Մշակույթ - Քաղաքապետարանը մերժել է հայկական երգն ու երաժշտությունը զարգացնող երգահանների դիմումը (տեսանյութեր)

Ազգանվեր, հայապահպան գործով զբաղվող երգահանները այսօր անտեսված են նույն ազգի իշխանավորների կողմից: Tesaket.info են դիմել ահազանգով երգահան Աղավնի Նիկողոսյանն ու նրա թոռնիկ Հակոբ Ալիխանյանը, ովքեր բազմաթիվ հայրենասիրական երգերի հեղինակներ են, նրանց երգերը սիրված են, կատարվել են շատ հայտնի երգիչների կողմից, ովքեր այսօր մեծ անուն են ձեռք բերել, սակայն իրենք հեղինակները կարծես մնացել են ստվերում և անտեսված:

 

- Հակո՛բ, Դուք հարցազրույցից դուրս ասացիք, որ հատկապես հիասթափված եք վերջին դեպքից հետո, երբ դիմում-նամակով դիմել եք Քաղաքապետարան և մերժում ստացել:

- Այո՛, ստեղծագործում ենք շատ վաղուց, տատիկս յոթերորդ դասարանից մինչ օրս, ես էլ ժառանգաբար սկսեցի ստեղծագործել յոթերորդ դասարանից, ունենք երկար անցած ուղի, կատարում ենք ազգանվեր, հայապահպան աշխատանք, գովում ենք ազգ ու հայրենիք, Մուշ ու Սասուն, հայոց տներ, պապական քանդած օջախներ, հայոց հողեր, հայոց բանակ ու քաջ ֆիդայիններ, տարածում ենք հայրենասիրություն, ազգապահպանություն, ունենք թողարկած ձայնասկավառակներ, տեսասկավառակներ, ունեցել ենք 4 հեղինակային երգերի երեկոներ, վերջինս՝ հունիս ամսին տոնեցինք տատիկի 80 ամյակը: Նվիրվեցինք մեր ազգային արվեստին, շատ երգիչների աջակցեցինք սրտաբաց: Մեր երգերը տարածված են ամբողջ աշխարհով մեկ, կարելի է ասել, մեր չարչարանքը վայելում են ամբողջ աշխարհով մեկ, բայց մենք չունենալով թիկունք, համեստորեն, մեր մշեցու համեստորեն կյանքով ապրելով, ի դեպ, արմատներով մշեցի ենք, ապրում ենք մեր Մշո աղ ու հացով, ադաթներով, չունենալով թիկունք, տարիների ընթացքում կուտակվել են խնդիրներ, որոնք լուծել չենք կարողանում: Ամեն ինչ արել ենք մեր չարչարանքով, բայց այսօր խնդիրների առաջ միայնակ ենք, անգամ պետական մարմինները չեն աջակցում: Առնվազն մի շաբաթ առաջ, մեծ հավատով, մեծ հարգանք տածելով մեր հարգելի քաղաքապետի հանդեպ, դիմեցինք նրան աջակցության համար, ինքը քաջ տեղյակ մեր աշխատանքներին, ծանոթ լինելով մեզ, ստացանք մերժում, որը այս Նոր տարի օրով մեր սրտում մրմուռ գցեց: Էլ ի՞նչ սրտով Նոր տարի անենք,  երբ քաղաքապետը հաշվի չառավ տատիկիս տարիքը, նրա նվիրվածությունը և այլն: Մշակույթի նախարարությունը բացարձակ մերժեց, կազմակերպում էինք մարզային շրջագայություններ, դիմեցի նախարարություն, դիմեցի ծրագրով, նամակը երևի չէր հասել նախարարին: Ինչ-որ կին, ով աշխատում է այնտեղ, նրա մեկնաբանությամբ դահլիճ են տրամադրում, բայց այդ դահլիճն էլ ինքնարժեքով է:

Աղավնի Նիկողոսյան – Երեք հատ վիզա եմ ունեցել, բայց իմ երկրից չեմ գնացել, չեմ լքել հայրենիքս, հանուն նրա, որ իմ ազգին եմ ծառայում, սիրել եմ իմ հողը, իմ ջուրը, իսկ այսօր 4 անձով ապրում ենք մի սենյականոց բնակարանում, դիմել ենք Տարոնին, ասել է՝ ես բնակարան չունեմ, անգամ հանրակացարանային սենյակ չունեմ: Բա ո՞ւմ դիմենք: Հակոբս երիտասարդ տղա է, ուզում է ընտանիք կազմի, ինչպե՞ս, ուր բերի հարսին, եթե մենք տեղ չունենք:

 

- Հակո՛բ, դուք ասացիք, որ մի շարք երգիչներ ձեր շնորհիվ են ձեռք բերել իրենց այսպես ասած ստատուսը, իսկ դուք մնացել եք ստվերում: Մի քանի անուններ կնշե՞ք, ովքեր են կատարել ձեր երգերը:

- Ունեցել ենք 4  հատ համերգ, նպատակներ, ծրագրեր կան, բայց չկա ֆինանսավորող նոր երգեր թողարկելու համար: Մեր երգերը կատարում են շատերը՝ Ներսիկ Իսպիրյան, Աղասի Իսպիրյան, Արաբո Իսպիրյան, Գոհար Հովհաննիսյան, Ռուբեն Սասունցի, Նանա, Գարիկ Կիրակոսյան, Կարեն Առաքելյան, Հովիկ Հովսեփյան և այլն:

 

- Իսկ երբ հերթը հասնում է պայմանագիր կնքելուն, ինչպիսի՞ն է դիրքորոշումը: Գուցե չեք աշխատել այդ սկզբունքով, դրա՞ պատճառով է այսօր նման իրավիճակ:

- Ասեմ, չենք աշխատել այդ սկզբունքով, սիրով ենք տվել, թող հալալ լինի, մարդկայնորեն ենք մոտեցել, ու այսօր չենք կարողանում առաջ գնալ: Ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, բայց պահն է եկել ու անցել, որ կրկին կոչ ենք անում, հատկապես Սփյուռքում ապրող բարերարներին, ձեր սիրելի երգերը տատիկիս ձեռքի գործն են, մեկը լինի, ձեռք մեկնի, հովանավոր կանգնի, կարողանանք մեր ստեղծագործություններով գումար վաստակել և շարունակել զարգացնել մերը՝ հայկականը:

 

- Ճիշտ ենք հասկանո՞ւմ, որ իրավիճակը կշտկեր, եթե որևէ աստղ լիներ, ում հետ կնքեիք հեղինակային պայմանագիր և, օրինակ, տարեկան է, ամսեկան է, ստանայիք ձեր հասանելիքը տրված խոսքերի և երաժշտության համար կամ ունենայիք պայմանագիր որևէ երաժշտական ստուդիայի հետ:

- Գուցե այո, գուցե դա որևէ կերպ սկիզբ լիներ, որովհետև այսօր բազմաթիվ ծրագրեր միայն թղթի վրա են մնացել:

Աղավնի Նիկողոսյան - Մատաղ սերունդը ի՞նչ պետք է սովորի, երբ դրսից բերում են հնդիկներին, տեղավորում են այստեղ, ամեն օր ցույց տալիս: Իսկ հայրենանվեր գործով զբաղվողներս թիկունք չունենք:

 

Հարցազրույցին կարող եք հետևել նաև տեսանյութով:

 

 

Ահա և մի քանի տեսանյութեր՝ երգահանների ստեղծագործություններից, որոնք բոլորս սիրում ենք:

 

 

 

 

 

Հ.Գ. Իրոք, հեղինակների սրտի բողոքը հասկանալի է և արդարացված, չէ՞ որ այդքան մշակութային հաղորդումներ ունենալով, կարծես երբեք նրանց չենք տեսնում եթերով, ինչո՞ւ: Պակա՞ս կարևոր գործ են անում: Ցավալի է, որ այսօր ստեղծագործողը չի կարողանում իր ստեղծագործությամբ իր երկրում իր հացի փողը վաստակել, իր հողում ապրել:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ