Տարածաշրջան - Արտահերթ ընտրութուններ Ադրբեջանում. Ի՞նչ է փորձում կոծկել Ալիևը

Այսօր, փետրվարի 8-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Խոսելով Ադրբեջանում արտահերթ ընտրությունների շուրջ, ադրբեջանագետն ասաց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 11-ին, մինչ այդ նախատեսված հոկտեմբերի 17-ի փոխարեն:

 

Փետրվարի մեկին հայտարարվեց, որ իշխող կուսակցությունից կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևը,  բանախոսի խոսքով, նա վերընտրվում է 4-րդ անգամ, 7 տարի ժամկետով: Ըստ բանախոսի, սկզբնապես շատ հարցեր առաջ բերեց այս որոշումը, քանի որ դեռ 2016 թվականին, երբ Իլհամ Ալիևը հարցազրույց էր տալիս ռուս լրագրող Կիսիլյովին, այն հարցին, թե հնարավոր են արդյոք ընտրությունների ժամկետների փոփոխություններ, պատասխանել էր, որ ոչ, դրա համար որևէ պատճառ չի տեսնում:

 

Բանախոսի խոսքով՝ ներքին իրադարձությունների տեսնակյունից դիտարկելով նման որոշման պատճառը, որոշակիորեն երկրի ընդդիմադիր ուժերը խոսում են տնտեսական իրավիճակի մասին, նավթի գները հարաբերականորեն կայունանում են, ինչը անդրադառնում է ադրբեջանական տնտեսության վրա, սակայն բանկային ոլորտում խնդիրներ կան, վերջերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկի պետությանը պատկանող բաժնետոմսերը հանվում են վաճառքի և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկն է բանակցում դրանց ձեռքբերման համար: Ուստի հնարավոր է խուսափելու համար դրա վրա ուշադրություն գրավելուց Ալիևը գնար նման քայլի:

 

Բանախոսի խոսքով՝ մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ վերջերս հրապարակվել էր բրիտանական վերլուծական ինստիտուտի հրապարակումը, որտեղ բարգավաճման ինդեքս է հաշվվում, և Ադրբեջանը հայտնվել էր 106-րդ հորիզոնականում 149 երկրներից: Համեմատության համար պետք է նշել, որ 2014-ին Ադրբեջանը զբաղեցնում էր 79-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է ցուցանիշի հետընթաց:

 

Ներքին ընդդիմադիր ուժերից հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է «Մուսսավաթ» կուսակցությունից Իսսա Գամբարը և կլասիկ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից Միրմահմուդ Միրալիօղլուն, սակայն ադրբեջանական իրականությունն այնպիսին չէ, որ ընդդիմությունը կարողանում է ժողովրդին դուրս բերել փողոց, վախի մթնոլորտի պատճառով:

 

Որոշ ընդդիմադիր ուժեր բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ չեն մասնակցելու, քանի որ ինքը Ալիևը որևէ լուրջ փաստարկ չի բերել արտահերթ ընտրությունների անցկացման համար, այդուհանդերձ հենց երեկ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ լուրջ խոչընդոտ են սոցիալական ցանցերը: Ներկայումս ընդդիմադիր Ազատություն ռադիոկայանը, ռադիոկայանի կայքը և Մեյդան Թի-Վի-ն արգելափակված են, և սոցիալական ցանցերի միջոցով են ակտիվիստերը փորձում հասարակության ներսում դժգոյություն առաջ բերել:

 

Որպես պաշտոնական պատճառ ընտրությունների արտահերթ նշանակման Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը նշեց, որ շատ բնական էր ընտրությունները ապրիլին նշանակելը, քանի որ Ադրբեջանը թևակոխում է կարևոր միջոցառումների փուլ, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը մայիսին տոնելու է իր 100 ամյակը, նախատեսվում են նաև միջազգային միջոցառումներ:  

 

Ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան նշել էր, որ Ալիևը երկրի ներսում ընդհանրապես ոչ մեկին հաշվի չի առնում, մի օր կարթնանա ու կորոշի, որ ընտրություններն ապրիլին են ու կանի ապրիլին: Ավտորիտարիզմի խորացման հերթական քայլ է այս ամենը:

 

Խոսելով այն հարցի շուրջ, թե պտտվում են նորություններ Ալիևի վատառողջ լինելու հետ կապված, արդյոք այդ ամենը իրականությանը համապատասխանում է, բանախոսն ասաց, որ իր կարծիքով նման բան չկա, և դեռ առնվազն յոթ տարի կա, մինչև Ալիևյան կլանը կփոխվի Մեհրիբան Ալիևա-Փաշաևա նախագահող կլանով:

 

Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ նաև այն ուղերձներին, որոնք հնչում են Արցախյան հակամարտության համատեքստում, հենց երեկ համանախագահները այցելեցին Ադրբեջան, որից հետո Ադրբեջանի Արտգործնախարարության մամլո խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որ որոշում կա ակտիվացնել բանակցությունները, ինտենսիվորեն շարունակել դրանք Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: «Այսօր, ցավոք, պարզ դարձավ սահմանին միջադեպի մասին, որի արդյունքում զոհ ունենք, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անգամ այն ժամանակահատվածում, երբ համանախաֆահները տարածաշրջանում են և խաղաղության կոչեր են անում, Ադրբեջանը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից»,- ասաց նա:

 

Բանախոսի խոսքով, գուցե այս ընտրությունները ապրիլին նշանակելը մեկ այլ պատճառ էլ ունի, Ադրբեջանը կասի, որ գտնվում է ընտրությունների փուլում ու չի կարող ստանձնել այն խոստումներն ու պարտականությունները, որոնք պետք է ի կատար ածեր, քանի որ դեռ հունվարին համաձայնություն էր կնքվել Մինսկի խմբի համանախագահների թվի ավելացման հետ կապված, և սա փորձ է հետաձգել այդ գործընթացները:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ