Մշակույթ - Եկել է ժամանակը, որ մեր մշակույթի գործիչները և այն մարդիկ, որոնք ստեղծում են մշակույթի արտադրանք, մտածեն մեր ժամանակի մտածողության մեջ. Ա. Ամիրյան

Նախ պետք է վերլուծել, հասկանալ խնդիրները, ախտորոշել ու փնտրել ուղիներ, ճանապարհներ` գեներացնելու նոր ստեղծագործությունների ծնունդը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի նկատողությանն՝ ուղղված մշակույթի նախարարությանը, թե որոշ նոմինացիաներում նույնիսկ պետական մրցանակի արժանացողներ չեղան: Միևնույն ժամանակ Արմեն Ամիրյանը կարծում է, որ հայաստանյան մշակույթային գործիչները մի փոքր ժամանակին համընթաց չեն գնում:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակ, որ մեր մշակույթի գործիչները և այն մարդիկ, որոնք ստեղծում  են մշակույթի արտադրանք, մի փոքր մտածեն մեր ժամանակի մտածողության մեջ: Ժամանակների փոփոխությունը, կարծես թե արվեստի որոշ ճյուղերի առումով դեռ չի հասել իր գագաթնակետին: Պետք է առաջին հերթին փոխել մտածողությունը»,- ասաց նա:

Ամիրյանը չգիտի՝ 2018 թ.-ին Կառավարության փոփոխությունից հետո ինքը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՝ ոչ, բայց մի բանում վստահ է՝ անելիքներ շատ ունի: Նրա խոսքով՝ անելիքներ միշտ կան ու տարվա ընթացում ունենա բազմաթիվ միջոցառումներ՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական:

«Առջևում Հայաստանի Առաջին հանրապետության ու Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակն է: Այս տարի ապրիլի 24-ին մենք ունենք միացյալ երգչախումբ, եթե անցյալ տարի ապրիլի 24-ը նշանավորվեց համահայկական նվագախմբի ծնունդով, ապա այս տարի միացյալ երգչախմբով կնշանավորվի: Շուրջ 200-ից ավելի երգիչ և սիմֆոնիկ նվագախումբը միասին համերգ պիտի ներկայացնեն, կլինեն նաև որոշակի բեմադրված հատվածներ»,- նշեց Արմեն Ամիրյանը:

Նախարարն այս տարվա անելիքների մեջ կարևորեց «Գորիսն ԱՊՀ մշակութային  մայրաքաղաք» ծրագիրն,  ինչպես նաև այն, որ օգոստոսին ՀՀ-ն մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնյան ցուցադրությանը.«Մետրոպոլիտեն թանգարանում մեծամասշտաբ քաղաքակրթական ցուցահանդես է տեղի ունենալու, որն առաջին անգամ է ՀՀ պատմության մեջ, իտալական մի ընկերության հետ ժամանակակից արվեստի փառատոն է լինելու՝ 250 արտիստների մասնակցությամբ: Բոլոր ցուցասրահներն ու թատերական, համերգային դահլիճների սրահները դառնալու են ցուցասրահներ: Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովն է կարևոր, որը հիմնական մշակութային ծրագիրը, մենք ենք կատարելու»,- շարունակեց ներկայացնել Ամիրյանը:

Հարցին՝ Ձեր պաշտոնավորման ընթացքում ի՞նչ խնդիրներ հասցրեցիք կարգավորել, հաշվի առնելով, որ նոր նշանակված ժամանակ մշակութային ոլորտի մի շարք խնդիրներ մասին  խոսեցիք, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝  բոլոր առումներով խնդիրները կարգավորման ճանապարհին են, շատ առումներով նաև կարգավորված են:  Եթե ոլորտ առ ոլորտ անդրադառնանք, շատ երկար է լինելու, բայց ասենք, որ մեծամասամբ ունենք կարգավորված ոլորտներ, ունենք նաև կարգավորման ճանապարհին գտնվող ոլորտներ»:

Ինչ վերաբերում է ամենախնդրահարույց ոլորտին, Ամիրյանն առանձնացրեց հուշարձանների վերականգման ոլորտը, որտեղ, ըստ նրա` բազմաթիվ խնդիրներ կան:

Անի Օհանյան

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ