Տարածաշրջան - Մենք չենք կարող թելադրել` ում հետ Ռուսաստանն առևտուր անի, ում հետ՝ չանի․ Անդրանիկ Նիկողոսյան

Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի կարծիքով` անհնար է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում քչանա: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Ռուսաստանը երբեք Հարավային Կովկասից չի գնա:

Անդրադառնալով արևմտյան տեսաբանների կարծիքին, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում հնարավոր է՝ զենք արտադրող ընկերություններն այլևս չկարողանան նույնչափ զենք մատակարարել Հարավային Կովկասի երկրներից Հայաստանին և Ադրբեջանին, որքան մինչ հիմա են մատակարարել, Անդրանիկ Նիկողոսյանը նշեց. «Կարծում եմ՝ այնքան են մինչ հիմա մատակարարել, որ հետո, եթե չմատակարարեն էլ, խնդիր չի առաջանա»:

Ռուսաստանը, ըստ Անդրանիկ Նիկողոսյանի, չի պատրաստվում զիջել Հարավային Կովկասը ոչ մեկին: «Ռուսաստանը միայն երեկ ու այսօր չէ, որ հետաքրքրված է Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելով, մեծացնելով: Դարերով է գալիս այդ ցանկությունը: Եթե Ռուսաստանն այստեղ չլինի, չեմ կարող ասել, թե այստեղ ինչ կլինի, անկանխատեսելի իրավիճակ կստեղծվի»,- նշեց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու և այդ երկրի հետ հարաբերություններ զարգացնելու շուրջ հայկական կողմի քննադատություններին, Անդրանիկ Նիկողոսյանը նշեց՝ չենք կարող Ռուսաստանին արգելել՝ այլ երկրների հետ իր հարաբերությունները զարգացնելը:

«Ռուսաստանն ունի իր ռազմավարական քաղաքականությունը: Մենք չենք կարող թելադրել`ում հետ առևտուր անի, ում հետ չանի։ Ադրբեջանի հետ առևտուր է անում, մեզ զենքն ավելի մատչելի գնով է տալիս: Եվ մենք պարզապես այս պարագայում չենք կարող որևէ բան ասել Ադրբեջանին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքը կիրառվեց նույն Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ ապրիլյան պատերազմի ժամանակ, Անդրանիկ Նիկողոսյանը պատասխանեց․ «Մենք պետք է մտածենք մեզ համար զենք արտադրելու մասին: Իսկ նույն Ռուսաստանն իր զենքը վաճառում է և՛ Ադրբեջանին, և՛ Ուզբեկստանին, և՛ Տաջիկստանին, և նաև Թուրքիային: Մենք մերը պետք է ունենանք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Անդրանիկ Նիկողոսյանը պատասխանեց՝ Ադրբեջանն էլ Ռուսաստանի համար դաշնակից երկիր է: Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի շատ դրական, բարեկամական հարաբերություններ: Դա նրա ռազմավարական քաղաքական սկզբունքներով է պայմանավորված: Չենք կարող Ռուսաստանին ասել, որ վերանայի դրանք կամ փոխի: Չենք կարող նման բան անել»,- ասաց նա:

Մյուս դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ Ռուսաստանը` որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդ երկիր, չպետք է զինի Ադրբեջանին հարձակողական զենքերով, Անդրանիկ Նիկողոսյանը պատասխանեց՝ Ռուսաստանը դա չէր անի, եթե չունենար ԵԱՀԿ Մինսկի խմբի համաձայնությունը. «Ռուսաստանն ինչ անում է, համաձայնեցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: Փաստերը ցույց են տալիս, որ անգամ զենքի վաճառքը Ռուսաստանը համաձայնեցնում է ԵԱՀԿ մինսկի խմբի երկրների հետ»,-  նշեց նա:

Մեկ այլ դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը խոսել է Ռուսաստանի հետ հաջող համագործակցության մասին, մասնավորապես, որ 5 միլիարդ դոլարի  սպառազինություն է գնել և Ռուսաստանի հետ աշխատում են նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, Անդրանիկ Նիկողոսյանը պատասխանեց՝ պետք չէ հավատալ Ալիևի ամեն հայտարարության:

«Ավելի լավ է մեր նախագահին լսենք: Ամենայն լրջությամբ դրանք լսենք: Ադրբեջանի նախագահը կարող է ժամը մեկ հայտարարություն անել,- ասաց նա՝ պատասխանելով նաև նկատառմանը, թե մենք տեսնում ենք Ալիևի հայտարարությունների իսկությունը,-բայց չենք տեսնում, թե ինչ պայմանավորվածություններ չեն իրագործվում»:

Իսկ Ռուսաստանի հետ մեր և Ադրբեջանի հարաբերությունների մասին հայտարարությունները կշիկանան, կվարարեն, հետո կհանգստանան: «Հիմա մենք պարզապես պետք է շատ հետևողական, շատ սառը մեր երկիրն ու մեր սահմանները պաշտպանենք»:

Իսկ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ջերմացման մեջ մեղավորներ ընտրելիս, ըստ Անդրանիկ Նիկողոսյանի, պետք է հարց տանք․«Երբ մեր թշնամի երկրներն ավելի են մտերմանում մեր դաշնակից երկրների հետ, ովքե՞ր են մեղավոր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցների հետ ավելի լավ, ջերմ հարաբերություններ ունենանք»:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ