս շատ քիչ է: Եթե թարգմանություն չկա, ակամայից դիմում ես օտար լեզվի, սա ևս պետք է լուծվի՝ համապատասխան քաղաքականություն վարելով: Ըստ բանախոսի՝ ամեն աշխատություն ստեղծելիս նախ պետք է ստեղծենք հայերենը, ապա նոր՝ այլ լեզուներով: 

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ