Քաղաքական - Ադրբեջանի նախագահի անսպասելի քայլը. նա գնում է Հայաստանին զուգահեռ

Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամանագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին:

 

Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիևին անհանգստություն են պատճառել և մտավախություն, որ մինչև հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ և բարդացնել Ալիևի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության և, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության: Թեև դժվար է իհարկե միարժեք ասել, որ Ալիևի հրամանագիրը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտավախություններով, որ հոկտեմբերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:

 

Մյուս կողմից՝ Ալիևն իհարկե այդպիսի մտահոգության կամ մտավախության պատճառ թերևս ունի: Բանն այն է, որ բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ իրավիճակը արտաքին միջավայրում, տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում: Բանն այն է, որ այդ իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաև Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:

 

Դրան զուգահեռ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է նաև հարևան Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարևոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ և հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում, որի, այսպես ասած, մետաստազներ են նկատվում Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով: Իր հերթին հետաքրքիր իրավիճակ է ուրվագծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ Բաքվի գլխավոր դաշնակից դիտվող Ղազախստանի նախագահ Նազարբաևը բաց տեքստով կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվ լինել տարածաշրջանում, որտեղ մի կողմից՝ Չինաստանն է հարևան, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Նահանգների հարաբերությունը բավականին լարված է, և Բաքուն մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար: Այդ համատեքստում նաև առանցքային է Վիեննայի օրակարգը, որից Բաքուն խուսափում է արդեն մոտ երկու տարի, և որը ըստ էության ամերիկյան օրակարգ է՝ թելադրված նաև ապրիլյան պատերազմում Բաքվի անհաջողությամբ և այդ անհաջողությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու ամերիկյան մտադրությամբ, ինչը սկզբունքորեն կփոխի կովկասյան անվտանգության համակարգը:

 

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահն անկասկած ունի շտապելու կամ մտահոգվելու թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ պատճառներ, եթե այդ ամենին հավելենք նաև անմիջապես Բաքվի իշխանության միջանցքներում միջկլանային խնդիրները՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի նախագահական ընտանիքում:

 

Արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիևի հրամանագիրը հետաքրքիր է դառնում նաև այն իրողությանը զուգահեռ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում փաստորեն ժամանակացույցով բերվում են Հայաստանում գրեթե նույն բնույթի իրողություններին զուգահեռ: Ապրիլի 9-ին պաշտոնը թողնելու է գործող նախագահը, և դրանից հետո Հայաստանում թիվ մեկ պաշտոնյան դառնալու է վարչապետը, լինելու է նոր վարչապետի և կառավարության, այլ կերպ ասած՝ դե ֆակտո նոր իշխանության ընտրություն:

 

Ալիևը փաստորեն իր հրամանագրով կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Կա՞ արդյոք, այսպես ասած, խորհրդանշական կապից բացի՝ որևէ առարկայական-քաղաքական կապ այդ քայլում:

 

1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ