Քաղաքական - 2019 թվականից մենք գործ կունենանք ամբողջովին ավտորիտար Թուրքիայի հետ. թուրքագետ

Այսօր, հունվարի 19-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով ամփոփելով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը 2017 թ.-ին, ասաց, որ կարևորագույն ներքաղաքական իրադարձություններից էր իհարկե համաթուրքական հանրաքվեն, որը տեղի ունեցավ ապրիլ ամսին: Այն իսկապես պատմական նշանակություն ուներ, փաստորեն, այդ հանրաքվեից հետո արդեն 2019 թվականից գործ պետք է ունենանք բոլորովին նոր Թուրքիայի հետ, սա լուրջ շրջադարձ է, որով պետությունն անցնում է նոր կառավարման համակարգի:

 

Ըստ բանախոսի՝ սա սովորական փոփոխություն չէ, այլ Էրդողանի վաղուց փայփայած երազանքն էր, որպեսզի խորհրդարանը ամբողջովին սիմվոլիկ նշանակություն ունենա, և ամբողջ իշխանությունը կենտրոնանա նախագահի ձեռքում: Ընդ որում, ըստ Անուշ Հովհաննիսյանի, յուրահատկություն է, որ այդ սահմանադրական փոփոխություններով նախագահը իր ձեռքում է կենտրոնացնում ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր գործառույթները, որոշակի դատական գործերի խառնվելու իրավասություն է ստանում՝ օրենդրորեն ամրագրված: Ըստ բանախոսի՝ այն միտումը, որ Թուրքիան գնում էր ավտորիտար ռեժիմի, արդեն ստացել է օրենսդրական ամրապնդում:

 

Բանախոսի խոսքով հաշվի առելով Էրդողանի՝ այն անձը լինելու փաստը, որի համար այդ բոլոր փոփոխությունները արվել են, և 2019 թվականի նախագահական ընտրություններում նրա հաղթելու դեպքում, իսկ բոլոր փորձագետները այդ շանսերը շաշտ և շատ մեծ են գնահատում, մենք գործ կունենանք արդեն չափազանց բարդ հարևան Թուրքիայի հետ, ով մինչ այդ էլ պարզությամբ չէր փայլում դեպի մեզ՝ դեպի Հայաստան:

 

Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ 2017 թվականը նաև ցույց տվեց, որ Թուրքիայում գնալով ուժեղանում է իսլամիզմի գիծը, իսլամականությունը ավելի մեծ տարածում է գտնում, ընդգրկում ավելի լայն զանգվածներ, ու ամենահատկանշականն է, որ խթանվում է պետական մակարդակով: Այսպես, օրինակ, դպրոցներում, որը ամենակարևոր տեղն է, որը կրթում և սնում է ապագա անհատին, Թուրքիայի քաղաքացուն, ավելացել են կրոնի դասերը, այլևս դպրոցում չեն ուսումնասիրի դարվինյան տեսությունը, սակայն ավելացել են արաբերենի, Ղուրանի կարդալու դասերը, ավելացել է Իմամ-Հատիպների դպրոցը, որը նույնպես կրոնական կրթություն է տալիս, կրոնը կարևորագույն օղակ է դարձել զինվորական կրթության մեջ, 2017-ը նաև այդ առումով էր կարևոր, որ Թուրքիայի աշխարհիկ  պահպանողական բանակին շատ ուժեղ հարվածներ հասցվեցին, այն մաքրազերծումները, որ տեղի ունեցան զինվորականության շարքերում, և՛ բարձրաստիճան և միջին օղակի սպայական կազմում, թուլացրին թուրքական բանակի աշխարհիկ հատվածին, և իսլամական ոգին այնտեղ սկսեծ թափ հավաքել:

 

Այսօրվա Թուրքիայում չկա խոսքի ազատություն, բազմահազար լրագրողներ բանտարկված են կամ գտնվում են հետաքննության մեջ, փակված են հարյուրից ավելի լրատվամիջոցներ, կայքեր, հեռուստաընկերությունները ամբողջովին գտնվում են պետության վերահսկողության տակ, ինչը ևս չի կարող չազդել երկրի ավտորիտարացման վրա: Այդ պայմաններում, բնական է, որ խոչընդոտներ են առաջանում նաև հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ հայկական հարցի և այլ խնդիրների մասին հիմնականում բարձրաձայնում էին այն ազատական մամուլի ներկայացուցիչները, ովքեր այսօր լռեցվել են:

 

Ինչ վերաբերում Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, եթե մինչև 2007թ.-ը կարելի էր ասել, որ Թուրքիան ձգտում է դեպի ԵՄ, և անգամ 2005 թվականին այն դարձավ լիարժեք բանակցող անդամ՝ Եմ-ի կողմից ընդունվեց նրա թեկնածություն անդամագրվելու առումով, ապա 2007-ից այս կողմ հետ քայլերը ցույց տվեցին, որ Թուրքիան բոլորովին էլ մտադիր չէ ընդունել այն չափանիշները, որով ինքը պարտավորվում է լինել ԵՄ անդամակցող երկիր: Այս ֆոնի վրա մերձեցումը ՌԴ հետ, որը շատ հայ փորձագետներ անվանում են վտանգավոր, իրավիճակային է:  

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ