Քաղաքական - Հարկահավաքության թվերը մտավախության տեղիք են տալիս. 1in.am

«Հիմնական խնդիրը կապված է հենց հարկային մարմինների հետ, որն անընդհատ նոր օրենքներ, փոփոխություններ է բերում ԱԺ, և պարզ է, որ քաղաքական այն թիմը, որը պատասխանատու է և սպասարկում է իրենց բիզնեսին՝ գնում է այդ փոփոխություններին, որի արդյունքում Հայաստանում բիզնես միջավայր ձևավորելու խնդիրն արդեն վերանում է․ եթե մենք խոսում ենք բիզնես միջավայրի մասին, ապա դա նշանակում է խաղի կանոններ բավականին երկարաժամկետ կտրվածքով՝ ընդհուպ մինչև 5-10 տարի ժամկետով, որովհետև եթե երկիրն ուզում է թե՛ դրսի, թե՛ ներսի բիզնես անողների համար գրավիչ լինել, ապա խաղի կանոններն այդքան արագ չպետք է փոխվեն, ինչը, սակայն, մեզ մոտ այդպես չէ։

 

Ամեն անգամ այսպիսի հավաքներ անելը և զեկուցելը, թե տեսեք մենք այսքան հարկեր ենք հավաքել, բյուջե այսքան մուտքեր ենք ապահովել և այլն, և այլն, ապա հաջորդ հարցը պետք է լինի, թե արդյո՞ք 2016-2017թթ կամ 2017-2018թթ-ին դրույքաչափերի փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ․ հիմա նախատեսվում է 100 միլիարդ և նույնիսկ մի փոքր ավելի հարկեր հավաքել, իսկ ինչի հաշվին է սա լինելու՝ արդյո՞ք դրույքաչափերի բարձրացման հաշվին չի լինելու՝ իհարկե հենց դրա հաշվին է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՊԵԿ կատարած այցին և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացրած հաշվետվություններին։

 

Հիշեցնենք, որ ամանորյա տոներից ու իր արձակուրդից վերադարձած Կարեն Կարապետյանն աշխատանքային առաջին օրն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

 

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124․7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետևաբար, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 78․7 մլրդ դրամ կամ 7.3 %:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ