Մշակույթ - «Սիմոն Գրքաշարյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ազգին, անգամ սրտի խորքում թշնամի էր համարում իր երկիրը լքողներին». Ազատ Եղիազարյանի հուշերը թարգմանչի մասին

Այսօր կլրանար թարգմանիչ, դոկտոր-պրոֆեսոր Սիմոն Կրկյաշարյանի 94 ամյակը: Նրա բարեկամների, ընկերների հուշերը իր մասին: Պատմում է նրա լավագույն բարեկամ, ընկեր, հարևան Ազատ Եղիազարյանը, ով ամեն Նոր տարի, եթե անգամ չայցելեր շնորհավորելու այլ հարևանների, Սիմոն Կրկյաշարյանի տանը սպասված ու սիրված հյուրն էր:

 

«Մոտ 35 տարի է՝ լավ բարեկամություն ենք արել Սիմոն Կրկյաշարյանի հետ, ու նրա մասին կուզեի նախ խոսել՝ որպես լավ գիտնականի, հնագույն պատմության լավաագույն մասնագետներից մեկն էր, դրանից ավելի նա հայտնի էր որպես բանաստեղծ-թարգմանիչ: Շատ բան արեց անտիկ գրականության գործերը հայերեն թարգմանելու համար: Նրանցից առաջինը ես ուզում եմ հիշել «Ոդիսականի» թարգմանությունը, որը անմիջապես ինձ վրա, երբ ես տարիներ առաջ կարդացի, թողեց շատ լավ տպավորություն: Այնտեղ զգացվում է բանաստեղծական մտածողություն, ասեմ, որ Կրկյաշարյանը, ում ստեղծագործական անունն էր և կոչում էինք Գրքաշարյան, շատ լավ էր տիրապետում հին հունարենին (գրաբարին), և նաև հայերենին էր հրաշալի տիրապետում, ուստի Ոդիսականի թարգմանութունը հրաշալի էր ստացվել: Հին հունական ողբերգություններ, պատմագրական երկեր, բոլորն իր մոտ լավ էին ստացվում: Հին հունական պատմագրական առաջին գործը Հերոդոտոսն էր, որը իմ կարծիքով փառահեղ է թարգմանված:

 

Ես շատ գնահատեցի Սիմոն Գրքաշարյանի և իր մի քանի ընկերների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հայրենադարձներից շատերը հետ գնացին, լավ արին, թե վատ արին, դա իրենց գործն է, բայց երբեք Սիմոն Գրքաշարյանը այդ մասին չխոսեց: Նա ամուր արմատները նետել էր Հայաստանում և մինչև վերջ ծառայեց հայ մշակույթին:

 

Նա շատ էր պատմում դիմադրության շարժման մասին, նա, և ինչը շատ կարևոր է, իր լուման ունի ֆաշիստների դեմ պայքարում, բոլոր հայացքներով իսկական հակաֆաշիստ էր, այդպիսին էլ մնաց մինչև վերջ: Մարդկայնորեն շատ հաճելի մարդ էր, ասող-խոսող, անեկդոտներ էր շատ սիրում պատմել: Ինձ վրա, որպես հարևանի և ընկերոջ, մեծ տպավորություն էր թողել, և միշտ խոսել եմ այդ մասին, որ հատկապես ակնածանքի էր արժանի Սիմոնի վերաբերմունքը իր տիկնոջը՝ բանաստեղծուհի Արշալույս Մարգարյանին: Միշտ հոգատար, ուշադիր, միշտ բակ միասին էին իջնում, բարձրանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է նրա մարդկային լավ հատկանիշների մասին:

 

Սիմոնի անունը կմնա հայ մշակույթի մեջ՝ որպես լավ մասնագետի, լավ թարգմանչի, իր գործի մեծ վարպետի»:

 

Ինչ վերաբերում է Սիմոն Կրկյաշարյանի մահվան հետ կապված և դրան նախորդող դառը դեպքերին, և այն խոսակցություններին, և հատկապես պտտվում էին նրա բարեկամների շուրթերից, թե Սիմոն Կրկյաշարյանը մի փոքր նեղսրտած հեռացավ իր կոլեգաներից, մեկնաբանելով այդ ամենը Ազատ Եղիազարյանն ասաց. «Չեմ ուզում խոսել ակադեմիական ընտրությունների շուրջ ծավալված պատմությունների մասին, բայց մի բան կասեմ հստակ. Սիմոն Գրքաշարյանին ոչ մի կոչում պետք չէր նրա արածը գնահատելու համար: Այնքան մեծ էր իր գիտական աշխատությունների, թարգմանությունների արժեքը, որ նա իր պատվո տեղն ուներ Հայաստանի գիտական-մշակութային հարթակում»:

 

Մեր ընթերցողին հիշեցնենք, որ 2010 թվականին Սիմոն Գրքաշարյանը իր մի շարք կոլեգաների հորդորով առաջադրվել էր որպես Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, սակայն, ի հեճուկս այն բոլոր հորդորների ու հավաստիացումների, թե՝ Հա, Պրն Կրկյաշարյան, դրեք ձեր թեկնածությունը, եթե դուք չէ, բա էլ ով» և այլն, չէր անցել և դրանից շատ էր տուժել իր հոգեկանը: Ակադեմիական ընտրությունների վերջին օրը, 2010 թվականի դեկտեմբերի 28-ին, դրան մասնակցելով վերադաարձել էր տուն և մի քանի ժամ անց վատացել, տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ էլ կյանքից հեռացել՝ 2011թ. հունվարի 5-ին:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ