Հասարակություն - Ինչ-որ իմաստով` Վիգեն Սարգսյանը բանակում կատարում է «փոխանորդի» դեր. 1in.am

Վիգեն Սարգսյանը Հայաստանի ութերորդ պաշտպանության նախարարն է և բնավ էլ այնպես չէ, որ առաջին քաղաքական կամ քաղաքացիական դեմքն է այդ պատասխանատու պաշտոնում: Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում հատկապես աչքի են ընկել գործիչները, ովքեր չեն եղել պրոֆեսիոնալ զինվորականներ և բանակ են եկել համազգային շարժման կամ քաղաքական գործընթացի արդյունքում: Արցախյան հաղթական պատերազմով պայմանավորված` պաշտպանության նախարարությունը բացառիկ դերակատարություն է ունեցել պետական համակարգում: Այդ պաշտոնում հաճախ մարդիկ նշանակվել են իրենց քաղաքական կշռի, հեղինակության շնորհիվ:

 

Մյուս կողմից` պաշտպանության նախարարի պաշտոնը ճանապարհ է դարձել, որի շնորհիվ ազդեցիկ գործիչները հասել են իշխանության օլիմպոսին: Երկու անգամ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել են զինվորական կրթություն չստացած, սակայն քաղաքական մեծ հեղինակություն ունեցող Վազգեն և Սերժ Սարգսյանները` համապատասխանաբար 1991-92 և 1995-99 ու 1993-95 և 2000-2007թթ-ին: Երկու Սարգսյաններն էլ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել են վարչապետի պաշտոնին` համապատասխանաբար 1999 և 2007թթ-ի խորհրդարանական ընտրություններում լինելով ՀՀԿ առաջնորդներ:

 

Պաշտպանության երրորդ նախարարը` Վազգեն Մանուկյանը, նույնպես եղել է ընդգծված քաղաքական դեմք: 1992-ի ամռանը նա նախարար է դարձել իշխանության և ընդդիմության համաձայնության արդյունքում, իսկ 1993-ից` պաշտոնանկությունից հետո` ըստ էության, դարձել է միասնական ընդդիմության առաջնորդը: Կադրային գեներալները` Նորատ Տեր-Գրիգորյանցը (1992-93թթ), Վաղարշակ Հարությունյանը(1999-2000թթ) և Միքայել Հարությունյանը(2007-2008թթ) պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել են շատ կարճ ժամանակով` հիմնականում այն պատճառով, որ իշխանության վերնախավում կայացված որոշում չի եղել նախարարի հիմնական թեկնածուի շուրջ: Հայաստանի պաշտպանության նախարարների մյուս կարևոր առաքելությունն այն է եղել, որ նրանք կարողանան համակեցության բանաձև գտնել կադրային զինվորականության և Երկրապահի գեներալիտետի միջև: Դա արդյունավետ ստացվել է հատկապես Վազգեն և Սերժ Սարգսյանների, ինչպես նաև 2000-2007թթ-ին պաշտոնավարած Սեյրան Օհանյանի պարագայում: Իհարկե, վերջինս ավելի շատ ոչ թե խարիզմատիկ ֆիգուր էր, այլ բանակային երկու սեգմենտների կոնսենսուսի արդյունք: Օհանյանը պաշտոնավարեց յոթ տարի, բայց այդպես էլ չկարողացավ հաղթահարել Գլխավոր շտաբի դիմադրությունը և բանակում իրականացնել արմատական բարեփոխումներ, ինչի հետևանքով Հայաստանի զինված ուժերն, ըստ էության, անպատրաստ էին Ապրիլյան պատերազմին:

 

Վիգեն Սարգսյանը բանակի համար միանգամայն նոր կերպար է. նա առնչություն չունի ոչ գեներալիտետի, ոչ էլ` Երկրապահի էլիտայի հետ: Նրա հիմնական հաղթաթուղթը Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունն է:

 

Ինչ-որ իմաստով` Վիգեն Սարգսյանը բանակում կատարում է «փոխանորդի» դեր` ապահովելով զինված ուժերում նախագահական ուղղակի կառավարումը:

 

1in.am

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ