Քաղաքական - Ռուսաստանի հայ մեծահարուստները «Կրեմլյան ցուցակի» իրողությունից պետք է հասկանան, որ սեփական հայրենիքից ապահով հանգրվան չկա. Կրեմլյան ցուցակը գուցե վնասի հայ գործարարներին ՌԴ-ում, իսկ գուցե՝ ոչ

Հենց մի բան է լինում, այնպիսի մեծ աղմուկ ենք բարձրացնում, կարծես աշխարհն է փուլ եկել, և իսկույն մտածում, իսկ ինչպես կազդի դա Հայաստանի վրա: Ահա օրերս հայկական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձարցրեց այն տեղեկությունը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսում ներկայացրել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում թվարկված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց անունները: Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 210 անուն՝ 114 պաշտոնյա և 96 գործարար: Ամբողջ աղմուկը նրա շուրջ էր, որ այդ ցուցակում կան նաև հայազգի գործարարներ, օրինակ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), իսկ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության՝ պատժամիջոցային քաղաքականության հարցերով նախկին գլխավոր համակարգող Դենիել Ֆրիդը «Կոմերսանտին» ասել էր, որ ցուցակում անձի անունը ներառելը նշանակում է՝ նրա դեմ ավտոմատ կերպով կիրառվում են պատժամիջոցներ: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, եթե ցուցակում ներառված անձանց դեմ պատժամիջոցներ կիրառվեն, կսահմանափակվի նրանց աշխատանքը եվրոպական և ամերիկյան բանկերի հետ: 

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը սակայն կարծում է, որ ըստ էության այդ ցուցակը ոչ մի առումով ոչ մի դեր չի խաղում, սա ինֆորմացիոն պատերազմ է, և ուղղված է ավելի շատ Պուտինի, քան որևէ այլ անձի դեմ:

 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ կարծում է, որ սա Ռուսաստանը այն բոլոր պատժամիջոցների ֆոնի վրա, որոնք կիրառվում էին նրա հանդեպ ԱՄՆ կողմից, կարողացավ ցույց տալ, որ կայուն կանգնած է ոտքի վրա, և այդ ամենը չանդրադարձավ նրա տնտեսության վրա: Հիմա էլ դժվար թե անդրադառնա:

 

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ներդրումների մոտ 60-70%-ը ՌԴ-ից են, սա կարող է որոշակիորեն ավելացնել ռիսկերի մակարդակը, սակայն չկա չարիք, առանց բարիքի, եթե այդ կապիտալները չգնան ԱՄՆ, կուղղվեն երրորդ երկրներ, գուցե նաև Հայաստան»,- ասաց Ատոմ Մարգարյանը: 

 

Հենց այս աղմուկի ֆոնի վրա Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԱՄՆ-ի կողմից «Կրեմլի ցուցակում» ռուսաստանցի խոշոր գործարարների, այդ թվում և` մեծ բարերար Սամվել Կարապետյանի և հայազգի մյուս գործարարների ընդգրկումն ամենևին չի նշանակում, որ այս գործարարների մեծ մասը անարդար և կոռուպցիոն ճանապարհներով են հարստացել, քանզի ամերիկյան այդ ցուցակը, իրականում, քաղաքական փաստաթուղթ է, որը նպատակ ունի ռուսաստանցի մեծահարուստներին ճնշելով հարվածել Ռուսաստանի տնտեսությանը:

 

Անդրադառնալով «Կրեմլյան ցուցակի» հայկական հատվածին` նախ պետք է նշել, որ այդ ցուցակում հայազգի գործարարների ընդգրկվելը մի կողմից փաստում է, որ հայազգի գործարարները Ռուսաստանի լիարժեք հենասյուներից են և հավասարապես կիսում են Ռուսաստանի առջև ծառացած, նաև` քաղաքական բնույթի դժվարությունները, մյուս կողմից` Սամվել Կարապետյանի և հայազգի մյուս գործարարների կենսագրությանը ծանոթները լավ գիտեն, որ մեր հայրենակիցների մեծ մասը Ռուսաստանում հարստացել են քրտնաջան աշխատանքի և բիզնեսի տրամաբանությամբ, հակառակ դեպքում` հսկայական մրցակցության պայմաններում և հատկապես` օտարության մեջ, ուղղակի հնարավոր չէր լինի հասնել նման ֆինանսական հաջողությունների. գոնե Սամվել Կարապետյանի դեպքում որևէ մեկին երբեք չի հաջողվի ապացուցել, որ վերջինս իր ֆինանսական իմպերիան կայացրել է կեղծիքներով և խարդախություններով: Հետևաբար Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում կատարվող միլիոնավոր դոլարների ներդրումներն ու բարեգործությունները ամերիկյան ցուցակների պատճառով չեն կարող վտանգվել, և վստահ եմ` անկախ ԱՄՆ-ի քաղաքական, հակառուսական որոշումներից Սամվել Կարապետյանն ու Հայաստանը զարգացնելու նրա գաղափարները կիսող ռուսաստանաբնակ մյուս հայ գործարարները շարունակելու են աջակցել Մայր Հայրենիքին…

… Եվ ամենակարևորը` Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստները «Կրեմլյան ցուցակի» իրողությունից պետք է հասկանան, որ սեփական հայրենիքից ապահով և վստահելի հանգրվան չկա, ինչն էլ նշանակում է, որ իրենց գումարները Ռուսաստանում կենտրոնացնելու փոխարեն ավելի խելամիտ կլինի Սամվել Կարապետյանի օրինակով ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, ուժեղացնել սեփական երկիրն ու փող աշխատել, ինչու ոչ` նաև ապրել Հայաստանում: Հայի համար Հայաստանից ապահով և հանգիստ ապրելու և աշխատելու տեղ, իրականում, չկա... »:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ