Քաղաքական - ՀՀ Ազգային գրադարանը շարունակում է համագործակցությունը Ստամբուլի Աթա Թուրքի անվան գրադարանի հետ. Հայտնաբերվել է 57 անուն հայատառ գիրք, որոնք ընդհանրապես ներառված չէին մեր մատենագիտական ցուցակներում

Այսօր՝ հունվարի 17-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով գրադարանի՝ 2017 թ. գործունեությունը ամփոփելով ասաց, որ տարին շատ ծանրաբեռնված էր, ամենամեծ իրադարձությունը Ազգային գրապալատի ձուլումն էր Հայաստանի Ազգային գրադարանին: Բոլոր հավաքածուները տեղափոխվեցին, աշխատակազմի առումով ոչ ոք աշխատանքից չզրկվեց: Բանախոսի խոսքով՝ հատուկ տարածք հատկացվեց անձեռնմխելի հավաքածուներին, որը նկուղային հատվածում է, նաև բնական աղետներից պաշտպանվածություն կա, ջեռուցում և այլ պայմաններ:

 

2017 թվականի հոկտեմբերին բացվեց գրատպության թանգարանը, որտեղ շատ են այցելում երիտասարդներ, հյուրեր: Այն գտնվում է Ազգային գրադարանի Կորյուն փողոցով բարձրանալու հատվածում:

 

Խոսելով գրադարանի ընթերցողների թվի մասին, Տ. Զարգարյանն ասաց, որ այս պահին այն կազմում է 31 755 ընթերցող, 2017 թվականին գրանցվել է 3 367 հոգի, որից 2 357-ը՝ ուսանողներ են, և 1010-ը գիտական ընթերցասրահի ընթերցողներ: Գրքատածքը կազմել է 1 մլն 499 հազար միավոր, այսինքն այս ընթացքում այդքան գիրք է սպասարկվել, հաճախումների թիվը՝ 247 828 հոգի:

 

Մատենագիտական աշխատանքներին էլ անդրադառնալով, Տ. Զարգարյանը խոսեց այն մասին, որ սկսել են համագործակցել դրսի հրատարակիչների հետ: Հրատարակել են Պատրաստված է ԽՍՀՄ-ում, Հայաստան 1950-1991թթ. որը հայ գիտնականների կողմից այն ատենախոսություններն են, որոնց կամ թեքնածուականները կամ ատենախոսությունները ՌԴ պետական գրադարանում են գտնվում:

 

Երկրորդ խոշոր աշխատանքը, ըստ բանախոսի, հրատարակվել է ԱՄՆ-ում, <<Armenian Review>>, որը հայագիտական ամենաառաջին ամսագրերից մեկն է եղել ԱՄՆ-ում: Այն պատրաստել է Արա Ղազարյանը, գիրքը արդեն տպարանում է, շուտով կգա նաև Հայաստան: Հրատարակված է անգլերեն լեզվով:

 

Բանախոսի խոսքով՝ համար մեկ խնդիրը թվայնացումն է, որի հետ կապված աշխատանքները շարունակվում են, գրադարանը ստացել է 6 թվայնացման սարք, ինչն էլ հիմք տվեց ստեղծել համահայկական թվային գրադարան: «Գաղափարն այն է, որ մենք ունենք գաղթօջախներ, որտեղ լավ գրադարանավարներ ունենք, պատրաստ ենք իրենց թվայնացման սարքեր տրամադրել նաև ենթադրենք Պոլսի, Երուսաղեմի պատրիարքությանը, Վենետիկ Մխիթարյանների միաբանությանը, որպեսզի իրենք այնտեղ մեզ մոտ բացակա նյութերը թվայնացնեն, ուղարկեն մեզ, մենք տեղում նյութերը մշակենք և համացանցում տեղադրելով հասանելի դարձնենք բոլորին»,- ասաց նա:

 

Ըստ Զարգարյանի՝ շատ հաջողված էր ու լավ համագործակցություն ստացվեց Ստամբուլի Աթա Թուրքի անվան գրադարանի հետ աշխատանքների արդյունքը, գրադարանը աշխատում է 24 ժամ, 7 օր, գտնվում է քաղաքի ամենակենտրոնում, ընթերցողներով և երիտասարդներով լի է: «Մեզ համար շահեկանն այն էր, որ երկու մատենագետ այցելեցին այդ գրադարան, հայատառ գրքերի հավաքածուների կեսը ստուգեցին, գտան 57 գիրք, որոնք մեր հայ մատենագիտական ցանկերից ոչ մեկում ներառված չեն, դա դեռ հայատառ գրքերի կեսն էր ստուգված»,- ասաց գրադարանի տնօրենը:

 

Բանախոսի խոսքով՝ Երուսաղեմ այցի ժամանակ էլ գտել են Ոսկան Երևանցու աստվածաշնչի այն օրինակը, որն ինքը Կաթոլիկ եկեղեցու համար է հրատարակել: Մեկ այլ շատ կարևոր ծրագիր է համայքների գրադարանների համալրումը, կահույքով ապահովումը, օրինակ Մարալիկի և Ամասիայի գրադարանները ստացել են համապատասխան դրամաշնորհ՝ իրականացնելու կահույքի ապահովման և գրադարանի գրքերի թարմացման, համալրման աշխատանքներ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ