Տարածաշրջան - Թուրքիայում վերջին 4 տարում կասկածելի պայմաններում մահացել կամ սպանվել է 500 զինվոր. ուսումնասիրություն

Թուրքիայում վերջին 4 տարվա ընթացքում կասկածելի պայմաններում մահացել կամ սպանվել է բանակի 500 զինվոր, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

Թուրքիայում գործող «Կասկածելի մահերի և դրանց ուսումնասիրման կենտրոնի» նախագահ Օքթայ Ջանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ պաշտոնական շրջանակներն ամեն կերպ փորձում են կոծկել այս դեպքերն ու բացառում են բանակի ներսում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շարքային զինվորների սպանությունները:

«Երբ այդ մասին հարցնում ես նախագահին՝ ասում է՝ «Հրամանատարն իր իսկ զինվորի վրա զենք չի բարձրացնի»: Սակայն բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց հեղաշրջման փորձի գիշերը», - ասել է Ջանը, ում խոսքով վերջին 20 տարում կասկածելի պայմաններում մահացած թուրք զինվորների թիվը հասնում է 2500-ի:

Ըստ կենտրոնի ղեկավարի՝ հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կտրուկ աճել են նման մահերը բանակի ներսում, բռնության զոհ են դառնում հիմնականում քուրդ և ալևի զինվորները. դա է ապացուցում այն փաստը, որ իրենց կենտրոնին դիմողների 80 տոկոսը հենց քուրդ կամ ալևի ընտանիքներ են:

Օքթայ Ջանը նշել է, որ նման կենտրոն ստեղծելու դրդապատճառ է հանդիսացել սեփական վիշտը. այն բանից հետո, երբ հրամանատարի գործադրած բռնության հետևանքով մահացավ իր որդին, նա որոշեց օգնել նույն իրավիճակում հայտնված ծնողներին։

«Որդիս սպանվեց իր հրամանատարի կողմից գլխին արձակված երկու փամփուշտից: Նրա կոկորդի հատվածում էլ կապտուկներ կային», - պատմել է Ջանը, ում որդու սպանության գործով դատավարությունը դեռ չի ավարտվել: 

«Կասկածելի մահերի և դրանց ուսումնասիրման կենտրոնը» հարցը պատրաստվում է հասցնել մինչև երկրի խորհրդարան ու պահանջել Թուրքիայի բանակ զորակոչվող երիտասարդների՝ պետության կողմից կյանքի ապահովագրության ձևակերպման նախագիծ ներկայացնել:

 

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ