Տնտեսություն - Վարչապետը 1.5 տարի անց այդպես էլ չի պատկերացնում այսօրվա գյուղատնտեսության իրական վիճակը

Վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս գյուղատնտեսության նախարարության «ակտիվի» հետ քննարկել է ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը: Պրն Կարապետյանն այդ ծիրում խոսելով՝ առաջիկա «ռեֆորմների» առումով երկիմաստ, հակասական ու դրանով իսկ թյուրիմացություններ առաջացնող հայտարարություններ է արել, որոնցից հետևում է, որ կա՛մ վարչապետը տարիուկես անց այդպես էլ չի պատկերացնում այսօրվա գյուղատնտեսության ռեալ վիճակը, կա՛մ էլ միտումնավոր խեղաթյուրում է այն:

 

Վարչապետը միանշանակ տեղին կարծում է, որ գյուղատնտեսության հիմնական հարցը շուկայի խնդիրն է: «Այդ իսկ առումով մեր նպատակն է ունենալ արդյունավետ, ինդուստրիալ գյուղատնտեսություն: Մեր ունեցած առևտրային արտոնյալ ռեժիմները հնարավորություն են տալիս որակյալ արտադրանք ունենալու դեպքում շուկայի խնդիր չունենալ»: Այդ ճանապարհին նա կարևորում է իրականացնել «բոլոր ռեֆորմները», որպեսզի ունենանք շուկայի խնդիր չունեցող գյուղատնտեսություն: Չնայած նրա խոսքից չի հասկացվում, թե որոնք են այդ ռեֆորմները, այդուհանդերձ՝ հետևելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ նրա վարչապետության փուլում ունեցած ելույթներին՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը ինտենսիվ այգիների զարգացման, հակակարկտային ցանցերի, ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման մասին է:

 

Իրոք, Հայաստանի գյուղատնտեսության համար շուկայի խնդիրը մնում է ամենաառաջնայինը: Վարչապետը ճիշտ թիրախ ընտրելով հանդերձ՝ զարմանալիորեն լուծումը բոլորովին այլ հարթություն է տեղափոխում: Որպես լուծման ուղի մատնացույց է անում առևտրային արտոնյալ ռեժիմների պայմաններում որակյալ արտադրանքի ստեղծումը: Փաստենք, որ արտոնյալ ռեժիմների դերը գոնե այս փուլում էական չէ: Խնդիրը հիմնականում ներսում է՝ Հայաստանում, և բոլորովին էլ պայմանավորված չէ գյուղմթերքի անորակությամբ:

 

Անկախացումից ի վեր մեզանում ոչ մի կերպ չի ձևավորվում գյուղմթերքի արտահանման ինստիտուտը: Արտահանմանն ուղղված մեծածախ շուկայի կառուցումը խոչընդոտվեց ու ձախողվեց: Մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում սա արտահանման առումով ամենաարդյունավետ տարբերակն է: Դրան այլընտրանք կարող էր հանդիսանալ պետական մասնաբաժնով կամ առանց դրա, մեկից ավելի արտահանող ընկերությունների գոյությունը, բայց մերոնք բավարարվում են բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերության գործունեությամբ, որի նպատակը բիզնեսն է, շահույթ ստանալը, ինչը ոչ միշտ է համապատասխանում գյուղացու ու գյուղատնտեսության շահերին, իսկ բազմաթիվ դեպքերում սրանց շահերը հակադրվում են:

 

Գործնականում գյուղմթերք արտահանող այլ ընկերություն, որ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննայի արտահանում կիրականացնի, չունենք: Սա է խնդիրը: Վարչապետը հայտարարում է, որ ռեֆորմներից հետո կունենանք շուկայի խնդիր չունեցող գյուղատնտեսություն, մինչդեռ նույնիսկ այսօրվա խիստ կասկածելի վիճակագրության թվերով անգամ պարզ է, որ ունենք որակյալ գյուղմթերք, ուղղակի արտահանման ձևավորված, գյուղացու և պետության շահերին ի նպաստ գործող մեխանիզմներ չկան:

 

Ահավասիկ. 2016թ.-ին, երբ պրն Կարապետյանը վարչապետ էր, պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում արտադրվել է 969 հազար տոննա բանջարեղեն: Սրանից մոտ 40.6 հազարը մթերվել է վերամշակող ձեռնարկությունների կողմից, 240 հազարը բնակչությունը օգտագործել է թարմ վիճակում, և 120 հազար տոննա արտահանվել է: Ստացվում է՝ 400 հազար տոննա: 569 հազար տոննայի ավելցուկ ենք ունեցել: Ընդունենք, որ ԱՎԾ-ն 369 կամ 400 հազար տոննան կեղծել, ավելի է գրել: Այդքանից հետո էլ ավելի քան 150 հազար տոննա «մնացորդ» է ստացվում: Եթե սրա մի մասն էլ համարենք անորակ, ապա միևնույն է՝ 80-100 հազար տոննա որակյալ բանջարեղեն ենք ունեցել, որ չի արտահանվել, չի իրացվել:

 

Նույն պատկերն է պտղի առումով. 20-30 հազար տոննա որակյալ պտղի «ավելցուկ» ենք ունեցել՝ ավելին, քան արտահանվել է: Իրավիճակը մեկ այլ՝ ոչ թվային տեսանկյունից. անցած տարվա գարնանը, երբ պրն Կարապետյանն արդեն տևական ժամանակ վարչապետ էր, Արմավիրի մարզի ջերմոցներում վարունգի գերարտադրություն առաջացավ, ինչի արդյունքում մեծածախ վաճառքի գինը ավելի քան 2 ամիս 20-30 դրամ էր (ինքնարժեքը՝ շուրջ 100 դրամ): Պատասխանատուները կարող են հակադարձել, որ շուկա է, շուկայական հարաբերություններ, և այդ առումով ամեն ինչ նորմալ է: Բայց նախարարությունը հենց նրա համար է, որ համապատասխան քաղաքականության շնորհիվ հասնի նրան, որ այս փոքր, ընդամենը մի քանի տնտեսություն ունեցող երկրում (մեծ պետությունների համեմատությամբ) նման ոչ բնական աղետներ չլինեն:

 

Այստեղ միջանկյալ ավելացնենք, որ այս փուլում բավականին ծանր իրավիճակում են հայտնվել վերջին երկու-երեք տարիներին կառուցված ջերմոցները, որոնցում բանջարեղեն է մշակվում: Թերևս դա է պատճառը, որ վերջերս վարչապետը ջերմոցների թեմայով գրեթե չի խոսում, բայց դա այլ քննարկման նյութ է:

 

Ծիրանի բերքահավաքը մասսայաբար սկսվեց հունիսի 20-ին: Արտահանողները առաջին 3-4 օրերին այն գնել են 650-550 դրամով, 23-ից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ օրը գնման գինը կայունորեն նվազել է 50 դրամով: Հասնելով 150 դրամի՝ այն կայունացել է: Միանշանակ է, որ դա ազատ շուկայի դրսևորում չէր:

 

Հետո արդեն հերթը դեղձինն էր: Հիմնական մթերողներից մեկը գյուղացուն վճարել սկսել է մթերելուց երեք ամիս հետո միայն, մյուսը մինչ օրս չի վճարել: Խոստացել է, որ կվճարի մարտ ամսին: Դա՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք: Այս դրսևորումներն են, որ արգելակում են գյուղատնտեսության զարգացմանը: Նման մոտեցման արդյունքում է, որ վերջին 20 տարիների ընթացքում քանդվեց ավելի քան 10 հազար հա խաղողի այգի և հիմնվեց հազիվ 2 հազարը:

 

Նույն քաղաքականությունը վերջին երկու տասնամյակներին տոտալ ձևով իրականացվել է խաղողագործության նկատմամբ, ու այսօր հասել ենք մի վիճակի, երբ խաղողի լուրջ դեֆիցիտ է առաջացել: Հունվար ամսին, ամանորյա տոները դեռ չվերջացած, վերամշակողները դռնեդուռ ընկած փորձում են պայմանագրեր կնքել խաղողագործների հետ՝ կգ-ին արդեն նվազագույնը 180 դրամ գին առաջարկելով:

 

Պատասխանատուների ամենաթողության ու անտարբերության արդյունքում ֆիլոքսերա վնասատուն է տարածվել Արարատյան դաշտում, որի դեմ պայքարի որևէ եղանակ չկա, պետք է այգիները հիմնովին քանդել, նոր, պատվաստված այգիներ հիմնել, որ մասնագետների հաշվարկներով՝ կարժենա 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար: Վարչապետը նախարարությունում խոսում է գինու արտադրության ծավալների աճի, խաղողագործության զարգացման մասին՝ լռելով ամենակարևորի՝ ֆիլոքսերայով պայմանավորված իրականացվելիք միջոցառումների մասին: Մինչդեռ գործին տեղյակները պնդում են, որ այդ ուղղությամբ ընդհանրապես ոչինչ չի արվում: Իսկ դա գինեգործությանն ու կոնյակագործությանը (որ երկրին տարեկան 120-150 մլն դոլար է բերում) պայծառ ապագա չի խոստանում:

 

Աշխարհում արտադրված գյուղմթերքի 50-60%-ից ավելին վերամշակվում է, մնացածն իրացվում է թարմ վիճակում և արտահանվում: Մեզանում վերամշակվում է բանջարի ու պտղի հազիվ 5-6%-ը: Այստեղ, սրանցում է հիմնական խնդիրը, որ պետք է հասկանալ ու փորձել լուծել: Իհարկե, նոր տեխնոլոգիաների կիրառումը շատ արդյունավետ է ու ցանկալի, բայց երբ պապենական տեխնոլոգիաներով արտադրածն անգամ չենք կարողանում իրացնել, նշանակում է, որ մեր խնդիրը ոչ այնքան մշակման տեխնոլոգիաների մեջ է, որքան իրացման:

 

Վերջում ավելացնենք նաև, որ վարչապետը շատ տեղին ու հիմնավոր կարևորում է նաև ոռոգման համակարգերում առաջացած խնդիրները, ցավոք, ինչպես և այս պարագայում, այնտեղ էլ լուծումները բոլորովին այլ դաշտում են առաջարկում:

 

1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ