Մշակույթ - «Հիմա, չգիտես ինչու, ասում են, որ պետք է այրի կինը պատրաստի աղի բլիթը: Նման բան չկա». Ազգագրագետը՝ տոնի նրբությունների ու ավանդույթների մասին

Այսօր, հունվարի 25-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով տոնի ազգագրական, մշակութային, կրոնական առանձնահատկությունների մասին, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն ասաց, որ ինչպես ցանկացած տոն, այս մեկը ևս ունի իր արմատներում նախաքրիստոնեական շերտեր: Ինչ վերաբերում է Սուրբ Սարգսի տոնի ժողովրդականությանն ու սիրված լինելուն, այն ամենասիրված տոների շարքում էր և է, եթե խորհրդային շրջանում հասկանալի պատճառներով դա չէր նշվում, ապա մինչ այդ շատ հասարակայնացված լինելով, դրանից հետո այդ տոնը կամաց-կամաց վեր բարձրացավ և այօր, ըստ ազգագրագետի, իհարկե, ավելի ճիշտ և ընդունելի է նշել, մերը՝ ազգայինը, հայկականը:

 

Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ ցանկացած տոնից առաջ մարդիկ նախապատրաստվել են թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Տոնի նշման օրից հինգ օր առաջ մարդիկ պահել են պաս, հատկապես երիտասարդները պահում էին պասի մի տեսակ, ծոմ, որը կարող էր լինել միաժամ, դա նշանակում էր, որ հինգ օրվա մեջ միայն մեկ անգամ պետք է հաց ուտեին՝ մայրամուտից հետո, և կար անցվաղ ծոմ, այսինքն՝ այդ հինգ օրերի ընթացքում իրենց մարմինը ենթարկում էին որոշակի փորձության և նաև մաքրման՝ միայն ջուր էին խմում:

 

Անդրադառնալով աղի բլիթի ավանդույթի էությանը և գուշակություններին, ազգագրագետը նշեց, որ ժողովրդի համար շատ կարևոր է ինչ-ինչ արարողություններով կանխատեսել՝ տարին հաջող կլինի՞, ամուսնական զույգերը կհաջողե՞ն, ու քանի որ այս տոնը ուղղակիորեն առնչվում է երիտասարդերի հետ, տոնի նախօրյակին աղի բլիթ են թխել հետևյալ խորհրդով, թե պետք է երազում տեսնեն իրենց ընտրյալին: Հիմա, չգիտես ինչու, ասում են, որ պետք է այրի կինը պատրաստի աղի բլիթը, ազգագրագետի խոսքով, նման բան ազգային ավանդույթի մեջ չի եղել, քանի որ համոզում կար, թե նմանը նմանի է կանչում, հետևաբար հաստատ չէին ցանկանա, որ այրի կնոջ ճակատագիրը կրկնվի նորաստեղծ զույգի պարագայում:

 

Ավանդական հասարակության մեջ աղի բլիթի պատրաստումը տան մեծ կնոջ պարտականությունն էր, հետաքրքիր է, որ հենց ուրբաթ երեկոյան մարիկները, տան տիրուհիները սկուտեղի մեջ շարմաղում էին փոխինդ, որը բոված և երկանքով աղացած ցորենն էր, ըստ որում դրա կիրառությունը սննդում նախորդ հինգ օրերին բացառվում էր, ուստի և այս տոնը կոչում էին նաև պասը ասում էին խաշիլի պաս: Այս պասը բացում էին, հենց ուրբաթ երեկոյան փոխինդ պատրաստելով և խաշիլ կերակրատեսակը եփելով: Գուշակություններն անում էին դրա կարիքն ունեցող երիտասարդները, ովքեր արբունքի հասած տարիքում էին, աղի բլիթ ուտելով պետք է երազում տեսնեին իրենց ընտրյալին: Ըստ բանախոսի՝ որոշ ավանդապատումների համաձայն՝ եթե ոսկյա բաժակով է ընտրյալը ջուր տալիս, ուրեմն հարուստ է, եթե կավե կամ պղնձե գավաթով՝ սոցիալապես ավելի աղքատ խավի ներկայացուցիչ է լինելու: Հաջորդ օրը տան կտուրներին գուշակության համար դնում էին փոխինդից պատրաստված գնդիկներ կամ լավաշի կտորներ և հետևում, թե թռչունները որ ուղղությամբ դա կտանեն: Այստեղ նաև մեկ այլ գուշակություն էր ի հայ գալիս, փոխինդե գնդիկների մեջ դնում էին կուտ կամ կոպեկ, և տան երիտասարդներից ում ընկներ այդ կոպեկը, նա կհաջողեր սիրային կամ այլ հարցում:

 

Tesaket.info-ի հարցին, իսկ համեմատություններ կարելի՞ է տանել Սուրբ Սարգսի տոնի և Սուրբ Վալենտին արևմտամետ տոնի միջև, ազգագրագետը պատասխանեց, որ այս երկու տոները չեն նույնանում, մենք հատկապես կարևորում ենք 363 թվականին նահատակված Սարգսին, նույնացումը ինքը ազգագրագետը չի տեսնում, քանի որ թեև նորի ընկալումը լավ է, սակայն դա չի նշանակում մոռանալ մերը, ազգայինը: Հատկապես, որ Սուրբ Սարգիսը սիրո բարեխոս էր, արագահաս էր, բացի այդ այս տոնի շրջանակներում ոչ միայն երիտասարդներն էին, կարելի է ասել, գտնում իրենց կյանքի կեսերին, այլև ընդունված էր բարի գործ անել, օգնել չքավորին, մաքրազերծել հոգին և այլն:

 

Տոնի հոգեբանական իմաստի, երազի և ներշնչանքի մասին խոսելիս հոգեբան Սամվել Խուդոյանը ասաց, որ երազում տեսնելով ապագա ընտրյալին շատ անգամ մենք մեր ենթագիտակցականից բերում ենք գիտակցական այն իրականությունը, որը անվանում ենք ապագա կամ կանխատեսում: Մարդը, ըստ հոգեբանի, գիտակցական մակարդակում օգտագործում է ինֆորմացիայի մեկ տոկոսը, մնացածը մնում է մեր ենթագիտակցությունում, ուստի և երազները ունենում են զգուշացնող, կանխարգելիչ բնույթ: Ինչ վերաբերում է այդ գուշակություններին ու դրանց հավատալուն, մարդը միշտ էլ ձգտել է հասկանալ անձգտելին, և այդ կերպ կարծես կանխատեսել, ինչու չէ, նաև ղեկավարել իր հետագա քայլերը: Օրինակ, ենթագիտակցորեն, նա պատրաստ է որոշակիորեն փոխելու իր կյանքը, և այդ կերպ, գուշակությունների այսպես ասած կատարման միջոցով հավաստիանում է, հաստատակամ է դառնում իր քայլերում:

 

Հատկանշական է, որ հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ մի հետաքրքիր փաստ բերեց իր մանկությունից: «Տատս խուզում էր մեր մազերը և տալիս քամուն ու ասում՝ թող Սուրբ Սարգիսը ամեն չոռ ու չար աչք տանի ձեզանից»:

 

Հիշեցնենք, որ Սուրբ Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը: Այս տարի այն նշվելու է հունվարի 27-ին: 

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ