Քաղաքական - Սարգիս Հացպանյանը բարձրաձայնում էր այնպիսի թեմաների մասին, որոնցից կիլոմետրերով հեռու են փախչում ներկայիս մտավորականները

Սարգիս Հացպանյանն ուսուցիչ էր, ով բարձրաձայնում էր այնպիսի թեմաների մասին, որոնցից կիլոմետրերով հեռու են փախչում ներկայիս մտավորականները: Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում ծանր հիվանդությունից մահացած տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան, Արցախյան ազատամարտի մասնակից Ս. Հացպանյանին այդպես բնորոշեց նրա մտերիմ ընկերներից սփյուռքահայ լրագրող և պատմաբան Գևորգ Յազըճյանը: 
 
Ըստ նրա՝  Ս. Հացպանյանն այն եզակի մարդկանցից է, ում մասին հնարավոր չէ անցյալով խոսել: 
«Իր կյանքի վերջին 27 տարիները նա ապրեց հայրենիքում՝ տառապելով իր ազգի ցավերով, արտահայտեց դրանք անվախորեն ու խիզախորեն: Չէր էլ հարցնում, թե ով է դիմացինը, լիներ նախագահ, վարչապետ, կաթողիկոս կամ այլ մարդ, նա քննադատում էր, երբ անարդարություն էր տեսնում»,- նշեց Գ. Յազըճյանը՝ շեշտելով, որ Ս. Հացպանյանը հայ ժողովրդի վերջին տասնամյակների խիղճն էր: 
 
Սփյուռքահայ պատմաբանի խոսքերով՝ Ս. Հացպանյանը համահայկական մոտեցում էր ցուցաբերում Հայաստանի և Սփյուռքի հետ կապված խնդիրներին, և մինչև մանրամասնորեն ծանոթ չլիներ տվյալ խնդրին, դրա մասին չէր խոսի: 
 
Գ. Յազըճյանի գնահատմամբ՝ Ս. Հացպանյանի մյուս կարևոր հատկանիշն այն էր, որ նա վաղուց հայրենասիրությունից անցում էր կատարել հայրենատիրության. «Մարդկային մի որակ, որը դեռևս հազվադեպ է հանդիպում թե հայրենիքում, թե Սփյուռքում»: 
 
Իր հերթին «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանը նշեց, որ իր համար Ս. Հացպանյանը քայլող հանրագիտարան էր, ով չէր հոգնում մարդկանց սովորեցնելուց: 
 
«Իմ ծանոթությունը Սարգսի հետ եղել է Նարեկացի արվեստի միությունում, որտեղ անմնացորդ նվիրումով նա իր դասախոսություններն էր կարդում՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Նա վիլայեթ առ վիլայեթ պարզաբանում էր թեման, համեմում սլայդներով: Ես անսահման ափսոսում էի, թե ինչու նա չէր դասախոսում մեր բուհերում, անգամ այդ մասին նրան հարց տվեցի, բայց չպատասխանեց, միայն ժպտաց: Պարզ չի՞, թե ինչու»,- նկատեց Գ. Արշակյանը՝ հավելելով, որ այսօր Սարգիս Հացպանյանի նմանները տեղ չունեն բուհերում այն դեպքում, երբ նրա լսարանները մշտապես մարդաշատ էին լինում: 
 
Նրա բնորոշմամբ՝ Ս. Հացպանյանը սկզբունքային և անաչառ մարդ էր, ում կենսագրությունը մաքրամաքուր էր. «Նրա կորուստը համամարդկային է. նրա գնալով մեզանում պակասեց մաքրությունն ու համարձակությունը, կարծում եմ շատ-շատերն իրենց պետք է մեղավոր զգան Սարգսի այս կարճատև կյանքի համար»: 
 
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի փոխանցմամբ՝ Ս. Հացպանյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև էկոլոգիական շարժման մեջ: 
 
«Հացպանյանին ճանաչում եմ 1990 թվականից. Նրա հետ մշտապես համագործակցել եմ և կարող եմ ասել, որ նա մի մարդ էր, ով հավատարմորեն ծառայեց ռազմի դաշտում և հասարակական-քաղաքացիական կյանքում: Ի տարբերություն ինձ և իմ նմանների՝ նա ուներ խոսքի կուլտուրա, հրաշալի հիշողություն և պայծառ միտք»,- ընդգծեց Հ. Սանասարյանը՝ հավելելով, որ Ս. Հացպանյանն ուներ մարդկանց հմայելու հմտություն: 
 
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության մեկ այլ անդամ Սոսե Ղլեջյանի խոսքերով՝  Ս. Հացպանյանը գաղափարի և սկզբունքի առաջամարտիկ էր, ով իր մեջ կրում էր նաև հայ ազնվականի կերպարը: 
 
Նույն նախաձեռնության անդամ Սիրուն Սեմերջյանն էլ ըդնգծեց, որ բացի Հրանտ Դինքի անվան շքանշանաից, Ս. Հացպանյանն արժանացել է ևս մեկ կարևոր պարգևի՝ հայ ժողովրդի սիրուն ու երախտագիտությանը: 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ