Քաղաքական - Սանչեսը ռեկորդ է սահմանում, իսկ Մխիթարյանը… Հենոյի դիրքը ֆինանսական պատերազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու նորությունը քննարկման լայն առարկա է դարձել թե՛ հայ երկրպագուների շարքերում և թե՛ ընդհանրապես եվրոպական ֆուտբոլում: Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային նորությունների թվիթերյան էջը երեկ տեղեկություն տարածեց, որ «Արսենալը» համաձայնել է Մխիթարյանին վճարել շաբաթական 130 հազար ֆունտ, և գործարքը կարելի է կայացած համարել։ Մխիթարյանը, բացի աշխատավարձից, կստանա նաև բոնուսներ և կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Թե որքան է կազմելու հայ ֆուտբոլիստի պարգևավճարների և բոնուսների չափը՝ այս պահին հայտնի չէ:

 

Նշենք, որ «Արսենալի» կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլը ստանում է շաբաթական 140 հազար ֆունտ աշխատավարձ: Այնուամենայնիվ, Օզիլը այս պահին «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը չէ: Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը, ըստ բրիտանական լրատվամիջոցների, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբում, ստանում է շաբաթական 200 հազար եվրո աշխատավարձ:

 

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանի և Սանչեսի տեղափոխությունը ձգձգվում է այն պատճառով, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որ իր հաճախորդն «Արսենալում» պետք է Սանչեսից պակաս գումար չվաստակի: Հիմք ընդունելով բրիտանական մամուլում տարածված նորությունները՝ ստացվում է, որ Մխիթարյանը «Արսենալում», այնուամենայնիվ, Սանչեսից քիչ է վաստակելու: Ավելին, ըստ dailystar պարբերականի՝ Մխիթարյանը «Յունայթեդում» շաբաթական ստանում է 140 միլիոն ֆունտ աշխատավարձ:

 

Մեսութ Օզիլը դեռևս 2017 թվականի վերջին պահանջել էր, որ «Արսենալը» իրեն շաբաթական 350 հազար ֆունտ վճարի: Լոնդոնյան թիմը մերժել էր Օզիլին՝ պատրաստակամություն հայտնելով շաբաթական վճարել 200 հազար ֆունտ: Սպասվում է, որ մոտ ապագայում Օզիլը կլքի «Արսենալը»: Նշենք, որ Պրեմիեր լիգայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Յունայթեդի» կիսապաշտան Պոլ Պոգբան է, որը շաբաթական ստանում է 290 հազար ֆունտ աշխատավարձ: Ըստ thesun-ի՝ տեղափոխվելով «Յունայթեդ»՝ Սանչեսը շաբաթական ստանալու է 450 հազար ֆունտ աշխատավարձ՝ դառնալով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Սանչեսի աշխատավարձի չափը կարելի է ֆանտաստիկ և ռեկորդային որակել: Համեմատության համար նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» շաբաթական ստանում է 360 հազար ֆունտ:

 

Ինչևէ, բերված թվերը խոսում են այն մասին, որ «Արսենալը» ի սկզբանե չի ցանկացել Մխիթարյանին վճարել շաբաթական 130 հազար ֆունտ: Այդուհանդերձ, ամենահարուստ առաջնությունում մղվող ֆինանսական յուրահատուկ պատերազմում Մխիթարյանը պահպանել է իր բարձր դիրքը: Ինչ խոսք, ֆինանսական տեսանկյունից «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանն ավելի շահեկան վիճակում էր: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնենք, որ ֆինանսական տեսանկյունից «Արսենալը» զիջում է «Մանչեսթեր Յունայթեդին» և ի զորու չէ աստղաբաշխական աշխատավարձեր տալ:

 

Հայ ֆուտբոլիստի՝ «Արսենալի» հետ համաձայնության մասին տեղեկատվությունը բրիտանական լրատվամիջոցները վերնագրել էին որպես հրատապ լուր: Մխիթարյան-Սանչես գործարքում Մխիթարյանի շուրջ ռեզոնանսը շատ ավելի մեծ է: Ակնհայտ է, որ «Արսենալում» Մխիթարյանն ունենալու է իր դիրքը և դասվելու է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների շարքում:

 

Այս գործարքում, կարծում ենք, մեծ է նաև Մինո Ռայոլայի դերը: Իտալացի գործակալը, կարծում ենք, էապես նպաստել է, որ «Արսենալը» զիջումների գնա և համաձայնի Մխիթարյանի առաջարկած պայմաններին: «Արսենալի» կողմից հայ ֆուտբոլիստի պայմաններին համաձայնելը վկայում է, որ լոնդոնյան ակումբի և մասնավորապես այս թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար Մխիթարյանը առանցքային ֆիգուր է: Կարծում ենք՝ պարզ է, որ ֆրանսիացի մասնագետը լուրջ պլաններ ունի՝ կապված Մխիթարյանի հետ:

 

Ու թեև կողմերը դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ, նշվում է, որ Մխիթարյանը նորամուտը լոնդոնյան թիմում կնշի արդեն հունվարի 20-ին: Այդ օր Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» մրցելու է «Կրիստալ Փելեսի» հետ: Նշվում է նաև, որ երեկ ուշ երեկոյան Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, մասնավորապես՝ Պոլ Պոգբային:

 

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ