Պաշտոնական - Նալբանդյանը Չիլիի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի նորանշանակ դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանային (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 

Շնորհավորելով դեսպան Մատուրանային նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. Չիլի կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։

 

Արտգործնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մատուրանան իր գործունեությամբ կնպաստի նախագահի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Ռոդրիգո Նիետո Մատուրանան վստահեցրեց, որ Չիլին հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ հավաստիացնելով, որ ինքն իր բոլոր ջանքերը կներդնի այդ ուղղությամբ:

 

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց դեսպան Մատուրանային՝ 2007թ. Չիլիի Սենատի և 2015թ.՝ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի համար:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջխորհրդարանական ձևաչափով շփումների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

 

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ