Ժամանց և շոու բիզնես - ԼԻԼԻԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ «ՄԻՍՍ ԱՇԽԱՐՀ»-ՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ. ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Ինչպես հայտնի է, Լիլի Սարգսյանն օրերս է վերադարձել Չինաստանի Սանյա քաղաքում տեղի ունեցած «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթից։ Հենց նա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց այդ հեղինակավոր մրցույթում։ Մրցույթի արդյունքների, Լիլիի ելույթի եւ հետագա ծրագրերի մասին Wnews.am-ը զրուցել է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ։

-Գոհար Լիլի Սարգսյանն օրեր առաջ վերադարձավ Չինաստանում տեղի ունեցած «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթից։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը։

-Առաջին տարվա համար նա շատ լավ է ներկայացել։ Ինչպես տեղեկացանք, նա ամենաերիտասարդ երկու մասնակիցներից մեկն էր։ Լիլիին շատ են սիրել, բոլորը սկսել են հետաքրքրվել մեր երկրով, այսինքն՝ Լիլիի ներկայացնելով նաեւ մեր երկիրն ենք ներկայացրել, ինչն էլ այս մրցույթին մասնակցելու գերնպատակն էր։ Որպես կազմակերպիչ կարող եմ ասել, որ  հաջորդ տարվա համար շտկելու բաներ ունենք։ Մենք այժմ բանակցում ենք «Միսս աշխարհ»-ի կազմկոմիտեի հետ, իրենք շատ են հավանել մեր ազգային մրցույթը, բայց, օրինակ, հաջորդ տարվա մասնակցին մրցույթ ուղարկելուց առաջ պետք է ավելի շատ ժամանակ ունենանք մեր մասնակցի եւ երկրի մասին որակյալ տեսանյութ պատրաստելու համար։

-Որպես միջազգային հեղինակավոր մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ  Լիլին բավարարու՞մ է բոլոր պահանջհերին։ Շատ է քննարկվում, որ նա լավ չի տիրապետում անգլերենի։

-Եթե հետեւենք մրցույթին մասնակցող 120 երկրների ներկայացուցիչներին, հստակ կարող եմ ասել, որ նրանցից շատերն անգլերեն չգիտեին։ Հետեւել եմ այլ միջազգային մրցույթներին, օրինակ՝ հեղինակավոր «Miss Grand International» մրցույթին, որն անգամ «Միսս տիեզերք»-ից բարձր վարկանիշ ունի, հաղթողը, ով Պեռուից էր, ընդհանրապես անգլերեն չէր խոսում եւ երբ վերջին հարցն ուղղեցին հաղթողին  նրա համար թարգմանում էին։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ հաղթողները չեն տիրապետում անգլերենի։ Իհարկե, ցանկալի է լեզուն իմանալ հաղորդակցվելու համար, պետք է չմոռանալ, որ գեղեցկության մրցույթներում հաշվի են առնում եւ’ ինտելեկտը, եւ’ խոսելը, բայց միեւնույնն է՝ արտաքինն առաջին տեղում է։

-Լիլիին այլ միջազգային մրցույթներ եւս ուղարկելու մտադրություն ունե՞ք։

-Լիլին փորձ ունի, բայց նաեւ շատ երիտասարդ է, այսինքն՝ միջազգային մրցույթներին ներկայանալու համար ինը տարի ժամանակ ունի։ Կարծում եմ նա հիմա էլ ավելի շատ իր վրա կաշխատի, քանի որ ավելի շատ է գիտակցում իր թերություններն ու առավելությունները։ Եթե ավելի շատ աշխատի իր վրա, հետագայում կարող է մասնակցել միջազգային մրցույթների։ Նա մոդելային արտաքին ունի եւ կարող է արտասահմանում աշխատել որպես մոդել, այդպիսով փորձ ձեռք բերել, ինքնակատարելագործվել։

-«Միսս աշխարհ»-ից վերադառնալուց հետո, ինչպե՞ս եք պատկերցնում Լիլիի հետ աշխատանքը որպես «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթի հաղթող։

-Ինչպես նշել էինք, նա կմասնակցի բարեգործական արշավներին, իսկ հետագայում կօգնի մայիսին նախատեսվող մրցույթի կազմակերպչական հարցերում։

-Խոսենք նաեւ գալիք մրցույթի մասին։ Ինչպե՞ս եք նախապատրաստվում դրան։

-Մեր գլխավոր նպատակը լավ մասնակիցներ ունենալն է։ Հայաստանի հանրությունը բավականին խստապահանջ է, բայց պետք է հաշվի առնել նաեւ ազգային առանձնահատկությունները։ Օրինակ՝ մենք չունենք ֆիտնես մշակույթ, մեր աղջիկները կարծում են, որ եթե նիհար են, մարզվելու կարիք չունեն, սակայն ողջ աշխարհում ուշադրություն է դարձվում մարզված ու ձիգ մարմիններին։  Երկրորդ՝ աղջիկները շատ քիչ են ժպտում, նրանք թախծոտ, մելանխոլիկ կերպարում են, բայց պետք է հասկանալ, որ միջազգային մրցույթներում ամենակարեւորը գեղեցիկ ժպիտ ունենալն է։ Երրորդ խնդիրը մեր փոքրաթիվ ազգաբնակչությունն է. օրինակ՝ Ռուսաստանում մեկ տարի նախընտրական փուլեր են տեղի ունենում, 75.000 մասնակցից ընտրում եզրափակչին մասնակցող 60 աղջիկներին, անգամ այդ պարագայում Ռուսաստանի հաղթողը «Միսս աշխարհ»-ի տասնյակում միայն հայտնվեց՝ չնայած շատ գեղեցիկ էր, դա էլ  հավանաբար մրցույթի քաղաքականացված լինելու պատճառով էր։ Մեր ազգային առանձնահատկություններից է նաեւ այն, որ շատ ընտանիքներում հայրերը, եղբայրները թույլ չեն տալիս, որ գեղեցիկ աղջիկները մասնակցեն մրցույթների։

-Շատ քննարկվեց, որ այս տարի «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթին շոուն այնքան էլ լավ կազմակերպված չէր, ի՞նչ դասեր քաղեցիք դրանից։

-Մեր եզրափակիչ շոոուն որքան էլ քննադատությունների ենթարկվեց, որպես ազգային մրցույթ լավ է գնահատվել  այն բոլոր մրցույթների կողմից, որոնց ուղարկել ենք մոտնաժված տեսաերիզը։ Թերությունների կողքին պետք է տեսնել նաեւ առավելությունները. լավ շոու ծրագիր էր, աղջիկների խորեոգրաֆիան ճիշտ էր բեմադրված եւ այլն։ Պետք չէ ասել, որ տաս աղջիկներից ինը հարցերին պատասխանեցին, մյուսը՝ ոչ, ուրեմն բոլոր աղջիկները կիրթ չէին։ Այս մրցույթը պրոֆեսիոնալների համար չէ, աղջիկներից շատերն առաջին անգամ էին բեմ բարձրանում եւ որոշակի կաշկանդվածություն կարող էր լինել անփորձության, ոչ թե խելքի պակասի պատճառով։

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ բոլոր այս քննադատությունները կազդե՞ն այն աղջիկների վրա, ովքեր մտադիր էին մասնակցել հաջորդ տարվա մրցույթին։

-Իհարկե, կլինեն աղջիկներ, ովքեր կվախենան, որ իրենց հասցեին քննադատություններ եւս կհնչեն։ Մյուս կողմից մենք գեղեցիկ աղջիկներից բազում նամակներ ենք ստանում, որտեղ ասվում է, որ իրենք շատ են ցանկանում մասնակցել հաջորդ տարվա մրցույթին։ Շատերն են երազում հայտնվել Լիլիի դերում եւ մեր երկիրը ներկայացնել «Միսս աշխարհ»-ում։

 

 

Աղբյուր՝  https://wnews.am/2017/11/22/gohar-10/#sthash.zlpLaca8.dpbs

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ