Քաղաքական - «Հայաստանում մի գործարարի խաբում են, շատ արագ դա տարածվում է սփյուռքում». Հրանուշ Հակոբյան. Aravot.am

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց. «Հայաստան-սփյուռք գործակցության արդյունավետությունը պայմանավորված է ներդրումներով: Սփյուռքի ֆինանսական հնարավորությունները բավականաչափ մեծ են, բայց ներդրումային առումով մենք չենք կարողանում ռացիոնալ ուղղություններ գտնել: Նրանք ոչ թե որոնումների մեջ են, այլ վստահության ինստիտուտը ցածր է, ներդրումների ռիսկը ՀՀ-ում լավագույններից չէ»:

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Մենք պետք է փորձենք նրանց օրինակի ուժով ներգրավել. «Ասում են՝ լավը կաղ է, վատը քամու արագություն ունի: Եթե մի վատ բան է կատարվում Հայաստանում, մի գործարար չի հաջողում, մի գործարարի խաբում են, չի կարողանում ներդրումներ կատարել այստեղ, բնականաբար, շատ արագ դա տարածվում է սփյուռքում և սփյուռքի վրա բացասական լուրջ ազդեցություն է թողնում: Դրա համար մեր խնդիրն է, որ կարողանանք լավերի օրինակը տեղ հասցնել: Ընդհանրապես ես բիզնեսմեն չեմ, բայց երևի բիզնեսի 90 տոկոսը, կայանում է, 10 տոկոսը ձախողվում է: Եվ ձախողումը այնքան է ազդում սփյուռքի վրա, որ անընդհատ պետք է իրենց համոզես, բացատրես, ներկայացնես, իսկ դա մենք փորձում ենք օրինակներով ցույց տալ, թե տեսեք՝ ով ինչ հաջողությունների է հասնել, փորձում ենք մեր արտոնությունները ներկայացնել: Սփյուռքահայերն ասում են, որ մաքսատանը բավականին փոփոխություններ են կատարվել: Ասացին, որ եթե առաջ ամիսներով սպասում էինք, մինչև ապրանքը մուտք գործեր, հիմա մի քանի ժամվա ընթացքում լինում է»:

 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հիշեցրեց՝ երբ մենք ձկնորսության ենք գնում, պետք է ոչ թե մտածենք, թե մենք ինչ ենք ուզում ուտել, այլ՝ թե ինչ է ուզում ուտել ձուկը. «Այսինքն, մեզ հետ պետք է ոչ թե խորոված վերցնենք, այլ՝ որդ: Ես երկար ուսումնասիրելուց սփյուռքի հարցերը հասկացել եմ մի բան, մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ենք ուզում սփյուռքից, այլ՝ սփյուռքն ինչ է ուզում մեզանից: Քննարկումների ընթացքում մեր հայրենակիցներն ասում են, որ ցանկություն ունեն ուղիղ ներդրումներ անել, ոչ թե բազմաթիվ կառույցներով, բյուրոկրատիայով»: Նա ասաց, որ եթե մինչև 100 հազար դոլարի փոքր արտադրությունների ծրագիր մշակվի, իրենք սիրով ներդրումներ կանեն: Հրանուշ Հակոբյանը պատգամավորներին ներկայացրեց իրենց ռազմավարությունը, 2017-ի և 2018-ի գերակա խնդիրները:

 

ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը հարցրեց՝ Սփյուռքի նախարարության 2018-ի ռազմավարության մեջ գերակա խնդիրներից Արցախին առնչվող կետը ինչո՞ւ է հանվել, 2017-ին էլ ցեղասպանությունը վերև էր, Արցախը՝ ներքև: Սա զուտ վրիպո՞ւմ էր, եթե ոչ, ինչո՞վ է պայմանավորված:

 

Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Հայաստան ասելով՝ հասկանում ենք նաև Արցախը, ոչ մի տարբերություն չենք դնում: Սփյուռքի գործունեության առյուծի բաժինը հենց Արցախինն է: «Դու ինչ ես արել Արցախի համար» շարժումը սկսվեց Արցախում, մենք փորձեցինք ավելի ոգևորել մեր երիտասարդությանը հատկապես, բայց միշտ չենք ուզում գերակաները կրկնել: Ասացին՝ գերակա հարցերը շատ եք գրում, կարճացրեք, 2018-ին 4-ն ենք գրել: Բայց երիտասարդություն ասում ենք՝ Արցախը հետն է, մշակույթ ասում ենք՝ Արցախը հետն է»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ