Քաղաքական - ՀԶՀ-ն ամփոփել է 2017 թվականը. էքսպոների արդյունքում օտարերկրյա մեծածախ գնորդների և մատակարարների հետ կնքվել են 5.1 Մլրդ ՀՀ դրամի արտահանման, 1.5 Մլրդ ՀՀ դրամի՝ ներդրումային պայմանագրեր

Այսօր, դեկտեմբերի 5-ին, ՀԲԸՄ Երևանի գրասենյակի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մամուլի ասուլիսը և հանդիպումը հանրության հետ, որի ընթացքում նա ամփոփեց անցնող 2017 թվականին իրենց կատարած գործունեության արդյունքները:

 

Այսպես, 2017 թվականին հիմնադրամում 3 գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել, առաջինը՝ փոփոխվել է ՀԶՀ մանդատը՝ ընդհանուր զարգացման հիմնադրամից դառնլով բիզնեսին ուղղված կառույց: Բացի այդ, ՀԶՀ գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, և երրորդ՝ ՀԶՀ ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով և հետսպասարկման ծառայությունով: ՀԶՀ աջակցությամբ սննդարդյունաբերության, ոսկերչության, թեթև արդյունաբերության, կոշիկի արտադրության, գինեգործության և այլ ոլորտների շուրջ 70 ընկերություն այս տարի մասնակցել են միջազգային ցուցահանդեսների: Արմեն Ավակ Ավակյանի խոսքով էքսպոների արդյունքում օտարերկրյա մեծածախ գնորդների և մատակարարների հետ կնքվել են 5.1 Մլրդ ՀՀ դրամի արտահանման պայմանագրեր, արդեն մշակված ու փաթեթավորված են 1.5 Մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագրեր: «WorldFood Moscow 2017»-ում մեր երկրի տաղավարը ճանաչվել է լավագույնը:

 

ՀԶՀ կառուցվածքում ստեղծված Հետներդրումային սպասարկման թիմը հասցեականորեն հարթել է 8 օտարերկրյա ու տեղական ներդրողների գործում ծագած խնդիրներ: Տարվա ընթացքում 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել, շուրջ 124.5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կամ ներդրումների ընդլայնում սկզբնական փուլում է: ՀԶՀ-ն այժմ ներկայացված է և արտահանման ու ներդրումների ներգրավման աշխատանքներ է տանում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպական երկրներում:

 

600-ից ավել B2B-ների, համաժողովների, գործարար առաքելությունների, ներդրումային քարոզարշավների միջոցով Հայաստանի զարգացման հիմնադրամը նոր գործարար կապերի հարթակ է ապահովել հայաստանյան հարյուրավոր ընկերությունների համար:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ