Մամուլ - «Ժամանակ». Բաքուն ուզում է կրկնել «Ձիթենու ճյուղը» Ղարաբաղի դեմ. Ստանիսլավ Տարասով

«Կրակովում հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո սրելով սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը փորձում է ձախողել սկսված գործընթացը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 20-ին շփման գծում Ադրբեջանի կողմից անօդաչուների կիրառմանը, իսկ հունվարի 25-ին՝ ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:

 

«Ադրբեջանը պարտվել է պարտիան: Ադրբեջանը դիմադրում էր, չէր համաձայնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, բայց ստիպված եղավ զիջումների գնալ Կրակովի հանդիպման ժամանակ»,- նշեց Տարասովը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փորձագետի խոսքերով, նոր բան չի ասել: Խոսելով Կրակովում Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև կայացած բանակցությունների մասին՝ Պոպովն ասել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հարցեր: Մասնավորապես՝ խոսքը հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է:

 

«Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելու են տարածաշրջան՝ ճշտելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման մասին:

 

«Ռուսաստանցի համանախագահը՝ Պոպովը, նոր բան չի ասել: Նա պարզապես շարադրել է այն, ինչ ասված էր Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Մամեդյարովի հայտարարություններում»,- ասում է Տարասովը՝ ենթադրելով, որ իրերի նման դասավորությունը ձեռնտու չէ որոշակի ուժերի Ադրբեջանում:

 

«Սիրիայում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության զարգացմանը զուգահեռ՝ նրանց կողմնակիցների կողմից կարծիքներ են հնչում, թե պետք է նույնը կրկնել Ղարաբաղի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ «Ձիթենու ճյուղը» կասեցվել է, Թուրքիան չի կարողանում հասնել առաջադրված նպատակներին, և այս իրավիճակում խելամիտ չեն այն հաշվարկները, թե կարելի է նոր ճակատ բացել Ղարաբաղի դեմ՝ կարծելով, թե Մոսկվան կաջակցի Բաքվին, որովհետև Ռուսաստանն այժմ հարաբերականորեն աջակցում է Թուրքիային Աֆրինում: 

 

Հաշվարկները սխալ են: Դա երբեք չի լինի: Այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է: Եվ հետո Էրդողանն ինքը հայտնվել է ծուղակում: Հիմա նա սրում է հարաբերությունները Հունաստանի հետ մի երկու կղզու պատճառով, որտեղ նույնիսկ ծառ չի աճում: Իրադրությունը շատ ոչ ստանդարտ է: Բայց գործընթացը շարունակվում է, Մինսկի խումբը շարունակում է աշխատել, դիվանագիտությունը շարունակում է աշխատանքը, և նրանք առաջ են տանում այն սցենարը, որի տակ Ադրբեջանը, ըստ էության, ստորագրել է»,- մեկնաբանեց Տարասովը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ