Տնտեսություն - Նոր համաձայնագիր. ԵՏՄ երկրները պետք է համաձայնեցնեն արդյունաբերական ապրանքների հատուկ սուբսիդիաները

ԵՏՄ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և ԵՏՄ երկրների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը նպատակ ունի ԵՏՄ երկրների միջև բարեխիղճ մրցակցություն ապահովել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հիշյալ համաձայնագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

 

Նրա խոսքով, համաձայնագիրը հնարավորություն կընձեռի կիրառել արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաների համաձայնեցման մեխանիզմը: «Համաձայնագրով կարգավորվում են հատուկ սուբսիդիաների տրամադրման հանձնաժողովի և անդամ երկրների միջև փոխգործակցությունը, նաև կամավոր ընթացակարգերով հատուկ սուբսիդիաների համաձայնեցման ընթացքը: Մեծ առումով սա սահմանում է, թե որոնք են արդյունաբերական ապրանքների մասով տրվող սուբսիդիաները, նաև թե որ սուբսիդիաներն են արգելված»:

 

Փոխնախարարը նշեց, որ հատուկ սուբսիդիաները տրամադրվում են կոնկրետ ձեռնարկությանը կամ գոյություն ունի հայեցողական մոտեցում, այսինքն չկան չափանիշներ, որ այս-այս ընկերությունները համապատասխանում են չափանիշներին, մյուսները չեն համապատասխանում և չեն կարող սուբսիդիա ստանալ:

 

Համաձայնագիրը նաև ենթադրում է, որ մաքսային տարածքում ԵՏՄ երկրներն իրավունք չունեն իրար նկատմամբ կիրառել հակադեմպինգային կամ գնագոյացման գործընթացներ. «Սա մի կողմից հնարավորություն է տալիս չխեղաթյուրել ընդհանուր շուկան, այսինքն չկիրառել մեկը մյուս հանդեպ հատուկ սուբսիդավորում, մյուս կողմից խրախուսում է համատեղ արտադրությունները: Եթե դրանք կամավոր սուբսիդիաներ են, ապա փոխհատուցման մեխանիզմ չի գործում, իսկ եթե չեն համաձայնեցվել նախօրոք, ապա անդամ երկրները կարող են դիմել սուբսիդիա տրամադրող պետությանը՝ համապատասխան փորձաքննություն իրականացնելու: Եթե կա վնասի փաստացի իրավիճակ, այդ վնասը կարող է փոխհատուցվել»,-ընդգծեց Ազիզյանը:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ ԵՏՄ-ում բոլորի համար նույն պայմաններ են գործում, ու եթե որևէ երկիր որոշել է իր արտադրողներից մեկին խթանել սուբսիդիա տրամադրելով, ապա դա կարող է հանգեցնել մրցակցային արհեստական առավելությունների. «Այս համաձայնագրի իմաստը դա է, որ մյուս երկրների նկատմամբ դա չհանգեցնի նման առավելությունների, որից նա կարող է վնաս կրել: Հետևաբար, եթե որևէ մեկը նման ցանկություն ունի, պարտավոր է տեղեկացնել ԵՏՄ համապատասխան  հանձնաժողովին, որը կարող է համաձայնել, կամ ոչ: Եթե համաձայնությունը չի ստացվում և որևէ անդամ երկիր շարունակում է սուբսիդավորումը և լարվածություն է առաջացնում այլ երկրների շուկաներում, ապա այս համաձայնագիրը թույլ է տալիս դիմել և փոխհատուցում ստանալ»:

 

Նրա խոսքով, հիմնականում հատուկ սուբսիդավորումը վերաբերելու է բարձր տեխնլոգիաներին, որի նպատակը տեխնոլոգիանակ առաջընթացի խթանումն է:

 

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ