Քաղաքական - Մասնավոր և պետական բուհերի միջև պետք է արդար մրցակցային պայմաններ ստեղծվեն․ Հյուսիսային համալսարանի ռեկտոր

 

 

Հյուսիսային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին:  Հիմնադրման առաջին իսկ օրվանից այս բուհն  իր առաջ  նպատակ դրեց․ ապհովել գիտականության, օրինապաշտության, մարդասիրության, հայրենասիրության և արդարացիության սկզբունքները:

Կարճ ժամանակահատվածում  Հյուսիսային համալսարանը վստահության արժանացավ հասարակության կողմից։  Մեր հասարակության մեջ  մի կարծրատիպ կա․ մասնավոր բուհերի կրթությունը իր որակով զիջզում է պետական բուհերին, բայց Հյուսիսային համալսարանը,  կարելի է ասել, կոտրեց այդ կարծրատիպը հատկապես  այն  ժամանակ, երբ բուհի շրջանավարտները  աշխատաշուկայում իրենց լավագույնս դրսևորեցին, և  այս բուհի ուսանողներից շատերը տարբեր ոլորտներում  մեր երկրի լավագույն մասնագետներից դարձան։


Հյուսիսային համալսարանի ռեկտոր, գիտությունների թեկնածու, մաթեմատիկայի դոցենտ, գիտխորհրդի նախագահ Բորիս Մակիչյանը Tesaket.info-ի հետ զրույցում պատմեց՝ բուհի հիմնադրման օրվանից  ջանացել  են այնպիսի  մասնագետներ պատրաստել, որոնք կիրենց  գիտելիքներով չպիտի զիջեն անգամ աշխարհի լավագույն բուհերում  սովորողներին։

«Հյուսիսային  համալսարանը ստեղծվեց  որպես հակառուսական տրամադրությունների հակակշիռ և խորհրդանշում է հայ-ռուսական կրթամշակութային հարաբերությունների գերակայությունը։ Պետք է շեշտեմ՝ 1998 թ. բուհը համակարգում առաջիններից էր,  որ իր   միջոցների հաշվին տեղեր հատկացրեց անվճար կրթության համար, որին հաջորդեց նաև ուսման առաջադիմության և սոցիալական տարբեր կրթաթոշակների սահմանումը, անվճար և վճարովի համակարգում սովորողների տեղակալման համակարգի ներդրումը։  Այսօր Հյուսիսային համալսարանում գործում են մի շարք անվանական կրթաթոշակներ՝ «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ», «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ», «ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ», «ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎ», «ԿԱՄՈ ՈՒԴՈՒՄՅԱՆ», «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ», «ԱՇՈՏ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ», «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ», «ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ» «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ», «ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ», «ՈՒՍՄԱՆ ՆՎԻՐՅԱԼ»։


Հյուսիսային համալսարանը, որպես հայ-ռուսական հարաբերությունների հենասյուն, կապեր է հաստատել մի շարք ռուսական բուհերի հետ՝ Ռուսաստանի քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում կազմակերպելով ուսման վարձի 50 % զեղչով։

 

Համալսարանում սահմանված է Նիկոլայ Ռիժկովի անվան կրթաթոշակ։ Ընդգծենք՝  բուհում զեղչով սովորելու հնարավորություն ունեն նաև այն երկրների քաղաքացիները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը», - նշեց Հյուսիսային համալսարաի ռեկտոր Բորիս Մակիչյանը:

Պետք է շեշտել՝ իր գործունեության ողջ ընթացքում համալսարանն  ապահովել է կրթության նորմատիվային, այդ թվում՝ լիցենզավորման և հավատարմագրման համար սահմանված որակյալ գիտամանկավարժական կազմի, ուսումնամեթոդական և նյութատեխնիկական հագեցածության ապահովման պայմաններն ու պահանջները, ինչի շնորհիվ 2001 թվականին ստանալով պետական հավատարմագիր` բուհն իր բոլոր շրջանավարտներին  հնարավորություն ընձեռեց արժանանալ պետական ավարտական փաստաթղթերի:

 Հյուսիսային Համալսարանի ռեկտորը վստահ է՝ պետությունը  պետք է աջակցի մասնավոր բուհերին։


«Պետությունը պետք է պետպատվերով կրթություն կազմակերպի նաև մասնավոր բուհերում, ինչը ամրագրված է Կրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում։ Մասնավոր և պետական բուհերի միջև պետք է արդար մրցակցային պայմաններ ստեղծվեն։ 2001 թվականից մի խումբ ոչ պետական բուհեր անցան հավատարմագրում՝ պետական հանձնաժողովի միջոցով քննություններ անցկացվեցին, բայց  ոչ մի անգամ դա պետական մակարդակով չհրապարակվեց։ Ամեն տեղ պետք է արդարամտություն լինի։ Պետությունը պետք է աջակցի նաև  մասնավոր բուհերին։ Մասնավոր  բուհերը պետության հետ հարաբերվում են միայն միլիարդավոր դրամներ հարկեր վճարելով։ Եթե արդարացի գնահատական լինի, առաջատար ծրագրեր իրականացնող մասնավոր բուհերը  որոշակի արտոնություններից պետք է օգտվեն։ Մասնավոր բուհերը պետք է  պետական աջակցություն ունենան։ Խոսքս միայն ֆինանսական աջակցության մասին չէ․ բարոյական, արդարամիտ վերաբերմունքի մասին եմ խոսում նաև։  Մի ցավալի խնդիր էլ կա․ ով տեղից վեր է կենում, մասնավոր բուհ  է հիմնադրում․ այս ոլորտը պետք է խիստ կանոնակարգված լինի, լիցենզիոն պայմանները պետք է այնպիսին լինեին, որ ամեն մեկը  մասնավոր բուհ չհիմնադրի։ Մասնավոր բուհ պետք է հիմնադրի այն մարդը, ով   այդ համակարգում որոշակի փորձ, ավանդ ու ներդրում ունի․․․ Իհարկե, եթե արդար գնահատական լինի, մրցակցային նորմալ պայմաններ լինեն, լինի պետության բարոյական աջակությունը, հնարավոր է, որ մասնավոր բուհը պետականից մի քանի գլուխ ավելի բարձր լինի։ Ինչպե՞ս է լինում, որ արտասահմանյան բուհերում այսպես է լինում, բայց մեզ մոտ չի ստացվում։ Օրինակ, ԱՄՆ-ում առաջատար բուհերը մասնավոր բուհերն են։ Իհարկե, պետք է  շեշտել՝  մեր երկրում որոշ մասնավոր բուհեր  իրենց գործելաոճով հանգեցրին նրան, որ այս համակարգը վարկաբեկեցին, բայց, միաժամանակ, կան այնպիսի մասնավոր բուհեր, որոնք, իսկապես, ոչնչով չեն զիջում պետական բուհերին։ Օրինակ, Մովսես Խորենացու անվան համալսարանը  շատ օրինակելի բուհ է․ օրենքից, կարգից գոնե մի փոքր չեն շեղվում։ Երբ  էլ այդ բուհ մտնեք, կտեսնեք՝ ռեկտորը գրասենյակային աշխատողների նման անդադար աշխատում է, ուսումնասիրություններ անում, որ հանկարծ ինչ-որ օրինախախտում չլինի, որ կրթության  որակն օր օրի բարձրանա․․․ Եվրասիա միջազգային համալսարանի, Գլաձոր համալսարանի  մասին ևս լավ կարծիք ունեմ։ Այո՛, մեզանում կան այնպիսի մասնավոր բուհեր, որոնք, իսկապես, օրինակելի են բոլոր առումներով», - նշեց Բորիս Մակիչյանը։

Պետք է  շեշտել՝ այսօր Հյուսիսային համալսարանը հագեցած է լավագույն տեխնիկական միջոցներով, ուսանողներին ժամանակակից գրականությանն ու նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին հաղորդակից դարձնելու համար  բուհում ստեղծվել է նաև  էլեկտրոնային գրադարան:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ ուսումնական պարապմունքներն առավել արդյունավետ և ժամանակին համընթաց կազմակերպելու նպատակով ստեղծվեց լինգաֆոնային կաբինետ, իրավագիտություն մասնագիտությամբ սովորողների համար հիմնադրվել է  կրիմինալիստիկայի լաբորատորիան, ժամանակակից սարքավորումներով և գույքով կահավորվեց մարզասրահը, կառուցվեց ժամանակակից տեխնիկայով հագեցված դահլիճ, որը յուրահատուկ որակ է հաղորդում համալսարանում տեղի ունեցող բոլոր հանդիսավոր միջոցառումներին: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի գործարկումը հնարավորություն  է տալիս առավել հրապարակային դարձնել համալսարանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը:

Հյուսիսային համալսարանի ռեկտորը շեշտեց՝  բուհն ապրում  է  մշակութային ակտիվ կյանքով,  մշտապես կազմակերպում է միջոցառումներ, սեմինարտներ, գիտաժողովներ։

2009 թվականին Հովհ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված տոնակատարությունների օրերին  համալսարանում բացվեց «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնը:

 

«2016 թվականի փետրվարի 19-ին համալսարանում կազմակերպված հանդիսության, ինչպես նաև Թումանյանի արձանի մոտ պսակադրման ընթացքում թումանյանագիտության ոլորտում ունեցած զգալի ավանդի համար, նախորդ տարիների նման, մեծ թվով մտավորականներ համալսարանի ռեկտորի կողմից պարգևատրվեցին «Թումանյան-145» հուշամեդալով: Նրանց թվում էին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրող Սուրեն Մուրադյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, «Կրթություն» թերթի խմբագիր Գագիկ Մինասյանը, ԱԺ Կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Հյուսիսային համալսարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Հակոբյանը և ուրիշներ։

Սանահինի համալսարանի 1050-ամյակին նվիրված «Հայաստանը՝ գիտակրթական կենտրոն» միջազգային գիտաժողովի համատեքստում 2016-ի նեյմբերի 10-ից մինչև 15-ը համալսարանի I հարկի դահլիճում կազմակերպվեց «Թումանյանական աշխարհի բնապատկերներ» խորագրով ցուցահանդես, որի հեղինակը համալսարանի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանն էր։ Այնուհետև հիշյալ նկարների ցուցահանդես կազմակերպվեց նաև Ալավերդի քաղաքում», - նշեց Հյուսիսային համալսարանի ռեկտորը։

 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին 7 տարիների ընթացքում անընդմեջ համալսարանում գումարվել են միջազգային գիտաժողովներ, որոնցից վերջինը միտված էր մեր երկրի հասարակաքաղաքական կյանքին վերաբերող և վերջերս հրապարակված շատ կարևոր խնդրի՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում «Բուհ-բանակ» համագործակցության գերակայությանը։ Գիտաժողովի հոդվածների ժողովածուն արդեն հրատարակվել է և շուտով կկազմակերպվի ժողովածուի շնորհանդեսը՝ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

 

Բորիս Մակիչյանը շեշտեց՝ ապագայի հետ կապված՝  բազմաթիվ ծրագրեր կան։ Ուժը, կորովը, ստեղծագործ միտքն ու նոր գաղափարները ևս կան։ Այնպես որ, Հյուսիսային համալսարանը շարունակելու է իր ամենօրյա տքնաջան աշխատանքով հասնել նրան, որ կրթի, դաստիարակի այնպիսի երիտասարդների, ովքեր  մեր լավ գալիքի երաշխավորներն ու կերտողները  պիտի լինեն։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ