«TESAKET»-ի հյուրասրահ - Ի՞նչ է անում պետությունը նրանց համար, ովքեր վերջինիս անսասանության երաշխիքն էին ապրիլյան քառօրյային. Էքսքլյուզիվ հարցազրույց քառօրյայի մասնակից զինծառայողների հետ (տեսանյութ)

Ամբողջ համաացանցը ողողված է քննարկումներով այն մասին, որ օրերս ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տարածել էր իր Ֆեյսբուքյան էջում հայտարարություն առ այն, թե ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վնասվածք ստացած զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի համար կազմակերպել է այսպես ասենք՝ դրամահավաք:

 

«Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»,- ասված է գրառման մեջ։

 

Տեսակետի հյուրասրահում մենք զրուցեցինք «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ, 2016 թվականի քառօրյա պատերազմում ծանր վնասվածք ստացած զինծառայող Ալբերտ Դալլաքյանի մարտական ընկեր Մանուել Մանուկյանի, միևնույն ՀԿ անդամներ, քառօրյա պատերազմի մասնակիցներ Հայկ Թորոսյանի և Դանիել Դավթյանի հետ, պարզելու նրանց վերաբերմունքը վերը նշված հայտարարության առթիվ, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով պատմել իրենց առողջական խնդիրների մասին ևս:

 

- Տղանե՛ր, դուք այսօր Տեսակետ մամուլի ակումբում ունեցաք հանդիպում լրագրողների հետ, որի նպատակը հիմնական շեշտը Ալբերտի առողջական խնդիրների վրա ևս մեկ անգամ հասարակության լայն զանգվածների ուշադրության սևեռումն էր, բայց դուք էլ ունեք առողջական լուրջ խնդիրներ, որոնք ձեռք եք բերել այդ չարաբաստիկ օրերին՝ ձեր առողջությամբ հատուցելով մեր այսօրվա խաղաղ երկնքի տաակ ապրելու համար: Կպատմե՞ք մի փոքր:

- Ես Հայկ Թորոսյանն եմ, վիրվորվել եմ ապրիլի 2-ին, Արցախում, ստացել եմ գանգուղեղի բեկորային թափանցիկ պատռվածք, դեռ վերականգնողական փուլում է բուժումս, հենց վերականգնողական կենտրոնից էլ եկել ենք: Գլխիս ունեմ երկու բաց տեղ, բայց դեռ վիրահատության մասին խոսք չի գնում, երևի հետագայում պլաստիկ վիրահատություն հարկավոր կլինի կատարել:

- Ես Դանիել Դավթյանն եմ, նույնպես քառօրյա պատերազմի մասնակից, նույնպես ունեմ գանգուղեղային բեկորային վնասվածք, որը ստացել եմ ապրիլի 3-ին 2016 թվականի, անցյալ տարի ամռանը ունեի աջակողմյան գլխի հատվածում դեֆեկտ, այդ ամենը պրոթեզավորվեց, այժմ երրորդ վիրահատությունը պետք է լինի կամ գարնանը կամ ամռանը, աջակողմյան մարմնիս բոլոր հատվածներում կան բեկորներ, որոնք պետք է հեռացվեն:

 

- Իսկ ո՞վ է հոգում բուժման ծախսերը տղաներ:

- Այդ ամենը բարեգործական հիմունքներով է, ամենաառաջինը արձագանքել և մեր կողքին է կանգնել Թագուհի Օհանյանը, ապա իրազեկումը և մյուս կազմակերպչական աշխատանքները իր ղեկավարության տակ է վերցրել Հայկուհի Մինասյանը, ով նաև իրազեկմամբ և լրատվամիջոցների հետ աշխատանքներով է զբաղվում:

 

- Մանուե՛լ, ասուլիսի ժամանակ բարձրաձայնվեց այն հարցը, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ունենա և ինչու չունի նման ծրագիր կամ ֆոնդ, որով կապահովեր տղաների վերականգնման ծախսերը և այլ հոգսեր: Դուք տեղյա՞կ եք նման ծրագրերից կամ ունեցել եք հանդիպում ՊՆ-ի հետ:

Մանուել- Ճիշտն ասած, ո՛չ, ես չեմ հանդիպել նախարարի հետ, տեղյակ էլ չեմ, արդյոք կան նման ծրագրեր, կարծում եմ, որ տվյալ վերականգնողական հաստատության հետ համագործակցում են:

Հայկ- Առաջիկայում սպասվում է Առաջին հիվանդանոցի տարածքում վերականգնողական նոր կենտրոնի բացումը, որտեղ հույս ունենք, որ բոլոր հաշմանդամություն ստացած զինծառայողները կընդգրկվեն՝ բուժումը այնտեղ շարունակելու համար, քանզի սարքավորումների առումով ավելի հագեցած է այն լինելու:

Մանուել- Կոնկրետ Ալբերտ Դալլաքյանի մասին, ես մի տարի, գուցե մի քիչ քիչ իր հետ ծառայել եմ, շատ մտերիմ եմ եղել, իր հետ դեպքը պատահելուց մեկ ամիս հետո ես զորացրվել եմ և անընդհատ այդ ամբողջ ամիսը անհամբեր էի, թե երբ կայցելեմ իրեն: Ինքը այնքան ծանր վիճակում էր, նույնիսկ մոր անունը չէր կարողղանում հիշել, այսօր շատ ավելի լավ վիճակում է, բայց այդ վիրահատությունը ևս շատ անհրաժեշտ է:

 

- Իսկ այսօր ի՞նչ վիճակում է Ալբերտը: Միայն խոսքն է կարգավորվա՞ծ: Չի շարժվո՞ւմ:

- Շարժվում է, ուղղակի շատ խնդիրներ կան ուղեղի հետ կապված, ունենում է տեսողության կորուստներ, ցնցումներ: Վիրահատությունն էլ սարքավորումների պատճառով է, կարծեմ, որ այստեղ չեն կարող անել, որովհետև նույնիսկ ուղարկել են արտասահմանյան փորձագետներին նրա հիվանդության պատմությունը, որտեղից եկել է պատասխան, որ երաշխիք չկա, թե այստեղի սարքավորումներով վիրահատությունը խաղաղ կընթանա և դրական արդյունքով կպսակվի:

 

- Շնորհակալություն, տղաներ, ձեր անվախ լինելու, քաջարի կերպով ձեր մարտական ընկերոջ կողքին, անկախ ձեր իսկ ունեցած առողջական խնդիրների, կանգնած լինելու համար, ձեզ էլ առողջություն, ամենայն բարիք:

 

Հ.Գ. Տղաներ, կարելի է ասել, երեխաներ, 18-20 տարեկան, ովքեր դեռ կյանք չտեսած, արդեն թշնամու գնդակ տեսան: Ու այսօր էլ, չեք հավատա, բայց շատ ու շատ դռներ դեռ փակ են նրանց առջև, իրենք, իհարկե չուզեցին խոսել այդ մասին, բայց և ցավալի է, որ նման անձնազոհությունից հետո կան այնպիսի դռներ ու չինովնիկներ, որոնց համար այդ ամենը չի էլ եղել:

 

Մանրամասները՝ տեսանյությում:

 

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ