Քաղաքական - Քարվաճառի Դադիվանքի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Նիկողայոսի սրբապատկերի նվիրաբերության արարողությունը (լուսանկարներ)

Հունվարի 26-ին Արցախում, Քարվաճառի Դադիվանքի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Նիկողայոսի սրբապատկերի նվիրաբերության արարողութունը: «Tesaket.info»-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի մասնակից, Թալինի «Արագած» երկրապահ կամավորականների ջոկատի հրամանատար Արմեն Մնոյանն ասաց, որ սրբապատկերը եկեղեցուն նվիրաբերելու մտահղացումը առաջացել էր իր մոտ դեռ 2017 թվականի հունվարի 28-ին, երբ լրանում էր Հայկական բանակի 25 ամյակը: Արցախում, Քարվաճառի Դադիվանքի Սուրբ Նշան եկեղեցում մահապարտների գնդի 25 ամյակի կապակցությամբ պարգևատրման արարողությանը մասնակցելիս ինքը Պրն. Մնոյանը նկատել էր, որ եկեղեցին չունի Սուրբ Նիկողայոս Հրաշագործի սրբապատկերը, այն դեպքում, երբ կա Հիսուս Քրիստոսի՝ նրան Սուրբ Ավետարանը հանձնելու որմնանկարը:

 

«Ես գտա նկարիչների, պատվիրեցի նրանց այդ աշխատանքը, ֆինանսավորեցի այն, և սույն թվականի հունվարի 26-ին կարողացա նվիրաբերել սրբապատկերը եկեղեցուն»,- ասաց Ա. Մնոյանը: 

 

«Tesaket.info»-ն զրուցեց նաև Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, ով պարզաբանեց, որ եկեղեցին կառուվցել է իշխանուհի Արզու Խաթունի կողմից 1214 թվականին: Դարավերջին, 1297 թվականին Խաթունի պատվերով եկեղեցու աջ և ձախ կողմի վրա պատկերվել են մի շարք որմնանկարեր, այդ թվում նաև Հիսուս Քրիստոսի՝ Սուրբ Նիկողայոսին Սուրբ Ավետարանը հանձնելու որմնապատկերը, սակայն, 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ Դադիվանքի տարածքը վերաբնակեցվել է. ազգությամբ թուրք ընտանիքներից մեկի հայրը, որը շատ երեխաներ է ունեցել, հաստատվել է վանքում. «Նրանք բնակվել են հենց եկեղեցու ներսում: Եկեղեցին 20-ականներից չէր գործում: Թուրքն իր անասուններին պահում էր եկեղեցու խցերում: Ամեն օր եկեղեցու ներսում կրակ են վառել, որ տաքանան, կերակուր պատրաստեն: Ծխից սևացել են եկեղեցու ողջ պատերը: Երբ սկսել են մաքրման և վերանորոգման աշխատանքները, այդ հիասքանչ որմնապատկերները կանգնեցին մեր առջև ամբողջ գեղեցկությամբ»:

 

«Երբ Արմեն Մնոյանը եկավ, տեսավ, որ Սուրբ Նիկողայոսի առանձին սրբապատկեր չկա, ինքը առաջարկեց այն պատրաստել և նվիրաբերել եկեղեցուն, իհարկե, մենք չէինք կարող հրաժարվել, հունվարի 26-ին շրջանակի մեջ այդ սրբապատկերը հանձնվեց մեզ, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոսի օրհնելուց հետո այն տեղադրվեց Դադիվանքի Սուրբ Նշան եկեղեցում, ինչի համար հայտնում ենք մեր մեծ երախտագիտությունը: Սա իրոք մեծ նշանակության իրադարձություն էր, որը ևս մեկ անգամ ապացույցն է մեր ազատամարտիկների՝ ոչ միայն իրենց կյանքով պատրաստ լինելու կանգնել հայրենիքի պաշտպանությանը, այլև հոգով ու սրտով քրիստոնյա, բարեսիրտ ու բարեպաշտ հայ զավակ լինելու»,- ասաց Տեր Հովհաննեսը:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ