Քաղաքական - Պուտինի շանտաժը. ԼՂ խնդիրը՝ ռուս-ադրբեջանական նոր սակարկությունների առիթ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին հասցեագրած հատուկ ուղերձում, որպես ԵՏՄ-ում հունվարի 1-ից նախագահությունը ստանձնած պետության ղեկավար, առաջարկել է խորացնել համագործությունը Միությանը չանդամակցող ԱՊՀ անդամ պետությունների հետ: Ավելին՝ Պուտինն առաջարկել է այդ պետություններից մի քանիսին շնորհել ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: Թե հատկապես ԱՊՀ անդամ որ պետություններին է Պուտինը ցանկանում տեսնել ԵԱՏՄ դիտորդի դերում, ուղերձը չի հստակեցնում: Եվրասիական տնտեսական միության անդամ են հանդիսանում Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Հայաստանը։ Բացի նշված երկրներից, ԱՊՀ-ին անդամակցում են նաև Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, որոշ վերապահումներով՝ Թուրքմենստանը և Մոլդովան, որը ներկայումս քննարկվում է ԱՊՀ-ից դուրս գալու հարցը:

 

Դժվար չէ ենթադրել, որ Պուտինը ԵՏՄ, թեկուզ դիտորդի կարգավիճակով, հրավիրում է Ադրբեջանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին: Դիտորդները գրեթե միաբերան պնդում են, որ Ռուսաստանի նախագահի ուղերձն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, մանավանդ, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն անցած տարի տված հարցազրույցում ասել էր՝ Մոսկվան միայն ուրախ կլինի, եթե Բաքուն ԵՏՄ-ին ինտեգրվելու ցանկություն հայտնի:

 

Պուտինի ուղերձն ուշագրավ է մի քանի հարթության վրա: Այն հրապարակվել է ԵՏՄ ակնհայտ ճգնաժամի ֆոնին, երբ միության անդամ երկրները ֆորմալ առումով չեն վիճարկում իրենց անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն հնարավորինս դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը` առաջնահերթություն համարելով հարաբերությունների զարգացումը միջազգային այլ կենտրոնների հետ: Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախօրեին Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն ասել է, թե ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում, Ալեքսանդր Լուկաշենկոն էլ երկու օր առաջ հայտարարել էր՝ «Բելառուսը խաղաղասեր եվրոպական պետություն է»: Ահա ԵՏՄ-ում տիրող այս տրամադրությունների ֆոնին Պուտինը փորձում է կանխել կենտրոնախույս տրամադրությունները` պատրանք ստեղծելով, որ ԵՏՄ-ն ընդարձակվելու միտում ունի:

 

Իհարկե, Պուտինը հրաշալի գիտի, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար որևէ պետություն հերթ չի կանգնել, սակայն շարունակում է, այսպես կոչված, կայսրությունը ռեստավրացնելու քաղաքականությունը, որովհետև ընտրարշավի ժամանակ այդ թեման դարձրել է իր հիմնական քաղաքական ուղերձներից մեկը: Սակայն Պուտինի երեկվա ուղերձը մեզ համար ուշագրավ է այլ առումով. այն հարթակ է ստեղծում ռուս-ադրբեջանական նոր պայմավորվածությունների, սակարկությունների համար:

 

Ռուսական փորձագիտական և պաշտոնական շրջանակներում անընդհատ շրջանառվում է այն տեսակետը, որ ԼՂ հարցը կարող է արդյունավետ լուծում ստանալ եվրասիական ինտեգրման շրջանակներում: Ինտեգրացիան սկզբունքորեն նպաստում է հակամարտությունների կարգավորմանը և տարածքային վեճերի լուծմանը: Դա է հուշում Եվրամիության փորձը, երբ ինտեգրացիան նպաստեց Ֆրանսիայի ու Գերմանիայի բազմադարյա արյունոտ հակամարտության կարգավորմանը: Սակայն ասվածը բնորոշ է ռացիոնալ ինտեգրացիոն նախագծերին, որոնց պետությունները և ժողովուրդները մասնակցում են կամավորության սկզբունքով: ԵՏՄ-ն ռուսական շանտաժի դրսևորում է, հարթակ, որտեղ Մոսկվան հագուրդ է տալիս իր կայսերական հավակնություններին:

 

Նման ձևաչափում ԼՂ հարցը չի կարող ռացիոնալ լուծում ստանալ` ինչպես չի ստացել խորհրդային, այսպես կոչված, ինտեգրման շրջանակներում: Կայսրություններն, որպես կանոն, ոչ թե նպաստում են հակամարտությունների կարգավորմանը, այլ ավելի ռիսկային ու պայթունավտանգ են դարձնում դրանք:

 

Իհարկե, գործնականում գրեթե բացառվում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, բայց դիտորդի կարգավիճակը հրաշալի առիթ է, որպեսզի Ռուսաստանը հերթական անգամ խաղարկի ԼՂ խնդիրը` Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը մեծացնելու համար:

 

1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ