Քաղաքական - Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններով Ալիևը փորձում է մրցավազքի մեջ մտնել Հայաստանի հե՞տ

Այսօր, փետրվարի 10-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:

 

Խոսելով Արցախյան հիմնախնդրի շուրջ բանախոսն ասաց, որ բոլորը սպասում էին, թե 2018 թվականը լինելու է ավելի շատ ներքին կյանքի զարգացումների, խնդիրների լուծման տարի, քան արցախյան հակամարտության լուծման պարագայում առաջընթացի, հունվարին տեղի ունեցած հանդիպումը Լուբլյանայում, ըստ բանախոսի, և ինքը դա էլի է ասել, առհասարակ հույս չէր ներշնչում, որ որևէ բան տեղից կշարժվի, ավելին, վստահ է, որ Ալիևը շարունակելու է ամեն հնարավոր և անհնար մեխանիզմներով հետաձգել այն պարտավորությունների կատարումը, որոնք խոսք էր տվել կատարել:

 

Խոսելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից, Թ. Պողոսյանը վստահ է, որ պատճառը Ադրբեջանի ներքին կյանքի խնդիրներն են: Այսպես թե այնպես ամեն ընտրություններից առաջ միջազգային տարբեր կառույցներ և երկրներ իրենց շահերից ելնելով փորձում են ակտիվություն կամ ներազդեցություն ձևավորել, բոլորիս է հայտնի ադրբեջանական ավտորիտար կամ սուլթանական ռեժիմը, ուստի լինեին ընտրությունները հոկտեմբերին, թե ոչ, նույն պատկերն էինք ստանալու: Ըստ բանախոսի, ուղղակի գուցե այսպես փորձում է զուգահեռներ տանել, թե, տեսեք, Հայաստանում էլ են ընտրություններ, մեզ մոտ էլ, հաշվի առննելով, որ ՀՀ վարչապետը ընտրվելու է ապրիլի 17-ին, ինչու Ալիևը դրանից շուտ չընտրվի: Վարչապետը կմնա մինչև 2022 թվականը, Ալիևն էլ պատրաստվում է նախագահել 7 տարի:

 

Ինչ վերաբերում է վերջին օրերին Ալիևի զառանցանքներին, թե Երևանը Ադրբեջանինն է, բանախոսն ասաց, որ այնպես չէր, որ նա դա առաջին անգամ էր ասում, ուղղակի թե ինչու նման աղմուկ բարձրացավ հայկական լրատվամիջոցներում, այն էլ այն դեպքում, երբ պաշտոնապես դրան պատասխան կամ արձագանք չտրվեց: Ըստ բանախոսի, քանի դեռ Հայաստանը չի ներկայացնում այն ուժը, որից վախենալով Ալիևը նման բարբաջանքներ չտարածի, քանի դեռ, օրինակ, ի պատասխան դրան մեր դիվերսանտները չեն ոչնչացնում մեկ ադրբեջանական գյուղ, նա շարունակելու է դուրս տալ իրեն խելքին բրդածը, թե Երևանը մերն է, Սևանում թեյ ենք խմելու և այլն: Ըստ բանախոսի՝ որ լեզուն է հասկանում Ադրբեջանը: Միայն ուժի լեզուն, ուստի կունենա կորուստ, կհասկանա ու կդադարի նման հայտարարություններ անել:

 

Tesaket.info-ի հարցին, իսկ գուցե չարժե այդ ամենին ուշադրություն դարձնել, բանախոսն ասաց, որ ընդհակառակը, այս ամենը մնում է ադրբեջանական պատմության գրքերում, ու եթե մեր ծնողների սերունդը դեռ չի հավատում ու ուշադրություն դարձնում այդ ամենին, բայց մատաղ սերունդը արդեն ներարկվում է այդ գաղափարով, որ Երևանը Ադրբեջանինն է: Նման հայտարարությունը պետք է դիտարկել որպես ռազմական գործողությունների կոչ, ու եթե միջազգային հանրությունը թքած ունի այդ հայտարարությունների վրա, ուստի գործողություններ անողը պետք է լինի հայկական կողմը:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ