Քաղաքական - Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է. ավագանու անդամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգում է ներառվել մայրաքաղաքում առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարց: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նրա խոսքով, արձանը բացարձակապես չեն հավանել: «Ամենայն հավանականությամբ, դեմ ենք քվեարկելու: Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց Անի Խաչատրյանը:

 

2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, համաձայն որի՝ հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական և հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:

 

Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:

 

«Արդեն արձանը որոշվել է, ընտրվել է, բայց մենք մտածում ենք, որ պետք է դեմ քվեարկենք»,- ասաց Անի Խաչատրյանը' հավելելով, որ ավագանու նիստին իրենք ընդամենը հաստատելու են արձանի տեղակայման վայրը: Արձանը կտեղադրվի 2018 թ․ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում:

 

Աղունիկ Հովհաննիսյան

armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ