Մշակույթ - Գուցե գիտական ապացույցներ չկան, որ Զորաց Քարերը ծառայել են որպես աստղադիտարան, բայց դա հերքող փաստեր էլ չկան. Հնագետը սակայն այդ կարծիքին չէ

Այսօր Տեսակետ մամուլի ակումբի հյուրն էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության գիտական քարտուղար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը, ով ամփոփելով 2017 թվականի կատարած աշխատանքները, ասաց, որ հնագիտական առումով այն շատ հարուստ տարի էր, պեղումներ իրականացվեցին և՛ Մեծամորում, և՛ Օձաբերդում, և Զորաց Քարերում:

 

Ըստ բանախոսի՝ Օձաբերդը շատ հետաքրքիր հուշարձան է, այն գտնվում է Ծովինար գյուղի մոտ, լճի ափին, այստեղ է գտնվում Ռուսա Առաջինի արձանագրութունը: «Ինչ վերաբերում է Մեծամորին, այնտեղ աշխատում էր հայ-լեհական արշավախումբը, անցյալ տարի ավարտվում էր այդ պայմանագիրը, դիմել ենք լեհական կողմին՝ շարունակելու առաջարկով այս համագործակցությունը, և ստացել դրական պատասխան՝ 5 տարով երկարաձգելով պայմանագիրը»,- ասաց հնագետը:

 

Երկրորդ հազարամյակի վերջում, առաջին հազարամյակի սկզբում, միջնաբերդից դուրս բավական լուրջ քաղաքային թաղամաս է ձևավորվել Մեծամորում, քաղաքային թաղամասը ուներ իր սրբարանը, իր տնտեսական հատվածները, ուներ նաև դամբարանային հատված, որտեղից գտնվել են ոսկե իրեր: 2016-2017թթ. 17 և 18-րդ դամբարանններից 1500-ից ավել անագե ուլունքահատիկներ են դուրս եկել: «Մեր նախնիների համար այն թանկարժեք մետաղ էր, ուստի դրա հայտնաբերումը Արարատյան Դաշտում շատ խնդրահարույց է: Հայկական լեռնաշխարհը, Մերձավոր Արևելքը անագ չունի, այն բերվում էր կամ իրանական սարահարթից կամ Միջերկրական ծովի ավազանից: Սա ևս պետք է ճշտվի»,- ասաց հնագետը: Այդ գտածոները ուղարկվել են Գերմանիա, և այնտեղից ստացվել է պատասխան, որ այո, դրանք բոլորն անագից են: 

 

Երրորդ պեղումները Զորաց Քարերում էին, ըստ բանախոսի, այնտեղ աշխատել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ավարտվել է աշխատանքը կենտրոնական դամբարանում, որտեղից դուրս են բերվել 4 կմախքներ, երկաթի դարաշրջանի և 7-6-րդ դարերի  խեցեղենի բազմաթիվ բեկորներ, 10-ից ավելի բրոնզե ապարանջաններ, և հետաքրքիր նյութեր, որոնք ցույց են տալիս մշակութային կապերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանի մշակութային կենտրոնների հետ:

 

Հարցին, իսկ ապացույցներ չե՞ն գտնվել դեռևս, որ Զորաց Քարերը ծառայել է որպես աստղադիտարան, բանախոսը պատասխանեց, որ, որպես հնագետ, չի կարող ասել, որ այն եղել է աստղադիտարան, քանի դեռ դա ամրագրող գիտական ապացույցներ չկան և ինքն էլ չի գտել:

 

Տեսակետ լրատվականի հարցին, թե որոշ ժամանակ առաջ Տեսակետ ակումբում ասուլիսի ժամանակ մասնագիտությամբ ոսկերիչ, հետազոտող Գոռ Հովսեյանը  պատրաստել էր համապատասխան մակետը քարերի դասավորության, ըստ որի ստացվում էր համաապատսխան համաստեղությունը, արդյոք դա պատահականություն է, բացի այդ, առանձնացրել այն բոլոր գոգավորությունները քարերի վրա, որոնց հենվելով կարելի էր դիտել աստղերը, բանախոսն ասաց, որ ցանկացած քարի կամ փայտի վրա կարելի է անցք բացել և աստղերին նայել, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք աստղադիտարան ստեղծեցինք:

 

Հ.Գ. Գուցե գիտական ապացույցներ չկան, որ Զորաց Քարերը ծառայել են որպես աստղադիտարան, բայց և դա հերքող փաստեր էլ չկան: Հնագետը, սակայն այդ կարծիքին չէ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք փորձում ավելի պակասեցնել մեր պատմության արժանիքները, ինչո՞ւ ենք փորձում ապացուցել, որ աստղադիտարան չի եղել, և ոչ՝ որ եղել է, և աշխարհին արդեն հայտնի, ճանաչում ձեռք բերած փաստ է: 

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ