Մշակույթ - Միքայել Լորիս-Մելիքով. Քաղաքական գործիչ, որի մասին պետք է իմանա ժամանակակից սերունդը

Այսօր Հայաստանի Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հանդիսությունների սրահում մեծ շուքով նշվեց գործարար Գագիկ Աղաջանյանի և «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի համատեղ տպագրության «Միքայել Լորիս-Մելիքով. Անպարտելի Զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գրքի շնորհանդեսը և զորավար Լորիս-Մելիքովի մասին պատմող կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

 

Միջոցառման մեկնարկը տվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը «Հայաստան կատարումով», այնուհետև խոսքը տրվեց պատմաբան Ավագ Հարությունյանին, ով հատկանշական համարեց Կոմս Լորիս-Մելիքովի հետևյալ խոսքերը մեջբերել, որոնք ասվել էին դեռ 140 տարի առաջ. «Ես ապրում եմ Ռուսական կայսրությունում, դուք ապրում եք Օսմանյան կայսրությունում, բայց մենք՝ ռուսահայերս և դուք, թուրքահայերը, ունենք մեկ հայրենիք, Հայաստանը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր մշակույթն այստեղ են սկիզբ առել, կոչ եմ անում բոլորիդ չմոռանալ Հայաստանը, ամեն ինչ տալ նրան, նրա համար ապրել ու մեռնել»:

 

Կոմս Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը (նաև՝ Միքայել Լոռու Մելիքյան, (ռուսերեն՝ граф Михаил Тариелович Лорис-Меликов) (հոկտեմբերի 19, 1825, Թիֆլիս - դեկտեմբերի 12, 1888, Ֆրանսիա, Նիս) եղել է  Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ (30.08.1865 թվական), հեծելազորի գեներալ (30.08.1875 թ), Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ (1879 թվականից), Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880 թվական), Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր (1880-1881 թվականներինին), Ռուսաստանի ներքին գործերի նախարար (1881 թվական), Ռուսաստանի Գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1880թվական)։ Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (01.11.1880թվական)։ Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում, Թիֆլիս քաղաքում։

 

 Սերգո Երիցյանն էլ իր խոսքում, անդրադառնալով գրքի ստեղծման գաղափարին, ասաց, որ 2013 թվականին ինքը փորձեց շարունակել մեր ազգի և ժողովրդի երևելիների մասին շարքը, այդ շրջանակներում աշխատելով Լորիս-Մելիքովի մասին տեսաֆիլմի վրա, պարզ դարձավ, որ այդ կարկառուն հայի մասին հայերենով շատ քիչ գրականություն ունենք, առավել ևս այն, ինչը պատկանում է նրա գրչին: Լորիս-Մելիքովը, բավական հետաքրքիր քաղաքական գործիչ լինելով, երբեմն-երբեմն որոշակի գրառումներ արել է, առաջին զորահրամանատարն է եղել Ռուսական կայսրությունում, ով մամուլի ասուլիս է տվել ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմի ճակատներից մեկում՝ Կարսին բավական մոտ գտնվող հատվածում: Այդ մասին գրել են և՛ ռուսական թերթերը, և՛ ֆրանսիական, և՛ անգլիական: «Ուստի նման կարկառուն մարդը շատ ասելիք ուներ իր ժողովրդին և դա պետք էր մատուցել իր հայրենակիցներին հայերենով»,- ասաց Ս. Երիցյաանը:

 

Գործարար, մասնագիտությամբ պատմաբան, ծագումով Թիֆլիսեցի Գագիկ Աղաջանյանի խոսքով էլ իր առաջին առնչությունը այդ մեծանուն հայի հետ եղել է դեռ այն տարիքում, երբ գիտակցություն չի ունեցել, իր ծնողները տարել էին իրեն Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մկրտության, հետագայում ծաղիկներ խոնարհելու շատ առիթներ են եղել, և բնական է, որ ծանոթանալով նրա անձին և գործունեությանը, և տեսնելով, որ այսօրվա Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը մոտենում է այն գաղափարներին, որոնք կրողն է եղել ինքը Լորիս-Մելիքովը, ինքը Աղաջանյանը չէր կարող չնպաստել գրքի լույս աշխարհ գալուն: 

 

Խոսք խնդրեց նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Պցեուրին, ով ասաց, որ պատմությունը մեզ ձևավորել է որպես մի ազգ, ըստ նրա՝ վրացագիտություն գոյություն չունի առանց հայագիտության, ինքը լինելով նաև պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, հատկանշական է համարում, որ այս հայտնի մարտիկները ապրում էին, գործում էին և մահանում էին ամբողջ Կովկասի համար:

 

Հատկանշական է, որ դեռ Լորիս-Մելիքովի կենդանության օրոք նրա անունով է անվանակոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը, որտեղ, հավանաբար և եղել է նրանց բնակարանը: Իսկ Ցարական ժամանակաշրջանում մարդու կենդանության օրոք փողոցի անվանափոխությունը մեծ վաստակի ու ցարի կողմից մեծ հարգանքի ու պատվի մասին էր խոսում, ու եզակի դեպք էր դա:

 

Այսօր Միքայել Լորիս-Մելիքովի անունը կրող փողոց կա Հայաստանում՝ Էրեբունի վարչական շրջանում, որը նախկինում կրել է Նիկոլայ Նիկրասովի անունը:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ