Քաղաքական - Փետրվարի 19-ը ոչ միայն Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է, այլև Գիրք նվիրելու հայկական ավանդույթ դարձած տոն. Գիրք նվիրելու տոնական մեծ միջոցառում կանցկացվի Ստեփանակերտում

Այսօր, փետրվարի 15-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Հ. Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը և «Անտարես» հրատարակչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վարդուհի Բալյանը: Խոսելով այն մասին, թե փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան տոնին ու Գիրք նվիրելու օրվան ընդառաջ ինչպես է Հ. Թումանյանի թանգարանը պատրաստվում նշել մեծն հայ գրողի ծննդյան օրը, բացի այդ 2019-ին նշել Թումանյանի 150-ամյակը, ինչ նորություններ և միջոցառումներ են նախատեսված, Անի Եղիազարյանն ասաց, որ ոչ միայն Թումանյանի թանգարանը, ամբողջ հայությունը պետք է պատրաստվի Հովհ. Թումանյանի 150 ամյակի մեծ տոնին, սա լավագույն առիթն է ցույց տալու, թե ինչքանով ենք մենք արժանի Թումանյանին: Թանգարանը, ըստ բանախոսի, ունի տարբեր ծրագրեր, որոնք մեկնարկել են նախորդ տարվանից, դեռ չերևացող գործեր են, բայց իրենց բուռն արձագանքը կգտնեն 2019-ին:

 

Այս տարի, փետրվարի 19-ին կլինի սովորական օրվանից մի փոքր տարբերվող՝ տոնական օր, բայց ավելի թեթև, քան նախորդ տարիներին, ինչը զուտ պայմանավորված է զբաղվածությամբ դեպի 150 ամյակը: Ըստ բանախոսի՝ այցելուները այս տարի ևս կզվարճանան, կհյուրասիրվեն, ինչպես միշտ կա թումանյանական օրը, հյուրասիրությունը արդեն քանի տարի է, դարձել է ավանդական, փոքրիկների համար ևս նախատեսված են մի շարք անակնկալներ, ցուցահանդեսներ: Ինչ վերաբերում է մուտքի տոմսի արժեքին, արդյոք զեղչեր կդիտվեն, բանախոսն ասաց, որ առանց այդ էլ մուտքը շատ մատչելի է՝ 300 դրամ, բացի այդ ինչպես և Եվրոպայում, Հայաստանի Մշակույթի նախարարության մշակութային պահպանության օբյեկտների, թանգարանների բաց դռների նախագծի համաձայն ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, ինչպես և մի շարք այլ թանգարաններ, Թումանյանի թանգարան այցելությունը ևս անվճար է:

 

Tesaket.info լրատվականի հարցին, իսկ մեծն գրողի 150 ամյա հոբելյանի կապակցությամբ կլինի՞ արդյոք համագործակցություն Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի հետ, կամ տուրեր դեպի Թբիլիսի, էքսկուրսավարներով և այլն, բանախոսն ասաց, որ իրենք ուղարկել են առաջարկներ և ինքը Անին այս փետրվարի 19-ին կլինի Թբիլիսիում, որտեղ կքննարկվեն բանաստեղծի 150 ամյակին նվիրված միջոցառումները ու համագործակցության ասպեկտները: Ինչ վերաբերում է շրջագայություններին, ապա իրենք բաց են տուրիստական կազմակերպությունների համար, որպեսզի այդ մեծ իրադարձության կապակցությամբ կազմակերպվեն հատուկ տուրեր Հովհաննես Թումանյանի անցած երթուղով: «Թումանյանի երթուղին չի սահմանափակվել միայն Հայաստանով, նա եղել է Սանկ-Պետերբուրգում, Պոլսում, Թբիլիսիում, Մոսկվայում, իսկ Հայաստանում էլ նպատակ կա համագործակցել համայնքների ղեկավարների հետ՝ հուշատախտակների տեղադրման հարցով, որոնք կպատմեն այս կամ այն համայնքում տվյալ տարեթվին բանաստեղծի կատարած գործունեության մասին: Մեծ տեղ կտրվի նաև ճանապարհորդությանը Դսեղ»,- ասաց Անին:

 

Ըստ թանգարանի փոխտնօրենի՝ իրենք պատրաստ են տրամադրել նաև էքսկուրսավարներ:

 

Ըստ բանախոսի՝ այս տարի մի շատ լավ լուր կա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական օրացույցում ընդգրկվեց Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 150 ամյակը ևս ընդգրկվեց այդ օրացույցում, բացի այդ 2019-ին լրանում է ոչ միայն Թումանյանի, այլև մեծն Կոմիտասի ծննդյան 150 ամյակը, ևս երկու մեծերի՝ Երվանդ Օտյանի և Լևոն Շանթի 150 ամյա հոբելյանները: Այսինքն՝ փառահեղ տարի՝ 150 ամյակների քառյակ:

 

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանն էլ, խոսելով Գիրք նվիրելու օրվա՝ այս տարվա առանձնահատկությունների մասին, ասաց որ իրենք այս տարի աշխարհագրական առումով տեղափոխվել են Արցախ, և գիրք նվիրելու օր անում են Արցախում: Մասնավորապես՝ Ստեփանակերտում սույն թվականի սույն ամսի 19-ին Արցախի Մշակույթի նախարարության հետ համատեղ տեղադրելու են գրքի բանկ, որից կա նաև Երևանում, և նպատակն է արցախցիներին վարակել, ներգրավվել այս գեղեցիկ տոնին: Բանախոսի խոսքով, այս տոնը տարեցտարի մեծացնում է իր մասշտաբները:

 

Լրագրողի հարցին, կա արդյոք հետազոտություն, Արցախում ովքեր են ավելի շատ կարդում, բանախոսը պատասխանեց, որ նման հետազոտություններ դժվար թե իրականացված լինեն, սակայն եթե ավելի պատկերավոր խոսենք այն մասին, ինչ իրավիճակ է Արցախում գրքի հետ կապված, բանախոսը շեշտեց, որ Արցախում գրախանութ չկա, Ստեփանակերտում՝ առավել ևս: Մի փոքրիկ տաղավարանման բան կա, որտեղ կարելի է պատկերացնել, թե գրքերի վիճակն ինչպիսին է: Սա լավագույն ցուցիչն է, որ նման հետաքրքրություն չկա: «Դուք հիմա կասեք, եթե գրախանութ չկա, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ չեն կարդում, ես կհակադարձեմ, որ եթե երիտասարդներն էնտեղ մոլի ընթերցողներ լինեին, իրենք կնախաձեռնեին գրախանութի ստեղծման ուղիներ»,- ասաց Նիգոյանը:

 

«Անտարես» հրատարակչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վարդուհի Բալյանն էլ ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս  «Անտարես» հրատարակչությունը միջոցառում է նախաձեռնել, որի շրջանակներում Facebook սոց.ցանցում օգտատերերը կիսվելով էջում առկա գրքերի կազմերով և հավաքելով որոշակի քանակության like-եր, նվեր են ստանում գրքի տոնին հենց այդ գիրքը: Գրքերը բաժանված են երկու կատերգորիայի՝ առաջինը՝ օտարագիր գրողների թարգմանություններ, մյուսը՝ մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Ըստ բանախոսի՝ գրքերի հավանությունների առումով առավել ակտիվ է ժամանակակից գրողների ստեղծագործությունների տարածումն ու հավանումը:

 

Բանախոսի խոսքով, ինքը միանում է «Անտարես»-ի գլխավոր խմբագրի խոսքին, որ տարեցտարի «Անտարես»-ը ավելի քիչ բան է անում գրքի տոնը նշելու համար, այն առումով՝ որ շուկայում առկա մյուս գործողները ևս ակտիվացել են: «Անցյալ տարի եղավ գրքի փառատոն, այս տարի Բուկինիստի կազմակերպած միջոցառումը, Նոյան Տապանում էլ լինելու է միջոցառում, ուստի ոլորտը ակտիվացել է և գրքի տոնը վերածվել է մեծ, գուցե և ազգային տոնի»,- ասաց Վարդուհին:

 

Կրկյաշարյան Անուշ

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ