Մշակույթ - «Չորս նոր ներկայացում ենք ունեցել: Տարին հարուստ էր հյուրախաղերով ու փառատոներով». Ռուբեն Բաբայանը ամփոփում է տիկնիկային թատրոնի գործունեությունը 2017թ.-ին

Անցնող տարին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի համար հետաքրքիր էր և հարուստ: Դեկտեմբերի 29-ին Տեսակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ հետաքրքիր է տարին, թե ոչ, ստեղծագործական է, թե ոչ՝ կախված է յուրաքանչյուրից՝ կգտնե՞ն հետաքրքրություն կյանքում, արվեստում, թե՞ ոչ:

 

«Չորս նոր ներկայացում ենք ունեցել: Տարին հարուստ էր հյուրախաղերով ու փառատոներով, 12 փառատոնի ենք մասնակցել՝ Սախալինից Կանադա, տարբեր ռեժիսորների տարբեր ներկայացումներով՝ տիկնիկային, դրամատիկ, էքսպերիմենտալ, մրցանակներ ենք բերել փառատոնից՝ անգամ գլխավոր մրցանակ: Այս տարին հագեցած էր նաև սահմանային գյուղերում ներկայացումներով, մոտ քսան բնակավայր ենք մենք այցելել: Երկար հյուրախաղեր ունեցանք Արցախում»,- ասաց նա:

 

Բաբայանի խոսքով՝ եթե իսկապես ուզում ենք բանակը դարձնել ժամանակակից, ապա պետք է լինեն բոլոր բաղադրիչները, որոնք վերաբերում են և կրթությանը, և գիտությանը, և մշակույթին, որ ոչ թե կտրեն կյանքից, այլ դառնան նոր մի հույս:

 

Թատրոնի տնօրենը նշեց՝ կարևորը հանդիսականների թվերը չեն, այլ այն՝ պահանջվա՞ծ է թատրոնը, թե՞ ոչ, հետաքրքի՞ր է, թե՞ ոչ, փորձու՞մ է բարձրացնել որոշակի գեղագիտական հարցեր, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ: Նա ուրախությամբ ասաց, որ թատրոնում ակտիվ են աշխատում երիտասարդները, և իր խնդիրն առաջին հերթին տեսնում է երիտասարդներին չխանգարելու մեջ:

 

Բաբայանը խոսեց պետական սուբսիդիաների կրճատման մասին, ասաց՝ իր համար անհասկանալի է, որ ամենաբարձր ատյաններում ասում են՝ տնտեսության մեջ առաջընթաց կա, սակայն կրճատվում են երեք ամենակարևոր ոլորտներին՝ կրթությանը, առողջապահությանն ու մշակույթին տրվող ֆինանսական միջոցները:

 

«Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ՝ էլ առաջընթացը ո՞րն է: Յոթ տոկոս, այսինքն՝ ութ ու կես միլիոն դրամ կրճատել են: Հասկանալու համար՝ դա ինչ թիվ է, նշեմ՝ նոր ներկայացում բեմադրելն արժե մոտ երկու միլիոն: Ես, քավ լիցի, բացարձակապես չեմ ուզում առանձնացնել, կարծում եմ՝ այո, եթե գումարները քիչ են, պետք է բավարարեն բոլորին, բայց այս համահավասարեցումն այնքան էլ ճիշտ չէ՝ մենք բոլորս տարբեր ենք՝ և մարդիկ, և թատրոնները, ունենք տարբեր պահանջարկ»,- ասաց նա:

 

Բաբայանը համեմատության համար մի օրինակ նշեց՝ ծառը ոչնչացնելու մի քանի ձև կա՝ կտրել, այրել, թունավորել կամ պարզապես պակաս ջրել, այն կչորանա, արդյունքը նույնն է: Ոչնչացնողը կասի՝ ես ոչինչ չեմ արել, պարզապես ջուրն եմ պակասեցրել: Բաբայանն այս քաղաքականության մեջ տեսնում է խիստ մերժելի մի գաղափարախոսություն՝ այն, ինչ շահույթ չի բերում, անիմաստ է. մինչդեռ այս բնագավառների շահույթը ժամանակի մեջ է զգացվում:

 

«Եթե երկիրը դառնում է վայրենի, իսկ մենք չենք կարող չարձանագրել, որ ագրեսիվությունը մեր հասարակության մեջ գնալով ավելանում է, բացատրել դա սոցիալական վիճակով՝ այնքան էլ ճիշտ չէ, կարծել, թե սոցիալակն վիճակը լավանա, դա դուրս կգա, ճիշտ չէ»,- ասաց նա:

 

Նրա խոսքով՝ եթե պետությունը որոշակի սուբսիդիա է տալիս որոշ ոլորտների, նշանակում է՝ գնահատում է դրանք, ցանկանում է պահպանել, սակայն թատրոնը որևէ երկրում ինքնաֆինանսավորմամբ չի զբաղվել, դրա համար պետք է հասկանալ՝ ինչու է կատարվում: Բաբայանը նշեց, որ հաճախ կանգնում են շատ բարդ սոցիալական խնդրի առջև, ստիպված են լինում մարդկանց կրճատել, կես դրույք դարձնել:

 

«Մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են թատրոնին, ովքեր ժպիտ են պատճառել տարիներ շարունակ, շպրտում են դուրս, ասում են՝ վերջ, էլ պետք չե՞ս»,- ասաց նա:

 

Ամանորին թատրոնի փոքրիկ հանդիսատեսին հետաքրքիր ներկայացումներ են սպասվում: Բաբայանը նշեց, որ վերջին երեք տարիներին այն, ինչ կատարվում է ամանորյա ներկայացումների ժամանակ, իրեն շատ է դուր գալիս, դրանք հետաքրքիր են, մարդկային ու կանչող, ներկայացումների արձագանքներն ամենալավն են:

 

«Մենք բոլորս մեր երկրում իրատես լինելու պահանջ ունենք, որպեսզի կարողանանք մեր կյանքը տանել ճիշտ ուղիով, ատելությունը կուրացնում է, իսկ հանդուրժողականությունն ու սերը մեծ ճանապարհ է բացում»,- ասաց նա:

 

Թատրոնի տնօրենը նշեց, որ այս տարի ևս անապահով երեխաները կարողանալու են անվճար ներկայացում դիտել, արդեն իսկ մոտ յոթանասուն կազմակերպություն դիմել է իրենց, իրենք որևէ մեկին չեն մերժել, իրենց հնարավորությունների սահմանում 20-50 տոմս տրամադրել են նրանց: Սա, ըստ Բաբայանի, այն տոնն է, որից երեխային չի կարելի զրկել: Բաբայանը մաղթեց, որ նոր տարին սիրով անցնի, առանց ատելության, ժպիտով ու ուրախությամբ:



Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ