Քաղաքական - «Ты супер! Танцы» նախագծի ժյուրիի բոլոր անդամները կանաչ լույս վառեցին գյումրեցի Աստղիկի ու Դավթի համար

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում ելույթ ունեցան Գյումրիից Մոսկվա մեկնած Աստղիկն ու Դավիթը և ելույթից հետո բեմից հեռացան հիացական բացականչությունների ու բուռն ծափահարությունների ներքո։ Նախագծի կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար նրանք հնդկական պար էին բեմադրել։ Աստղիկը ներկայացել էր հարուստ հնդկուհու, իսկ Դավիթն` աղքատ տղայի կերպարով:

 

Նրանց ելույթից հետո կարծիք հայտնեցին ժյուրիի հեղինակավոր անդամները։

 

«Հարցն այն չէ, թե ինչպես փոխանցեցիք կոլորիտը, այլ այն, որ մենք հավատացինք, թե մեր դիմաց հայեր չեն… Բոլորովին նոր գույներ տեսանք»,- ասաց ժյուրիի անդամ, թատերական բեմադրությունների պարուսույց և ռեժիսոր Եգոր Դրուժինինը։

 

«Աննկարագրելի շունչ կար»,- կարճ ու կոնկրետ ասաց թատրոնի և կինոյի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը և սեղմեց կանաչ կոճակը։

 

«Դուք իսկապես շատ աշխատասեր եք։ Երբ առաջին անգամ ելույթ ունեցաք, մտածեցինք` նրանց մեկ հնարավորություն էլ տանք, և դուք ցույց տվեցիք ժամանակակից խորեոգրաֆիա։ Ես նույնիսկ չգիտեմ, թե դեռ ինչեր կարելի է սպասել ձեզանից»,- հիացած ասաց բալետի պարուհի և Մեծ թատրոնի առաջատար մենապարուհի Քրիստինա Կրետովան։

 
«Դուք մեզ անչափ շատ դրական լիցքեր փոխանցեցիք, շնորհակալություն»,- ասաց պարուսույց Եվգենի Պապունաիշվիլին։

 

Նշենք, որ Աստղիկը դեռ դպրոց է հաճախում, քանի որ 7 տարեկանում է դպրոց ընդունվել, իսկ Դավիթը սկսել է դպրոց հաճախել վեց տարեկանից: Այս տարի նա ընդունվել է Գյումրու գեղարվեստական ակադեմիայի թատերական արվեստի բաժին: Մանկատուն է եկել առաջին դասարանում, իսկ Աստղիկը «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանն է հայտնվել հինգ տարի առաջ:

 

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։

 

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։

 

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ