Քաղաքական - 2018-ի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին լարվածության աճը սպասելի էր

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ 2018-ի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին լարվածության աճը սպասելի էր: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է արդեն սովորած լինենք, թե ում հետ գործ ունենք:

 

«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք անընդհատ, որոշ ժամանակ անց նորից վերադառնում ենք նույն թեմային․ մենք գործ ունենք Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք բավական  կոշտ, անկանխատեսելի քաղաքականություն են վարում, անհանդուրժող քաղաքականություն ունեն հայ ժողովրդի նկատմամբ: Միամիտ լինել և մտածել, որ վաղը նրանք կհամաձայնեն, որ վաղն Արցախն անկախանա, պետք չէ»,- ասաց նա:

 

Նա հիշատակեց, որ դեռևս հոկտեմբերին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ինքը նշել է, որ վատ չէ, որ հանդիպումներ լինում են և որ լարվածությունն էլ փոքր-ինչ թուլանում է․եթե դա շարունակվի, ապա հնարավորություն կլինի վերադառնալ բանակցություններին:

 

«Այն, ինչ կատարվեց վերջին օրերին, երբ նրանք մեր զինվորին սպանեցին, մի քանիսին վիրավորեցին, ակնհայտ դարձրեց, որ նրանք ունակ չեն անգամ կես տարի դիմանալ, հանգստացնել իրավիճակը սահմաններին և շփման գծում, որ գոնե կես տարուց հետո վերականգնվի բանակցային գործընթացը: Ունակ չեն նրանք վստահություն մթնոլորտը վերականգնել»,- նկատեց նա:

 

Իրավիճակը հաշվի առնելով, ըստ Ստեփան Գրիգորյանի, պետք է ամեն ինչ անել հայկական բանակներն ուժեղացնելու, սպասվող մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

 

«Լավատես լինելու համար մենք ոչ մի հիմք չունենք: Ճիշտ է, միշտ պետք է պատրաստ լինենք նաև բանակցությունները վերականգնելու, բայց, միաժամանակ, չմոռանանք վտանգի մասին»,- նշեց նա:

 

Ստեփան Գրիգորյանը նաև նկատեց, որ  վերջին տարիներին բանակցային գործընթաց չկա էլ, եղած հանդիպումներում պարզապես կողմերը փորձ են անում ինչ-որ բան հասկանալ:

 

«Մեր կողմը ինչ-որ կառուցողական գծի վրա է փորձում դնել գործընթացը, բայց դա բանակցություն չէ, հանդիպում է: Իսկ թե բանակցություն կարող է լինել, թե՝ ոչ, կախված է Ադրբեջանի պահվածքից:  Եթե իրենք նորից շարունակեն նախապայմանային քաղաքականությունը, բանակցությունները չեն վերականգնվի նաև այս տարում: Բացի դրանից` կան 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ: Ժնևում՝ նախագահների հանդիպման ժամանակ նույնիսկ ստորագրվեց փաստաթուղթ, որ կողմերը համաձայն են իրականացնել ձեռք բերված համաձայնությունները, բայց եթե ստորագրելուց հետո Ադրբեջանը պայմանավորվածությունները չի կատարում, կրակում և սպանում է մեր զինվորին, ի՞նչ պետք է սպասենք»,- ասաց նա՝ համարելով, որ հավանականությունը, որ կվերականգնվի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը քիչ է, սակայն հանդիպումներ կողմերի միջև տարբեր մակարդակներով, կլինեն:

 

Ադրբեջանում սպասվող ընտրություններից առաջ, ըստ քաղաքագետի, պարզ է, այնտեղի իշխանությունները փորձելու են սրել իրավիճակը սահմանին: «Ընտրություններից առաջ միշտ էլ սահմանին ավելի լարված է։ Լարում են, որ ընտրվեն: Եթե իրենց մոտ ընտրությունները խաղաղ պայմաններում լինեն, իրենք չեն ընտրվի»,- ասաց նա:

 

Ստեփան Գրիգորյանի նկատառմամբ՝ հաշվի առնելով մեզ սպասվողը մենք պետք է փորձենք մեր խնդիրները լուծել, իսկ խնդիրները, ըստ նրա, մեր մեջ են, մենք պետք է հզորացնենք մեր երկիրն ու մեր բանակը:

 

Ադրբեջանին զսպելու մեխանիզմ միայն մենք կարող ենք ունենալ՝ մեր ուժեղ բանակով: Ըստ քաղաքագետի,  իհարկե, կան նաև միջազգային հանրության ձեռքում եղած զսպման մեխանիզմները, բայց դրանք կարող են գործի դրվել մասամբ:

 

«Իհարկե, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարևոր է նաև Ադրբեջանի համար: Բայց պետք է հաշվի առնել, որ բարդ է իրավիճակը, և մեծ խաղացողների միջև էլ տարաձայնություններ կան: Չենք կարող ասել, որ, օրինակ, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը միասին կդատապարտեն վաղը Ադրբեջանին: Եթե նման բան լիներ, ապա ակնհայտ է, որ պատերազմի հավանականությունն ավելի քիչ կլիներ: Իրենք իրար մեջ շատ խնդիրներ ունեն: Այդ իսկ պատճառով՝ այդ միջազգային գործոնը ԼՂ հիմնախնդրի համար չէի համարի լուրջ զսպման մեխանիզմ»,- նշեց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ