Քաղաքական - «Գեղամն ասաց՝ մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք». Սպանության գործով վկա. Aravot.am

Չարբախում մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր հարցաքննվեց գործով վկա Արամ Պետրոսյանը: Նա պատմեց, որ ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանն իր ընկերն է, հաճախ են հավաքվել նրա գեղեցկության սրահի նկուղային հարկում.

 

«Մենք ընկերություն չենք արել, այլ ախպերություն»: Ըստ նրա՝ դեպքից մի քանի օր առաջ. «Նստած ենք եղել, Գեղամն ասաց՝ մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք: Ասաց` ախպեր ջան ինքնասիրության հարց է դարձրել, 20 հազար տվել ա, 18 հազար հետ են տվել, հիմա 2 հազար դոլար պետք է տա, բայց 20 հազար են հետ ուզում: Ասաց` Մուշեղը կոնկրետ մեր հետևից ա ընկել: Ես էլ վերցրի զանգեցի Մուշեղին` ասել եմ` տվողն էլ գիտի ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` դե որ տենց ա` արի իրար տենանք: Իր խոսալը գիտեք ինչ ձևի էր` ապեր ջան լսում ես ինչ եմ ասում, ուրեմն սենց…ագրեսիվ էր շատ: Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր Բանգլադեշ եմ, արի ստեղ, կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնում ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն` նկուղային տունը, բացատրեցի հասցեն: Նստած էինք` ուժեղ ձայն լսվեց` Մուշեղն էր, տենց ուժեղ դուռը բացեց: Գևորգն էլ կանգնած էր էդտեղ, ասաց` սա մեր դռան դուռն է, ինչի ես տենց բացում դուռը: Գեւորիկի հետ երկու բերան խոսակցություն եղավ, սկսեց մեր քրֆել, Գևորիկն էլ նրան մեր քրֆեց: Մուշեղը պատրաստված եկել էր, ձեռը գցեց հետևը, զենքը հանեց ու Գևորի ուղղությամբ կրակեց: Գևորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ: Դեմս սիգարետի տուփ կար, վերցրի ու շպրտեցի վրան: Հետո թևիս տակ ուժեղ ցավ զգացի, ու բան չեմ հիշում: Հետո Գեղամի ձայնը լսեցի, ասում էր` օգնեք Արամին, խփել են»: Մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը ՝ էական հակասությունների հիմնավորմամբ: Ըստ նախաքննական ցուցմունքի`2016թ. նոյեմբերի 13-ին ինքը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ ու դռան մոտ չհասած Գեղամի ձայնն է լսել. «Ներս մտա, տեսա 20-25 անձի: Ճանաչեցի Աբոյին, Գևորիկին, Գեղամին, որը մեր բակից էր: Լսեցի տարբեր տեսակի հայհոյանքներ, տեսա որ մի տղա վազեց դեպի դուռը: Գևորգը և մի քանի անծանոթներ հարվածում էին նրան, հետո էդ տղան սկսեց կրակել, հետո փորիս հատվածում ուժեղ ցավեր զգացի, էլ բան չեմ հիշում… Հետո հիվանդանոցում Մուշեղին եմ տեսել` կողքիս պառկած, ինչ-որ մարդիկ լացում էին վրան»: 

 

Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից: Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 
Aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ