Քաղաքական - ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը որոշ մանրամասներ է հայտնել Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից

«Մնացել են մի քանի տեխնիկական հարցեր». ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն օրերս ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում որոշ մանրամասներ է հայտնել Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից: «Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ կապված ռազմական ռիսկերի նվազեցման, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որն առաջարկում է լրացուցիչ 7 դիտորդների գործունեություն»,- ասել է Պոպովը:

 

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում կայացած բանակցություններում որոշում կայացվեց ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված շփման գծում լարվածության թուլացմանը: Դրանից հետո համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև օգնել են կազմակերպել Կրակովի հանդիպումը: «Մնացել են մի քանի տեխնիկական հարցեր, որոնք դեռ պետք է համաձայնեցնել՝ նախքան կգործարկվի ընդլայնման մեխանիզմը»,- հավելել է ռուսաստանցի համանախագահը:

 

Պոպովը նաև նշել է, որ բանակցություններում առաջարկվել է քննարկել ԼՂ կարգավորման առավել բարդ ասպեկտներ, որոնք խոչընդոտում են խնդրի լուծմանը. «Դրանք նոր չեն, կողմերը դրանք բազմիցս բարձրաձայնել են, և վերաբերում են կարգավիճակի որոշմանը եւ տարածքային խնդիրներին»: Պոպովը պարզաբանել է, որ համանախագահները կփորձեն օգնել գտնելու ընդունելի լուծում, և ակնկալում են հստակեցնել կողմերի դիրքորոշումները փետրվարի առաջին տասնօրյակում տարածաշրջան նախատեսվող իրենց այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում: «Որպես միջնորդներ՝ մենք հանդես ենք գալիս բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակության օգտին: Կարծում ենք, որ դա այլընտրանք չունի: Միայն իրենք՝ կողմերը, արտահայտելով քաղաքական կամք, կարող են հանգել փոխզիջումային լուծման, որը վերջ կդնի այս ձգձգվող հակամարտությանը… Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում՝ Բաքվին ու Երևանին առաջարկելու իրենց համար ձեռնտու տարբերակներ, և դրա մասին կխոսվի տարածաշրջանում: Երբ կողմերը պատրաստ լինեն հանդիպման, հնարավոր կլինի երկու երկրների առաջնորդներին, հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը, առաջարկել համապատասխան տարբերակներ, այդ թվում՝ գագաթնաժողովի անցկացման ձևաչափը և ժամկետները»,- ասել է Պոպովը:

 

Նկատենք, որ անցյալ շաբաթ ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ նշել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում կարևոր է ոչ թե բանակցությունների ակտիվությունը, այլ դրանց արդյունավետությունը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ