Քաղաքական - Տիկնիկային թատրոնում կրճատումներ են, փող չկա, վատ հետևանքներ կլինեն

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում աշխատողների մեծ մասը բավարար աշխատավարձ չստանալու պատճառով տեղափոխվել է կես հաստիքի:  «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Տիկնիկայինում տարեկան ներկայացնում են մոտավորապես 400 բեմադրություն, ամեն տարի ունենում են չորս նոր բեմադրություն:

 

- Պարոն Բաբայան, Տիկնիկային թատրոնի վիճակն այնքան է ծանրացել, որ այլևս աշխատողներ չեք կարողանո՞ւմ պահել:

- Աշխարհի ոչ մի երկրում թատրոնի խնդիրները չեն լուծվում տոմսի հաշվին: Աշխատել եմ ոչ մեկին չհեռացնել, որոշներին կրճատել եմ կես դրույք, սոցիալական անպաշտպանության պարագայում սա էլ է մեծ ձեռքբերում մեզ համար: Առհասարակ թատրոններում բարձր աշխատավարձ չկա, միջինը 100-ից 120 հազար դրամ, որն էլ բավականացնում է միայն առաջին անհրաժեշտության պարագաների, հագուստի և սննդամթերք առնելու համար:

 

- 2018 թվականին կրճատվելու են մշակույթի ոլորտին տրամադրվող գումարները, սա ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Տիկնիկային թատրոնի համար, եթե արդեն իսկ կան աշխատողների կրճատումներ:

- Եթե չեմ սխալվում, ոչ միայն մշակույթի, այլև առողջապահության ոլորտում են գումարներ կրճատվել: Իսկ սրանք, կարծում եմ, այն հիմնական հիմնաքարերն են պետություն և քաղաքակիրթ հասարակություն կառուցելու ճանապարհին: Չեմ կարծում, որ այս ոլորտների գումարի պակասումն առանց որևէ համապատասխան վատ հետեւանքի կմնա, այս ամենը, ցավոք սրտի, շատ շուտով իր վնասները զգացնել կտա:

 

- Ի՞նչ եք կարծում, արվեստագետներից բացի, խոցելի խավը ո՞րն է Հայաստանում:

- Սա իսկապես տագնապալի, ահավոր վիճակ է, որի մեջ գտնվում են մեր թոշակառուները: Երկրի քաղաքակրթությունը երևում է նրանով, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում ծերերին, երեխաներին, անօգնական մարդկանց: Եվ այս պարագայում չի  կարելի ամբողջ հույսը դնել այն բարեկամների, հարազատների վրա, որոնք ապրում են արտերկրում և ինչ-որ գումարներով կարողանում են օգնել: Սա առաջին հերթին պետության խնդիրն է:

 

- Ի՞նչ ակնհայտ թանկացումներ եք նկատում դուք, որպես ՀՀ քաղաքացի:

- Հունվարից մենք արդեն ականատես եղանք վառելիքի թանկացման, որին հաջորդում են մի շարք ապրանքատեսակներ, առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, որոնք տրանսպորտի միջոցով են տեղափոխվում: Հաճախ, երբ լսում ենք ՀՀ տնտեսագետների տված գնահատականները, հասկանում ենք, որ գտնվում են քաղաքական ազդեցությունների և ճնշման տակ:

 

- Տեղյակ ե՞ք, որ ԵԼՔ խմբակցությունը հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ է իրականացնելու: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

- Տեղյակ եմ, կարծում եմ, տրամաբանված է, քանի որ անկախ նրանից, որ մենք լսում ենք, թե տնտեսությունը սկսել է զարգանալ, երբևիցե չի կարելի քաղաքական պատճառաբանություններով արդարացնել տնտեսության վատ վիճակը: Քաղաքականությունն է տնտեսության շարունակությունը, այլ ոչ թե հակառակը:

 

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ