«TESAKET»-ի հյուրասրահ - «Տոլման հայկական ուտեստ է». էքսքլյուզիվ հարցազրույց հնդիկ դերասան Շաֆի Ալ Կապրիոյի հետ (տեսանյութեր և լուսանկարներ)

Տեսակետի հյուրասրահում հյուրընկալվել է դերասան, Արմենիա Պրեմիում ալիքով հեռարձակվող «Սթենդ-Ափ Պրեմիումի» սթենդափավար, ազգությամբ հնդիկ, հոգով հայ Շաֆի Ալ Կապրիոն:

 

- Բարև Շաֆի, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար: Առաջին հարցը, որը երևի հուզում է քեզ լսած, տեսած, քեզ հետ շփում ունեցող յուրաքանչյուրին, որտեղի՞ց ես այդքան լավ տիրապետում հայերենին, նույնիսկ ավելի վարժ, քան շատ հայ երիտասարդներ:

 

- Բարև ձեզ, բոլորիդ, նախ կուզեմ ասեմ շնորհավոր բոլորիս Նոր տարին, առողջություն լինի բոլորիս, լավ տարի կլինի 2018 թվականը: Ինչ վերաբերում է հայերենին ինչպես եմ տիրապետել, ոչ մի հատուկ դասարան չեմ գնացել, կարելի է ասել, փողոցում եմ սովորել հայերեն:

 

- Մի փոքր կպատմե՞ս, ինչպես հնդիկ երիտասարդը հայտնվեց Հայաստանում, ինչ բարդություններ եղան, ինչպես ես տանում տնից հեռու լինելու կարոտը:

 

- Սկզբում ես եկել եմ Հայաստան որպես զբոսաշրջիկ՝ նայելու Հայաստանը, հետո ես շատ սիրեցի այն, եկել եմ 6 տարի առաջ, այժմ սովորում եմ Հայբուսակ համալսարանի 5-րդ կուրսում, լավն է Հայաստանը, շատ լավն է:

 

- Շաֆի, ինչպե՞ս հայտնվեցիր հումորային Սթենդ-ափ նախագծում, մինչ այդ տիրապետո՞ւմ էիր սթենդ-ափ ժանրին:

 

- Մի քիչ երկար պատմություն է, ես շատ եմ պտտվում Հայաստանով, ավտոստոպով, և ունեմ մի լավ ընկեր, անունը Սերգեյ, ի դեպ, բարև Սերգեյ ջան, մենք Հատիսի սարում էինք, երբ ես անհարմար եմ զգում ինձ, ես կատակներ եմ անում, և մի երկու կատակ արեցի, որից հետո նա ասաց՝ եղբայր, դու պիտի մասնակցես սթենդ-ափներին: Ես էլ ասացի, հա, բա ոնց: Բայց լուրջ չվերաբերվեցի դրան: Մտածեցի, բան է ասել է, կնցնի, կմոռանա: Բայց, փաստորեն չէր մոռացել, գնացել է տուն, խոսել է Լուսի Ալեքսանյանի հետ, ի դեպ, բարև Լուսի, որն էլ ասել է, թե արի տեսնենք՝ կարող ես այդ ժանրում հանդես գալ: Երբ գնացին, որ Լուսին ինձ լսի, մի տաս րոպե ենք շփվել, կոֆե ենք խմել, մեկ-երկու բան կատակեցի ու ասաց՝ Շաֆի, դու բոմբ ես: Եվ սկսեցինք, հիմա էլ շուտով լավ եթերաշրջան է սպասվում, կնայեք անպայման:

 

- Շաֆի, դու ունես մի շատ լավ սթենդ-ափ, որ հայերը հենց հնդիկ են տեսնում, հարցնում են՝ դու Ջիմիին ճանաչում ես, հիմա երևի արդեն Ջիմիի փոխարեն պետք է սկսեն քեզ հարցնել՝ Դու Տապասիային ճանաչում ես: Ինչպես կբացատրես, ըտս քեզ, որ հատկապես այսօր հնդկական սերիալները ամեն տան մեջ են, ու սիրված, ասեմ, անգամ ես եմ նայում ու կտրվել չեմ կարողանում:

 

- Կապ չունի, երբ դու նստում ես տաքսի, կամ նոր մարդու ես հանդիպում, միշտ հարցնում են այդ հարցը, հիմա էլ իրոք սկսել են հարցնել, դու Տապասիային ճանաչում ես: Ասեմ, որ ես հնդկական սերիալներ երբեք չեմ նայել ու չեմ սիրում, մեր տանը ծնողներս էլ դրանք երբեք չեն նայում: Երբ դու նայում ես հնդկական սերիալը այդ երկրի մշակութային առանձնահատկություններին ծանոթանալու համար, դա սխալ է, քանի որ շատ բան այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Այն պետք է նայել, ուրախանալու, թեթևանալու համար, ոչ թե ծանրաբեռնելու համար միտքը:Մի բան ասեմ, սերիալները միշտ անորոշ են վերջանում, տատիկների ճնշումը բարձրանում է, դա շատ վնաս է առողջության համար:

 

- Շաֆի, շուտով Ամանոր է, ինչ գիտե՞ս Հայաստանում նշվող Ամանորի մասին, կխոսե՞ս մի փոքր հնդիկների և հայերի Ամանորի տարբերությունների մասին, ինչպե՞ս են այն նշում Հնդկաստանում:

 

- Հնկաստանում Ամանորը լրիվ այլ կերպ է, քան այստեղ: Այնտեղ մշակութային առանձնահատկություններն էլ լրիվ այլ են, ես մուսուլման եմ, սակայն կրոնների խնդիր մեր երկրում չկա, մեր տանը ապրում են քրիստոնյա եկեղեցու սպասավոր քույրեր, այսինքն՝ դեռ փոքրուց մենք կարծես իմացել ենք նաև քրիստոնյաների սովորույթները: Մեզ մոտ Ամանորը տոնում են դեկտեմբերի 25-ին,ես ավելի սիրում եմ հայկական ամանորը, դեկտռեմբերի 31-ին, քանի որ միանգամից կարող ես ուտել մի շարք համեղ ուտելիքներ:

 

- Խոսք գնաց ուտելիքների մասին, ի՞նչ ես սիրում հայկական խոհանոցից:

 

- Ես խոհարար եմ, աշխատել եմ հայկական ռեստորանում, հնդկական ռեստորանում, շատ եմ սիրում տնական խորոված, բլինչիկ, ստալիչնի (մայրաքաղաքային աղցանը), հայկական տոլման:

 

- Այսինքն՝ դու էլ ես ընդունում, որ տոլման հայկական է՞:

 

- Այո՛, ով ինչ ուզում է ասի, տոլման հայկական ուտեստ է:  

 

- Ի՞նչ կմաղթես Ամանորի կապակցությամբ քո երկրպագուներին, հայերին, հնդիկներին:

 

- Ես ցանկանում եմ, որ հայ և հնդիկ ընտանիքներում լինի խաղաղություն, առողջություն: Մա՛մ, պա՛պ, շնորհավոր Նոր տարի, բոլորի համար լավ տարի լինի:

 

- Շաֆի՛, դու հարցազրույցից դուրս հետաքրքիր փաստ ասացիր Թաջ-Մահալի մասին: Կմանրամասնե՞ս:

 

- Հնդիկ թագավոր, որի անունն էր Շա Ջահան, իր կնոջ՝ Մումթասի մահից հետո նրա պատվին կառուցել է փառահեղ սպիտակ տաճար, Թաջ-Մահալը, ի նշան իր կնոջ հանդեպ մեծ սիրո և հավերժացնելու համար նրա հիշատակը: Բայց պետք է ասեմ, որ Մումթասը հայ էր:

 

- Սա էլ մեծ ապացույց հնդիկների և հայերի դեռ դարերից ի վեր եկած բարեկամության: Շնորհակալություն Շաֆի, հետաքրքիր փաստերի, հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն նաև, որ այդքան մեծ սեր ունես հայերի նկատմամբ, այդ սերը, հավատա, փոխադարձ է:

 

- Ձեզ էլ շնորհակալություն, ասեմ, որ իրոք շատ եմ սիրում Հայաստանը, ասեմ ավելին, ունեմ լավ լուր, հանդիպում եմ մի աղջկա հետ, ով հայ է: Հույս ունեմ, որ կկազմեմ ընտանիք հենց հայ աղջկա հետ:

 

- Շնորհակալություն Շաֆի, կսպասենք լավ լուրերի: Հաջողություն:

 

Հարցազրույցին կարող եք հետևել նաև տեսանյութում:

 

 

Շաֆիի սթենդ-ափերից էլ կարող եք դիտել այստեղ և հաջորդ տեսանյութում:

 

 

Հարցազրույցը վարեց Անուշ Կրկյաշարյանը:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ