Քաղաքական - Իրանում առկա բողոքի որոշակի ցույցերը համատարած բնույթ չէին կրում, երկիրը շարունակում է կայուն մնալ. իրանագետ

Այսօր, հունվարի 23-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նոր է վերադարձել Իրանից: Խոսելով Իրանում բողոքի ցույցերի մասին և այն տեղեկատվության, որ տարածվել էր ԶԼՄ-ներում, իրանագետն ասաց, որ այն շատ հակասական էր, իրականում Իրանում առկա բողոքի որոշակի ցույցերը, ոչ համատարած էին, ոչ էլ լայնածավալ, ինչպես ներկայացվում էր: Դրանք պայմանավորված էին երկրի տնտեսական- սոցիալական դաշտով, այդ ոլորտում վարվող պետական քաղաքականությամբ, ինչի արդյունքում զգալի գնաճ էր տեղի ունեցել: Ցույցերը, ըստ բանախոսի, սկզբնապես չունեին քաղաքական նպատակներ, չէին բարձրաձայնում քաղաքական պահանջներ: Ըստ Ոսկանյանի, դա տեղի ունեցավ ավելի ուշ, և հիմնականում ուղղորդվում էր դրսից:

 

Խոսելով այն տեղեկատվական հնարքների մասին, որոնցով հրահրվում էր այդ ամենը, բանախոսը շեշտեց մասնավորապես Telegram սոցիալական ցանցի ակտիվ մասնակցությունը, որը Իրանում ամենալայն տարածումն ունի՝ համակարգչի, սմարթֆոնների վրա օգտագործվելու առումով, և դրա ալիքներով թե ճշմարտացի, թե զանազան կեղծ տեղեկատվություն էր հաղորդվում: Ըստ բանախոսի՝ իրանցիների վերլուծությունների համաձայն՝ մասնավորապես սոցիալական ցանցերում ակտիվության 70%-ը գրեթե բաժին էր ընկնում Սաուդյան Արաբիայից ինտերնետ հասցեներին, ուստի ևս մեկ անգամ ակնհայտ էր դառնում արտաքին ազդեցությունը այդ ցույցերի հրահրմանը, և լրատվական ուռճացոււմն էլ տեղի էր ունենում տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս Իրանի հետ մեղմ ասած ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների կողմից:

 

Իրանցիները տեղյակ են, որ բացի Սաուդյան Արաբիայից, նաև դրանում իրենց մասնակցությունն են ունեցել Իսրայելը, ԱՄՆ-ն, ինչպես նաև Ադրբեջանը: Ըստ բանախոսի, ինչ-որ առումով կարելի է սրանով պայմանավորել Ադրբեջան-Իրան հարաբերություններում որոշակի սառեցումը, թեև իրանցիները բացահայտ ոչինչ չեն հայտարարում, քանզի դա նրանց դիվանագիտական ուրվագիծն է:

 

Ըստ Ոսկանյանի՝ փաստացի հետաձգվել է Աստարա կամրջի բացումը, որի շուրջ հատկապես հայ հասարակությունը անհանգստություններ ուներ, թե ուր որ է Իրանն ու Ադրբեջանը կմիանան երկաթուղով, իրականում այդ կամրջից հետո երկաթուղի գոյություն չունի մինչև Ռաշտ՝ մոտ 140 կմ և ավելի, բայց նույնիսկ այդ կամրջի բացումը հետաձգվեց, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում տեղապտույտ կա:

 

Ըստ բանախոսի, Իրանի ներքաղաքական կայունությունը հարցականի տակ չէ, նույնիսկ ԱՄՆ հռետորաբանության խստացման պայմաններում:

 

Անդրադառնալով տարածաշրջանում մեկ այլ իրադարձության՝ Թուրքիայի զորքերի ներխուժմանը Աֆրին, Ոսկանյանը ասաց, որ Թուրքիան այս կերպ փորձում է լուծել թե արտաքին, թե ներքին քաղաքական խնդիրներ: Խոսքը վերաբերում է մասնավորապես Էրդողանի վարչակարգին, որը, ինչպես գիտենք, իր գործունեությունը սկսեց քրդերի հետ հաշտեցման ծրագրով, բայց ինչպես ամենուրեք, այստեղ էլ տապալվեց: Այս իմաստով գործ ունենք մի իրավիճակի հետ, որը անհամեմատելի է Հյուսիսային Իրաքում ինքնավարության շուրջ ընթացող զարգացումների հետ: Իրականում այստեղ գործ ունենք, թեև քրդական, բայց երկու, նույնիսկ երեք տարբեր ուժերի հետ: Հիմնական խաղացողը Սիրիայի հյուսիսում Քրդստանի բանվորական կուսակցությունն է, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղում հենց Թուրքիայի ներսում, և, ըստ էության, Հայկական հարցի այսպես ասած լուծումից հետո, հենց այս կուսակցությունն է, որը Թուրքիայի համար առաջացրել է բազմաթիվ գլխացավանքներ:  Ուստի այս բոլոր քայլերը միտված էին Էրդողանի կողմից Սիրիայի հյուսիսում հաջողության հասնելու գերնպատակին:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ