Քաղաքական - Այսօր, դեկտեմբերի 7-ին, կլրանար պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի 94 ամյակը

Սիմոն Միսակի Կրկյաշարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գրողների միության անդամ, թարգմանիչ, պատմաբան, հունագետ, Իտալիայի Տիբերինա մշակույթի և գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Կոկինիա արվարձանում՝ 1923թ. դեկտեմբերի 7-ին, Կիլիկիայի Հաճն քաղաքից Եղեռնի տարիներին մազապուրծ եղած ընտանիքում: Կաշեգործ-արհեստավոր հաճընցի Միսակ Կրկյաշարյանի և տնային տնտեսուհի ադանացի Ազնիվ Իրատյան-Կրկյաշարյանի անշուք հարկի տակ ծնվեց երիտասարդ ամոլի անդրանիկ որդին, որին մկրտեցին իր պապի անունով՝ Սիմոն: Նախնական կրթությունն ստացել է տեղի միակ յոթնամյա հայկական դպրոցում, ապա հաճախել հունական գիմնազիա և ավարտել այն 1943թ.-ին: Նա միակ հայն էր այդ գիմնազիայում: Գիմնազիայում սովորած տարիներին նա աշխույժ մասնակցություն է ունեցել Հունաստանը բռնազավթած իտալո-գերմանական օկուպանտների դեմ սկսված Դիմադրության շարժմանը՝ 1941թ.-ից գլխավորելով գիմնազիայի աշակերտական ընդհատակյա կազմակերպությունը: Նա մտել է ԷԱՄ (Էլլադայի Ազատագրական Միություն) շարքերը, եղել նրա երիտասարդական կազմակերպության (ԷՊՕՆ) ընդհատակյա շրջանային կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1944թ.՝ Թեսսալիայի Տրիկալա քաղաքի շրջանում գործող պարտիզանական ջոկատներում պատասխանատու աշխատող: Դրան զուգընթաց անդամակցել է գիմնազիայում կազմակերպված գրական խմբակին, լույս ընծայել իր անդրանիկ «Ցայգալույս» բանաստեղծությունների ժողովածուն՝ հունարեն լեզվով:

 

1944 թվականին ընդունվեց Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարան, որտեղ սովորեց մինչև 1947թ., մինչև հայրենադարձվելը: Այս ընթացքում արդեն քաղաքական-հասարակական բուռն գործունեություն է ծավալում Աթենքի հայկական համայնքում, սկզբում որպես «Նոր կյանք» առաջադիմական օրաթերթի աշխատակից, ապա որպես նույն թերթի խմբագիր: Այդ ընթացքում նա մեծ նպաստ է բերել Հունաստանում ծավալված հունահայերի հայրենադարձության կազմակերպման գործին: Նա պաշտոնավարել է նաև որպես ուսուցիչ իր իսկ սովորած դպրոցում:

 

1947թ.-ի վերջին, որպես կարավանապետ, 2750 հունահայերի հետ վերադարձավ հայրենիք և հաստատվեց Երևանում: Հայրենադարձվելը շրջադարձային փուլ եղավ Կրկյաշարյանի կյանքում: Սկզբնական տարիներին նա Երևանում մտավ մանկավարժության ասպարեզ, որպես միջնակարգ դպրոցի պատմության դասատու: 1950թ. ընսդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) պատմության ֆակուլտետ, որը գերազանց ավարտում է 1954 թվականին: Հենց ուսանողական տարիներն են Ս. Կրկյաշարյանի մոտ բացահայտում գիտական աշխատանքով զբաղվելու հակումները:

 

1959թվականին ընդունվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա, ուսումնառության համար գործուղվում Լենինգրադ, տեղի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հունաստանի և Հռոմի պատմության ամբիոն: Դեռևս ասպիրանտուրայում սովորած տարիներին Ս. Կրկյաշարյանը Մոսկվայի համալսարանի հրապարակած Научные доклады высшей школы. Исторические науки պարբերականում հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ «Возникновение городов в Армении во II в. До.х.э.-IIIв. н.э»:

 

Ասպիրանտուրան ավարտելուց հետո, 1962թ. վերադառնում է Հայաստան և որպես կրտսեր գիտական աշխատող աշխատանքի անցնում Պատմության ինստիտուտի Հայաստանի հին և միջին դարերի պատմության բաժնում, որտեղ էլ հասունանում որպես հայագետ-աղբյուրագետ և հելլենագետ:

 

1963թ. Երևանում պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը «Հելլենիստական թագավորների փոխհարաբերությունները Փոքր Ասիայի և Հայաստանի քաղաքների հետ» թեմայով, ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1980թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հին Հայաստանի պետական կառուցվածքը» թեմայով և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

1977թ. ընդունվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գրողների միության անդամ, 1977-1993թթ. հրավիրվել է Էջմիածնի հոգևոր ճեմարան, որտեղ համատեղության կարգով պաշտոնավարել է որպես պատմության, անտիկ գրականության և հին հունարենի դասախոս: 1987թ. ընտրվել է Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ, 1996-2001թ. դասախոսել է Հրաչյա Աճառյան համալսարանում՝ նոր հունարեն առարկան, 200թվականին դարձել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արժանացել է ՀԳՄ  Կանթեղ թարգմանչական մրցանակին, 2005թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշաններին:

 

Մինչև իր կյանքի վերջը Կրկյաշարյանը հավատարիմ մնաց իր հայրենիքին, թեև իր բարեկամների, ազգակիցների մեծամասնությունը սփռված է աշխարհով մեկ՝ ընդհուպ մինչև Ավստրալիա և Արգենտինա, սակայն, նա մնաց, աշխատեց և ստեղծագործեց Հայաստանում՝ օգտագործելով նաև Աթենքում ստացած գիտելիքները, և իր սրտի խորքում չէր ընդունում Հայաստանը լքողներին: Փայլուն տիրապետելով հին հունարենին՝ նա թարգմանեց հունական աղբյուրները. Քսենոփոնի «Անաբասիսը», «Կյուրոպեդիան», Հերոդոտոսի «Պատմությունը»  և այլ գործեր, ինչպես նաև Հոմերոսի «Ոդիսականը»: Սոփոկլեսի «Անտիգոնեն» և «Իփիգենյան Ավլիսում» բեմադրվել են երկար ժամանակ հայկական թատերական բեմերից հենց նրա թարգմանության շնարհիվ: Ս. Կրկյաշարյանը կյանքից հեռացել է 2011թվականի հունվարի 5-ին՝ 88 տարեկան հասակում՝ անավարտ թողնելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Օմիրոս Մավրիդիսի «Ազնիվ» (Հայաստանից արմատախիլ արվածը Հունաստանում) վեպի թարգմանությունը՝ Եղեռնից մազապաուրծ եղած կնոջ պատմությունը: Հատկանշականն այն է, որ Ս. Կրկյաշարյանի մոր անունը ևս Ազնիվ էր, ով ծնունդով Ադանայից էր: Այս աշխատությամբ նա կարծես իր հարգանքի տուրքն էր մատուցում իր ծնողներին և Եղեռնից բոլոր փրկվածներին:

 

Աստված հոգիդ լուսավորի, մեծն վարպետ:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ