«TESAKET»-ի հյուրասրահ - Հարցազրույց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ

Տեսակետ լրատվականը տոներին ընդառաջ զրուցեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց ոչ միայն համայնքապետարանի աշխատանքների, համայնքի ձեռքբերումների, այլև սպասվելիք ծրագրերի մասին:

 

- Պրն. Համբարձումյան, գիտենք, որ 1 տարի է, ինչ պաշտոնավարում եք, որը, կարելի է ասել, այդքան էլ երկար ժամանակահատված չէ: Բայց նկատելի է, և մեր նախկին հարցազրույցներից էլ պարզ, որ արդեն իսկ բավականին առաջընթաց է նկատվում Մասիս քաղաքում:  Կխոսե՞ք այդ ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումների մասին:

- Ամանորի նախաշեմին բոլորս կարծես ամփոփում ենք այն ամենը, ինչ իրականացրել ենք անցնող տարում: Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարին Մասիս քաղաքի համար ձեռքբերումների և հաջողության տարի էր: Մենք կարողացանք արձանագրել բավականին դրական տեղաշարժեր մի շարք ոլորտներում: Ընդհանուր առմամբ,  տարին հագեցած էր բազմաբովանդակ միջոցառումներով և իրադարձություններով: Հաջողություններ ունենցանք մշակութային ոլորտում, ինչպես նաև նախադպրոցական, բարեկարգման, կանաչապատման և մի շարք այլ ոլորտներում:

 

- Իսկ խնդիրների, կամ ապագա ծրագրերի վերաբերյալ ի՞նչ կասեք:

- Չնայած արդեն իսկ իրականացված աշխատանքներին Մասիս քաղաքում, իհարկե, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լիահույս եմ, որ համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ նույնպես կստանան դրական լուծումներ: Մենք նախատեսում ենք առաջիկայում վերանորոգել համայնքում առկա մանկապարտեզներից երկուսը, միաժամանակ 2018 թվականին Մասիս քաղաքը ավարտին կհասցնի անցումը լուսավորության էներգախնայող LED համակարգին: Իմ համայնքի բնակիչները գիտեն, որ ես չեմ սիրում խոստումներ տալ ու նախընտրում եմ խնդիրների մասին խոսել, երբ արդեն լուծման ճանապարհին են դրանք:

 

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Քանի որ շուտով կնշենք ամենաընտանեկան ու սպասված տոներից մեկը` Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ուզում եմ շնորհավորել բոլորիս ու մաղթել, որ իրականանան բոլորի նվիրական սպասումներն ու խաղաղ լինեն մեր սահմանները: Թող ոսոխի զենքը այլևս չկրակի: Խաղաղություն և ներդաշնակություն բոլորիս:

 

- Շնորհակալություն Պրն. Համբարձումյան, մենք էլ ենք շնորհավորում Ձեզ Ամանորի և Սուրբ ծնդդյան կապակցությամբ, մաղթում Ձեզ, Ձեր ընտանիքին ամենաբարին, արգասավոր աշխատանք, նորանոր հաջողություններ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ