Տնտեսություն - ՀՀԿ-ական պատգամավորները առաջարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել

ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Վահրամ Բաղդասարյանն առաջարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել: Նախագծի նպատակը պետական և տեղական կառավարչական հիմնարկների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման մոտեցումների վերանայումն է, ինչպես նաև ուղևորափոխադրումների իրականացման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռի անփոփոխ պահպանելը:

 

Այսպիսով, եթե պետական կամ տեղական կառավարչական հիմնարկները վարձակալությամբ տարածք, գույք կամ ծառայություն են տրամադրում և այդ գումարը ուղղորդվում է համայնքային բյուջե, այն կազատվի ԱԱՀ-ից: Իսկ ուղևորափոխադրումների մասով, կվերանայվի արտոնագրային հարկի բեռը` այն պահպանելով նախկին մակարդակում: Միաժամանակ, ուղևորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող: Խոսրով Հարությունյանը հիմնավորում է`այս նախաձեռնության համար հիմք են հանդիսացել տրանսպորտային կազմակերպություններից ստացվող դիմումները: Մանավանդ դիզվառելիքի և սեղմած գազի թանկացման պայմաններում հարկային դրույքաչափերի նվազեցումը օրհասական է դառնում: 

 

Կառավարությունն առարկություններ չունի: Նիստին ներկա ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ կառավարությունում էլ են հրատապ համարում այս հարցը: Այն քննարկվելու է վաղվա նիստում: Խոսրով Հարությունյանը մեկ հարց ուներ`ինչո՞ւ է միկրոավտոբուսների համար ավելի մեծ դրույքաչափ սահմանվում, քան ավտոբուսների համար: Փոխնախարարը բացատրեց`դեռ 19 տարի առաջ, միկրոավտոբուսների համար մեծ դրույքաչափի սահմանումը պայմանավորված է եղել այն մտավախությամբ, որ նախապատվություն չտրվեր միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներին:

 

Խոսրով Հարությունյանը նկատեց`բայց փաստ է, որ նախապատվությունը տրվեց միկրոավտոբուսներին: Ու խոստացավ`առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կանդրադառնանք այս հարցին: Նախագծի վերաբերյալ դիտողություններ, դիտարկումներ, հարցեր, կարծիքներ չկային: Խոսրով Հարությունյանը հիշեց իր դասախոսին. «Ասում էր`կամ ամեն ինչ հասկանալի է, կամ էլ`ոչինչ հասկանալի չէ»: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am 

www.aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ