Քաղաքական - Իրանում բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 3,7 հազար մարդ է ձերբակալվել

Իրանի տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում 2017 թվականի վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 3,7 հազար մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի անդամ Մահմուդ Սադեգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ձերբակալվել են տարբեր իրավապահ մարմինների եւ անվտանգության ծառայությունների կողմից՝ ճշգրիտ թիվ նշել հնարավոր չէ», - հայտնել է Սադեգին երկրի խորհրդարանի ICANA գործակալությանը՝ նշելով, որ երկրում ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմում է 3,7 հազար մարդ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական իշխանությունները ձերբակալել են բողոքի ցույցերի հիմնական կազմակերպիչներին՝  ազատ արձակելով նախկինում ձերբակալվածների մեծամասնությանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի տարբեր քաղաքներում սկսված փողոցային բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել: Բողոքի պատճառը տնտեսական վիճակն էր, կոռուպցիան, բարձր գները եւ գործազրկությունը: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ բողոքներն առաջացել են երկրի ներքին խնդիրների պատճառով, ինչպես նաեւ հրահրվել են այլ երկրների կողմից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ