Մշակույթ - «Դինքին, անկասկած, սպանել է հենց թուրքական պետությունը». Գերմանիայում Դինքի մահվան տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Գերմանիայի Քյոլն քաղաքում հիշատակի միջոցառում է տեղի ունեցել՝ նվիրված պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին:

Ինչպես փոխանցում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, միջոցառմանը ներկա են գտնվել հայ, թուրք և գերմանացի մի շարք գործիչներ, որոնց թվում են եղել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը, թուրք հայտնի մտավորական, պատմաբան, գրող և հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, Գերմանահայկական ընկերակցության նախագահ դոկ. Րաֆֆի Քանթյանը, գերմանացի լրագրող և գրող Գյունտեր Վալրաֆը:

Ջեմ Օզդեմիրն իր խոսքում նշել է, որ Հրանտ Դինքը Թուրքիայի պատմության մեջ ժողովրդավարության համար պայքարող ամենակարևոր անուններից է, ինչպես նաև հայտարարել է, որ Դինքին, անկասկած, սպանել է հենց թուրքական պետությունը:

Ռագըփ Զարաքոլուն իր խոսքում ընդգծել է, որ Դինքի մահով թուրքական հասարակության մեջ տեղի ունեցավ մինչ այդ նախադեպը չունեցած մի բան՝  «խղճի պայթյուն»:

«Հրանտ Դինքն իր մահով ինչ-որ իմաստով շատ բան փրկեց Թուրքիայում: Սա իրականում մի բան էր, որը իշխանությունները չէին հաշվարկել: Այն խղճի պայթյունը, որ տեղի ունեցավ նրա սպանությունից հետո, բոլորին զարմացրեց: Ինստիտուցիոնալ կարգի մաս կազմող խավերից անգամ տարբերվող ձայներ սկսեցին դուրս գալ, մարդիկ ասացին՝ «Այլևս բավական է»,- ասել է նա:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: 

 

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ