Մշակույթ - «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրությունը նորարարական մոտեցումներով կներկայացվի հայ թատրոնում

«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ստեղծագործության մեջ ներկայացվում են սուտը և դրա դրսևորումները. սուտը ամուսնական կյանքում, սուտը աշխատավայրում, երբ մարդն ինքն իրեն է ստում և հավատում դրան: Ամերիկացի հայտնի դրամատուրգ Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» հանրահայտ պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը մինչ ձմռան ավարտը կհանձնվի թատերասերների դատին: Մեծահասակների համար նախատեսված դրամատիկական բեմադրությունը կցուցադրվի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի հետ:

«Թատերասերները կնստեն բեմահարթակում դրված նստարաններին, իսկ ներկայացման գործողությունները կծավալվեն բեմից ներքև, այսինքն՝ հանդիսատեսը վերևից է դիտելու բեմադրությունը: Կարծում եմ` դա բավականին անսովոր կլինի»,-ասաց Մովսեսյանը: Նա շեշտեց, որ պիեսը շատ է բեմադրվում աշխարհի տարբեր ծայրերում գործող թատրոններում:

 

Այն հետաքրքիր ստեղծագործություն է, նյութ՝ աշխատելու համար: Նկարագրվում են ամուսնական զույգերի բարդ ու խճճված հարաբերությունները: Երկու զույգ, որոնք մի գիշեր հանդիպում են, և առաջին հայացքից անվտանգ թվացող երեկոյի ընթացքում նրանց փոխհարաբերություններում անսպասելի զարգացումներ են տեղի ունենում: Սա պատմություն է այն մասին, թե ինչ բարակ է բոլորիս կյանքում իրականության և հորինված աշխարհի միջև սահմանը և արժե՞, արդյոք, հրաժարվել երևակայականից և ապրել առօրյա կյանքով:

 

Ռեժիսորի խոսքով` հանդիսատեսի և ներկայացման միջև երկխոսությունն անմիջականորեն պայմանավորված է թեմայով: Նա կարծում է, որ մեզանից յուրաքանչյուրն օրվա ընթացքում հաճախ է բախվում այն խնդիրներին, որոնք ունեն ներկայացման գործող անձինք: Դիտելով այն` գուցե զուգահեռներ անցկացնեն իրենց և պիեսի հերոսների կյանքի միջև:

 

«Երբ գնում ես կրկես և շատ մոտիկից հետևում կրկեսային արենայում գործողություններ իրականացնող գիշատիչ կենդանիներին` վագրեր, առյուծներ, արջեր, մտածում ես, որ լավ է դրանցից հեռու նստելը: Այս ներկայացման ընթացքում հանդիսատեսը հայտնվելու է նման իրավիճակում, քանի որ գործող հերոսները ընթացքում վերածվում են վտանգավոր գիշատիչների»,-ընդգծեց Մովսեսյանը:

 

Դերասանական կազմում ընդգրկվել են Տաթևիկ Մելքոնյանը, Միկա Վաթինյանը, Լիանա Նիկողոսյանը և Ներսես Ավետիսյանը: Նրանցից երեքը փորձառու են, իսկ Ներսեսը խոստովանել է, որ սա առաջին լուրջ դրամատիկ ներկայացումն է, որում ներգրավվել է:

 

Բեմադրության նախաձեռնությունը պատկանում է ռեժիսորին և դերասաններին: «Երբ աշխատում էինք «Խոսիր ինձ հետ» ներկայացման վրա, որը կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին է, ցանկացանք ավելի խորը ներկայացնել այդ հոգեբանական դրաման ու զրույցներից մեկի ընթացքում հիշեցինք այս պիեսը: Այն լարվածության մեջ է պահում քեզ և անհամբերությամբ ցանկանում ես իմանալ, թե ինչ է լինելու վերջում»,-եզրափակեց Սամսոն Մովսեսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ