Ժամանց և շոու բիզնես - «Թղթի վրա գրում եմ երազանքս ու այն թաքցնում տոնածառի ճյուղերի արանքում»

Դերասան Արամ Ավետիսյանը, ով հանրությանն առավել  հայտնի դարձավ Յագոյի կերպարով՝  «Քարե Դարդ» հայկական սիթքոմում, կարծում է՝  հարկավոր է Ամանորը նշել տանը՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում:

«Կարծում եմ՝ դա այնպիսի տոն է, որ մարդ պիտի այն նշի իր ընտանիքի հետ: Երբևէ չի եղել այնպես, որ Ամանորն արտերկրում նշեմ», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արամը:

«Ամեն տարի մեծ սիրով եմ սպասում այս տոնին: Ավելին, այս տոնն ինձ համար ամենալավն է: Գոնե մի քանի օր մարդիկ ժպտում են: Պետք է ասեմ՝ սովորաբար տոնածառը զարդարում եմ Ամանորից մոտավորապես հինգ օր առաջ:  Մի հետաքրքիր բան եմ անում. թղթի վրա գրում եմ իմ երազանքը ու այն թաքցնում տոնածառի ճյուղերի արանքում,  որպեսզի իմ երազանքը կատարվի: Ամեն դեպքում, ես հավատում եմ դրան», – նշեց Արամը:

Դերասանը նշեց՝ իր համար ամենահիշարժան Ամանորը  եղել է  այն ժամանակ, երբ ինքը դեռ 10-11  տարեկան էր:

«Այդ ժամանակ ես ուզում էի համակարգիչ ունենալ: Բնականաբար, Ձմեռ պապին խնդրեցի, որ ինձ համար համակարգիչ բերի: Ու ես ստացա  այդ բաղձալի նվերը», – նշեց Արամը:

Հարցազրույցի վերջում Արամն իր բարեմաղթանքը հղեց ողջ հայությանը՝ ցանկանալով, որ բոլորը լինեն առողջ և որ իրականանան  բոլորի բարի ու գեղեցիկ երազանքները:

«Իսկ ամենակարևոր մաղթանքս այն է, որ  մեր երկրում տիրի խաղաղություն, և թող  Հայաստան աշխարհում   երբեք պատերազմներ չլինեն», – եզրափակեց դերասանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ