Քաղաքական - Շուշիի հաղթանակից` Մահապարտների կոչ. Վազգենը` հաղթանակի խորհրդանիշ

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ընդամենը զինվորական չորս միավորներ՝ ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու աոանձին բաժինները ստեղծվեցին ավելի ուշ։ Դեոևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ 1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը։

 

Տաղանդավոր գրողը` պաշտպանության նախարար

Վազգեն Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել 80-ական թթ-ից: Վազգենն առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ: Տաղանդավոր գրողը 1986-ից 1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական ակտիվ կարիերան ընդհատվել է համազգային շարժման մեկնարկով` չնայած Վազգենը շարունակել է գրել, և մերձավորները գիտեն, որ նրա օրագիրը չի ընդհատվել անգամ պետական գերծանրաբեռնված օրակարգի պատճառով:

 

Ավելի ուշ, Մեծ Վարպետը` Հրանտ Մաթևոսյանը, Վազգեն Սարգսյանի մասին ասել է. «… Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուրնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղաթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել»:

 

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով անդրադարձել է այն մեղադրանքներին, թե ինչու իր իշխանության տարիներին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն ունեին այդքան մեծ ազդեցություն: Տեր-Պետրոսյանը նկատել է, որ նրանք նվաճել էին իրենց տեղը` համազգային շարժման մեջ ունեցած իրենց հետագծով, գործունեությամբ, նվիրումով: Պատահական չէ, որ Վազգենը հասարակության կողմից արժանացավ Սպարապետ պատվանվանմանը: Վազգեն Սարգսյանի լուսավոր անվան հետ են ասոցացվում երկրապահ ջոկատների ստեղծումը, բանակի կայացումը, արցախյան պատերազմի հաղթանակը: Նա պատմության մեջ մտել է որպես խարիզմատիկ զորավար, հաղթանակի և անպարտության խորհրդանիշ:

 

Շուշիի հաղթանակից` Մահապարտների կոչ. Վազգենը` հաղթանակի խորհրդանիշ

Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության առաջին նախարարն` այդ պաշտոնը զբաղեցնելով երկու անգամ` 1991-92 և 1995-99թթ-ին: Նրա նախարարության շրջանում տեղի ունեցան արցախյան պատերազմի երեք բեկումնային իրադարձությունները: 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին` Արցախի պատմական մայրաքաղաքը: Մեկ շաբաթ անց հայկական զինված ուժերը գրավեցին Բերձորը(Լաչին)` ապահովելով Հայաստանի ու Արցախի ցամաքային կապը: 1992 թվականի ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ Ադրբեջանը ձեռնարկեց Գորանբոյ գործողությունը, ինչի հետևանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը: 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանը հանդես եկավ Մահապարտների հայտնի կոչով:

 

Նա հեռուստատեսային իր ելույթում ասել է. «Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։ Շնորհակալ եմ»:

 

Սպարապետի կոչով ձևավորված գումարտակը` «Արծիվ մահապարտներ», կազմավորվեց 1992 թվականի օգոստոսի 30-ին` գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո և պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ` համապատասխանաբար, 1992 թվականի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Սա բեկումնային պահ էր արցախյան պատերազմում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի անմիջական ջանքերով Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչև այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Նրանց թվում էին գեներալներ Գ. Ղալիբալթայանը, Ա. Հարությունյանը, Ն. Տեր-Գրիգորյանցը, Ք. Իվանյանը, Յու. Խաչատուրովը, Ա. Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և շատ ուրիշներ։

 

Կենդանի լեգենդը

Վազգեն Սարգսյանը լեգենդ էր դարձել դեռ կենդանության օրոք. ոմանք ակնածանքով էին վերաբերվում պատերազմի հերոսին, մյուսները վախենում էին նրանից:

 

Վազգեն Սարգսյանը գեղեցիկ ու պատկերավոր է նկարագրել իր կերպարի նկատմամբ հակասական վերաբերմունքը. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ` էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»: Վազգեն Սարգսյանը կարող էր դառնալ ականավոր գրող, սակայն համազգային շարժումը և արցախյան պատերազմը նրա համար կանխորոշեցին Սպարապետի փառավոր ուղին: Վազգենը կարող էր նահատակվել մարտի դաշտում, սակայն նա անպարտ մնաց` խորհրդանշելով արցախյան պատերազմի պատմական հաղթանակը: …

 

Հաղթական Սպարապետը դարձավ դավադիր կրակոցների զոհը` իր մահով ազդարարելով Երրորդ հանրապետության վախճանը:

 

Քառասուն գարուն ապրեց մեր Սպարապետը` դառնալով հայոց հաղթության և անպարտության խորհրդանիշը: Նա չհասցրեց ունենալ անձնական կյանք, երեխաներ` հայրենիքին ժառանգություն թողնելով հերոսական բանակը: Վազգենը հանգչում է Եռաբլուրի բարձունքում` հսկելով իր քաջերի հավերժ քունը, Հայաստանի ու Արցախի սահմանները: Շնորհավոր տոնդ, Սպարապետ…

 

1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ